«Յանդեքս»-ը պատրաստվում է բանկ գնել

14.03.2021 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Յանդեքս» #«Ակրոպոլ» բանկ
Օլեգ Տինկովի հետ գործարքի ձախողումից հետո «Յանդեքս»-ը որոշել է սեփական բանկ գնել․ ընկերությունը բանակցություններ է վարում ոչ մեծ «Ակրոպոլ» բանկի ձեռքբերման շուրջ։

Ինչպես հաղորդում է The Bell-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, գործարքն արդեն գտնվում է due diligence-ի փուլում, եւ մոտակա օրերին ընկերությունն ու բանկը պատրաստվում են առքուվաճառքի պայմանագիր կնքել։   

«Ակրոպոլ» բանկի սեփականատեր Եվգենի Դավիդովիչը հրաժարվել է մեկնաբանություններից: Իսկ «Յանդեքս»-ի ներկայացուցիչը տեղեկացրել է The Bell-ին, որ ընկերությանը «հետաքրքրում է բանկային լիցենզիայի ստացումը»։ «Մենք դիտարկում ենք հնարավոր բոլոր տարբերակները»,- հավելել է նա:

Կողմերը չեն բացահայտում հնարավոր գործարքի գումարը: Այսօրվա դրությամբ «Ակրոպոլ» բանկի կապիտալը 1 մլրդ ռուբլուց մի փոքր ավել է: Բանկի ակտիվները գնահատվում են 1,24 մլրդ ռուբլի: 2020թ․ արդյունքներով բանկը 82 մլն ռուբլու վնաս է կրել:

Զրուցակիցներից մեկի խոսքով՝ իրականում Yandex-ը գնում է ոչ թե լիարժեք բանկ, այլ բանկային լիցենզիա: Ընկերությունը չի նախատեսում մասնաճյուղեր բացել կամ վարկեր տրամադրել:

«Ընկերությունը «վառվել է» Օլեգ Տինկովի հետ գործարքի վրա եւ սկզբունքային որոշում է ընդունել ինքնուրույն զարգացնել ֆինտեխը։ Դրա համար իրեն գործնականում դատարկ լիցենզիա է անհրաժեշտ»,- ասել է մեկ այլ աղբյուր։



Փետրվարին նմանատիպ գործարք էր կնքել Wildberries առցանց ռիթեյլերի հիմնական սեփականատեր Տատյանա Բակալչուկը՝ դառնալով «Ստանդարտ-կրեդիտ» բանկի 100% բաժնետոմսերի սեփականատեր։

Դեռեւս պարզ չէ, թե ինչ է անելու «Յանդեքս»-ը «Ակրոպոլ» բանկը գնելուց հետո. «ընկերությունը չունի պատրաստի թիմ, որն ի վիճակի է զրոյից զարգացնել սեփական ֆինտեխը»,- ասել է բանկային շուկայում The Bell-ի մեկ այլ աղբյուր:



Banks.am-ը հիշեցնում է, որ օրերս «Յանդեքս»-ը հայտարարել էր Yandex Pay անկանխիկ վճարումների ծառայության գործարկման մասին․ այսուհետ այն կարող է օգտագործվել հաշվարկների համար «Յանդեքս»-ում օգտահաշիվներ ունեցողների եւ համացանցում բիզնեսով զբաղվող ընկերությունների կողմից:

««Յանդեքս»-ի ծառայություններում վաղուց էր հնարավոր վճարել պատվերների համար: Երբ մարդիկ սնունդ կամ տաքսի են պատվիրում, նրանք օգտագործում են «Յանդեքս»-ի տեխնոլոգիաները, որոնք արդեն ստուգվել են ժամանակի ընթացքում: Հիմա մենք պատրաստ ենք շուկայի մյուս մասնակիցներին եւս առաջարկել այս մշակումը: Ցանկացած ընկերություն կարող է իր կայքում տեղադրել Yandex Pay կոճակը»,- պարզաբանել էր ծառայության ղեկավար Ալեքսանդր Գոլովինը:
Դիտում՝ 5943
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW