Ավելի մրցունակ ԱՄՆ. Բայդենը ստորագրել է պատմական օրինագիծը

16.11.2021 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #Բայդեն #ենթակառուցվածքներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին ստորագրել է երկրի ենթակառուցվածքների զարգացման համար $1.2 տրիլիոնի ներդրումներ նախատեսող օրինագիծը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նոյեմբերի սկզբին ծրագիրը հաստատվել էր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից։ Օգոստոսին նախաձեռնությունը հավանության էր արժանացրել նաեւ Սենատը։

Փաստաթուղթը ստորագրելուց առաջ Բայդենն ընդգծել է, որ օրինագծի հաստատումը վկայում է «դեմոկրատների եւ հանրապետականների՝ միասին գործելու եւ հաջողության հասնելու կարողության մասին»։ «Այս օրենքը նախատեսում է ճանապարհների եւ կամուրջների կառուցման ոլորտում վերջին 70 տարվա ընթացքում ամենանշանակալի ներդրումները, այն ենթադրում է վերջին 50 տարում ամենանշանակալի ներդրումները մարդատար երկաթուղային տրանսպորտում»,- ասել է նախագահը։



Բայդենը պարզաբանել է, որ ԱՄՆ-ը նախկինում սկսել էր կորցնել իր մրցակցային առավելությունը ենթակառուցվածքի ծախսերի կրճատման պատճառով: «Չինաստանը եւ մնացած երկրները հասնում են մեզ»,- զգուշացրել է նա: Նախագահի խոսքով՝ ամերիկյան ենթակառուցվածքն արդեն չի համարվում լավագույնն աշխարհում։ «Սա կփոխվի»,- վստահեցրել է նախագահը։

Ինչպես ընդգծել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը, այս ծրագրի իրականացումը «երկիրն ավելի մրցունակ կդարձնի» եւ կօգնի պայքարել կլիմայի փոփոխության դեմ։
Դիտում՝ 3982

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW