Coursera կրթական հարթակը IPO-ի արդյունքում $519 մլն է ներգրավել

02.04.2021 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Coursera #IPO
Ամերիկյան Coursera կրթական հարթակը մարտի 30-ին անցկացրել է բաժնետոմսերի նախնական տեղաբաշխում․ IPO-ի ընթացքում մեկ արժեթղթի գինը կազմել է $33, որը նախապես հայտարարված $30-33 միջակայքի վերին սահմանն է մեկ բաժնետոմսի համար։

Ինչպես հայտնում է Rusbase-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը, տեղաբաշխման արդյունքում ընկերությունը գնահատվել է $4,3 մլրդ: Հաշվի առնելով աշխատակիցների համար բաժնետոմսերի օպցիոնները եւ սահմանափակ հասանելիությամբ բաժնետոմսերը՝ Coursera-ի կապիտալիզացիան կկազմի ավելի քան $5,4 մլրդ:

Ընդհանուր առմամբ, ներդրողները ձեռք են բերել 15,73 մլն բաժնետոմս: Սա հավասար է ընկերության կապիտալի 12,1% բաժնեմասին: Դրանցից 14,66 մլն բաժնետոմսերը՝ նոր թողարկում են, իսկ 1,07 միլիոնը՝ գործող բաժնետերերի բաժնետոմսերն են: Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է $519 մլն:

IPO-ի տեղաբաշխողների շարքում  հանդես է եկել 13 ֆինանսական հաստատություն: Դրանց թվում են՝ Citigroup-ը, Goldman Sachs-ը, Morgan Stanley-ն ու UBS-ը: Նրանք ստացել են 2.36 մլն բաժնետոմսի օպցիոն: Եթե բանկերը կատարեն օպցիոնը, ապա ազատ շրջանառության մեջ եղած բաժնետոմսերի թիվը կավելանա մինչեւ 18.09 մլն։

Համաձայն IPO-ի ազդագրի՝ Coursera-ն մտադիր է ստացված միջոցներն ուղղել շրջանառու կապիտալի համալրմանը, մարքեթինգին, հետազոտություններին, կապիտալ եւ վարչական ծախսերին: Օրինակ՝ աշխատակիցների աշխատավարձի համար, որոնց թիվը 2020-ին 512-ից հասավ 779-ի:

Բացի այդ, ընկերությունը նախատեսում է ձեռք բերել լրացուցիչ բիզնեսներ, ծառայություններ կամ տեխնոլոգիաներ:

Coursera-ն հիմնադրվել է 2012 թվականին՝ Սթենֆորդի համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետի պրոֆեսորներ Դաֆնա Կոլլերի եւ Էնդրյու Նգի կողմից:

Հարթակում կարելի է անցնել առցանց դասընթացներ, բարձրացնել որակավորումը կամ ստանալ բարձրագույն կրթություն: Հարթակը համագործակցում է ավելի քան 200 համալսարանների եւ ընկերությունների հետ: 2020-ի վերջի դրությամբ Coursera-ում գրանցված էր շուրջ 77 միլիոն ուսանող:

Ընկերության եկամուտն անցած տարի կազմել է $294 մլն, այդ թվում՝ համավարակի ընթացքում առցանց կրթության կտրուկ աճի շնորհիվ․ այս ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 60%-ով: Միաժամանակ, Coursera-ի վնասը $46,7 միլիոնից հասել է $66,8 միլիոնի։
Դիտում՝ 3614
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW