Այսօր նշվում է Հայաստանի մաքսային ծառայության ստեղծման 30-ամյա հոբելյանը: Այս առիթով ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասված է.«Հարգելի՛ մաքսային ծառայողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Հայաստանի մաքսային ծառայության ստեղծման 30-ամյա հոբելյանը լավ առիթ է խոսելու անցնող տարիների համակարգի ձեռքբերումներից եւ քննարկելու առկա մարտահրավերները: Մաքսային համակարգը զարգացող օրգանիզմ է, որը շարունակաբար հղկվել եւ կատարելագործվել է, արդիականացվել են ենթակառուցվածքները, պարզեցվել է վարչարարությունը, հետեւողականորեն բարձրացվել է քաղաքացիներին եւ տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների որակը: Զարգացման ճանապարհին մաքսային վարչարարության մի շարք գործընթացներ տեղափոխվել եւ շարունակաբար տեղափոխվելու են էլեկտրոնային հարթակներ՝ էապես դյուրացնելով պետություն-գործարար շփումները, առավելագույն հարմարավետություն ապահովելով նրանց ամենօրյա գործունեության համար, ինչպես նաեւ` պայքարելով կոռուպցիայի դեմ եւ նպաստելով մատուցվող ծառայությունների թափանցիկության բարձրացմանը:Միաժամանակ, միջազգային գործընկերների հետ հաստատվել է կառուցողական եւ արդյունավետ երկխոսություն: Կարեւոր է արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին համակարգի բարեփոխումներն իրականացվում են միջազգային գործընկերների ակտիվ ներգրավմամբ` աշխարհի լավագույն փորձի ուսումնասիրմամբ եւ ներդրմամբ, ինչպես նաեւ՝ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմամբ:Սակայն համակարգը չպետք է սահմանափակվի առկա ձեռքբերումներով: Առաջիկա տարիները բեկումնային են լինելու մեր երկրում նոր որակի մաքսային ծառայություն ունենալու տեսանկյունից: Այդ նպատակին է ծառայելու նոր չափանիշներին համապատասխանող մաքսային ծառայողների ընդունելության համակարգը: Խորհրդանշական է, որ կադրային լայնամասշտաբ բարեփոխումները համընկնելու են մաքսային ծառայության ստեղծման 30-ամյակին: Նոր տարում անհրաժեշտ է ընդգծված ուշադրություն դարձնել մաքսային վարչարարության բարելավմանը, սահմանահատման գործընթացի սահուն կազմակերպմանը եւ սպասարկման որակի շեշտակի բարձրացմանը՝ միաժամանակ կարեւորելով իրավախախտումների դեմ պայքարը:Հարգելի՛ մաքսային ծառայողներ, ձեր ամենօրյա աշխատանքով դուք իրականացնում եք չափազանց կարեւոր առաքելություն՝ ապահովելով Հայաստանի տնտեսական սահմանների անվտանգությունը: Մասնագիտական բարձր որակներ ունեցող եւ պատասխանատու մաքսային ծառայողների ամենօրյա սրտացավ աշխատանքով կերտվելու է համակարգի գալիք տարիների պատմությունը: Համոզված եմ, որ այն լինելու է ձեռքբերումներով հագեցած: Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ անսպառ եռանդ՝ ի նպաստ մեր պետության առաջընթացի»: Tweet Դիտում՝ 2272