Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները կշարունակեն աջակցություն ստանալ պետությունից

24.06.2021 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարություն #զբոսաշրջություն #աջակցություն
Զբոսաշրջության առանձին ոլորտներում գործունեություն իրականացնող ձեռնարկատերերը կշարունակեն աջակցություն ստանալ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում։

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է փոփոխություններ եւ լրացումներ կատարել 23-րդ միջոցառման մեջ։ Որոշումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ստեղծված իրավիճակում տնտեսավարողները դեռեւս կարիք ունեն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, արդյունավետ աշխատատեղերը, ինչպես նաեւ առկա գիտելիքի համակարգերը պահպանելու նպատակով։

Որոշման համաձայն՝ նախատեսվում է 2021թ. ապրիլից հունիս ամիսը ներառյալ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում շարունակել ամսական դրամաշնորհի տրամադրումը ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչեւ 2020թ. մարտի 31-ը:

«Շահառուները միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում պետք է ունենան առնվազն 3 աշխատող, չհանդիսանան կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 25-րդ միջոցառման շահառու, 2020թ. առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որեւէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի եւ (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50%-ը պետք է վերաբերի կացության կազմակերպման, զբոսաշրջային գործակալությունների եւ օպերատորների գործունեության, տեղերի ամրագրման եւ զբոսաշրջային ոլորտի այլ ծառայությունների ոլորտներին»,- նշված է Կառավարության հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 634
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW