Բիլ Գեյթսին այլեւս հետաքրքիր չեն Alibaba-ի եւ Uber-ի բաժնետոմսերը

22.02.2021 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիլ Գեյթս #բաժնետոմսեր #Bill & Melinda Gates Foundation

Բիլ եւ Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը (Bill & Melinda Gates Foundation) վաճառել է Alibaba-ի եւ Uber-ի իր բոլոր բաժնետոմսերը: Միաժամանակ, հիմնադրամն ավելացրել է իր մասնաբաժինը միայն Schrodinger medtech ընկերությունում, հաղորդում է Rusbase-ը:

Ըստ ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովին ներկայացված տեղեկատվության՝ բացի Alibaba-ի եւ Uber-ի արժեթղթերից, Գեյթսի ներդրումային պորտֆելը զրկվել է նաեւ Boston Properties անշարժ գույքի ֆոնդի ակտիվներից:

Alibaba-ի դեպոզիտար անդորրագրերի փաթեթը վաճառելու արդյունքում հիմնադրամը ստացել է $128,5 մլն։ Չինական ընկերության բաժնետոմսերը տնօրինելու ողջ ընթացքում Գեյթսերը վաստակել են $21,1 մլն: Նրանք վաճառել են նաեւ Apple-ի բաժնետոմսերի կեսը՝ ընկերության բաժնետոմսերի քանակը 2 միլիոնից հասցնելով 1 միլիոնի: Բացի այդ, 2 անգամ կրճատվել է նաեւ Amazon-ի եւ Alphabet-ի արժեթղթերի քանակը:



Նվազեցվել են նաեւ մասնաբաժինները Liberty Latin America հեռահաղորդակցության ընկերությունում, Berkshire Hathaway ներդրումային ընկերությունում եւ China Metro-Rural Holdings շինարարական  եւ լոգիստիկական հոլդինգում:

Միակ տեղը, որտեղ Գեյթսերի հիմնադրամն ավելացրել է իր մասնակցությունը, դարձել է Schrodinger բժշկական կենսաբանական ընկերությունը: Բաժնետոմսերի աճն այստեղ կազմել է 40%, արժեթղթերի քանակն ավելացել մինչեւ 6,98 մլն բաժնետոմս:



Schrodinger-ն արտադրում է բժշկական ծրագրային ապահովում 1990 թվականից: Ընկերությունը նշում է, որ համագործակցում է 20 խոշորագույն դեղագործական ընկերությունների հետ: Բացի այդ, ըստ Forbes-ի, ընկերության մշակումներն օգտագործվում են աշխարհի 1250 ակադեմիական հաստատություններում:

2020թ. փետրվարին Schrodinger-ը Nasdaq-ուն նախնական հրապարակային առաջարկի միջոցով ներգրավեց $232 մլն: IPO-ի ընթացքում ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը $17 էր: 2020-ի ավարտին այն հասավ $79-ի`ավելանալով 464%-ով: Այս տարվա փետրվարի 19-ի առեւտրի փակման պահին մեկ բաժնետոմսի արժեքը կազմեց $105,03:

Դիտում՝ 3202
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW