Բիլ եւ Մելինդա Գեյթսերի բաժնետոմսերի լավագույն տասնյակը

07.02.2021 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիլ Գեյթս #Մելինդա Գեյթս #բաժնետոմսեր
Բիլ Գեյթսը հիմնադրել է Microsoft-ը 1975թ.-ին՝ Փոլ Ալենի հետ: Սակայն նա աստիճանաբար հեռացավ ընկերության կառավարումից: 2014-ին Գեյթսը թողեց ՏՏ հսկայի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը, իսկ 2020-ի մարտին վերջնականապես լքեց խորհուրդը: Բացի այդ, Գեյթսը վաճառեց Microsoft-ի իր մասնաբաժնի մեծ մասն ու ուղղեց այն բարեգործական նպատակներին։ Այսօր նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի շուրջ 1,3%-ը:

Forbes-ը Գեյթսի կարողությունը գնահատում է ավելի քան $122 մլրդ (4-րդ տեղը վարկանիշում), իսկ Bloomberg-ի վարկածով՝ Գեյթսի կարողությունը կազմում է 135 մլրդ (3-րդ տեղը վարկանիշում)։

Իր կնոջ՝ Մելինդայի հետ միասին, Բիլ Գեյթսը ղեկավարում է խոշորագույն մասնավոր բարեգործական հիմնադրամներից մեկը՝ Bill & Melinda Gates Foundation-ը: Այն ստեղծվել է 2000 թվականին: Այդ ժամանակից ի վեր Բիլն ու Մելինդան մեծ գումարներ են ծախսում աղքատության հաղթահարման, կրթության եւ առողջապահության վրա: Մասնավորապես, հիմնադրամը $100 մլն է հատկացրել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին:



Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից է նաեւ հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը: Գեյթսը հանդիսանում էր Բաֆեթի Berkshire Hathaway ներդրումային հոլդինգի խորհրդի անդամ, սակայն նա այնտեղից էլ հեռացավ: 2006 թվականին Բաֆեթը նամակ գրեց Գեյթս ամուսիններին, որում խոստացավ ամեն տարի փոխանցել իրենց հիմնադրամին իր հոլդինգի բաժնետոմսերը։ Ընդհանուր առմամբ, նա խոստացավ նվիրել Berkshire Hathaway-ի 10 միլիոն բաժնետոմս. այն ժամանակ բաժնետոմսերի այդ քանակն արժեր $31 մլրդ: Նամակում Բաֆեթն ասում էր, որ արժեթղթերը կփոխանցի այն պայմանով, որ Գեյթսերից գոնե մեկը կենդանի լինի եւ ակտիվորեն զբաղվի հիմնադրամի գործերով:



Գեյթսերի հիմնադրամը բաժնետոմսեր ունի այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Alphabet-ը եւ Twitter-ը: Այնուամենայնիվ, այս արժեթղթերը իրենց պորտֆելի լավագույն տասնյակում չեն: Bill & Melinda Gates Foundation-ի բաժնետոմսերի գլխավոր տասնյակը կազմում է հիմնադրամի պորտֆելի արժեքի մոտ 93%-ը: Ո՞ր ընկերություններն է նախընտրում միլիարդատերը: RBC-ն ներկայացրել է լավագույն տասնյակը։

1․ Berkshire Hathaway՝ ավելի քան 47 մլն բաժնետոմս պորտֆելում

Ակտիվի արժեքի առումով առաջին տեղը Bill & Melinda Gates Foundation-ի պորտֆելում զբաղեցնում է Բաֆեթի ներդրումային հոլդինգը: Berkshire Hathaway-ի պատմությունը սկիզբ է առել Մասաչուսեթսի երկու տեքստիլ գործարաններից, որոնք միաձուլվեցին 1929 թվականին:



Իր ներկայիս անվանումը հոլդինգը ստացել է 1955 թվականին: Բաֆեթը բաժնետոմսեր էր գնում թերագնահատված ընկերություններում եւ այդպիսով բիզնեսներ էր ձեռք բերում: Աստիճանաբար Berkshire Hathaway-ը սկսեց կառավարել տնտեսության տարբեր ճյուղերի բազմաթիվ դուստր ընկերություններ տնտեսության տարբեր ոլորտներից՝ ֆինանսներ, ապահովագրություն, արտադրություն, ծառայություններ եւ այլն: Բացի այդ, հոլդինգը սկսեց ներդրումներ կատարել ընկերություններում: Հոլդինգի պորտֆելը ներառում է Apple-ի, Coca-Cola-ի, Bank of America- ի եւ այլ թողարկողների արժեթղթեր:



Bill & Melinda Gates Foundation-ին են պատկանում B դասի բաժնետոմսերը: Berkshire Hathaway-ի արժեթղթերի փաթեթը հիմնադրամում սեպտեմբերի վերջից մինչեւ հունվարի վերջ թանկացավ $703 միլիոնով: Անցած տարվա երրորդ եռամսյակում Գեյթսերի հիմնադրամում հոլդինգի բաժնետոմսերի քանակն ավելացավ ավելի քան 7 միլիոնով:
Այնուամենայնիվ, սեպտեմբերից մինչեւ հունվար Berkshire Hathaway-ի բաժնետոմսերի արժեքն աճել է ընդամենը 7%-ով, իսկ 2020-ի սկզբից՝ միայն 0,6%-ով:

2․ Waste Management՝ ավելի քան 18,6 մլն բաժնետոմս պորտֆելում

Bill & Melinda Gates Foundation-ի պորտֆելի երկրորդ տեղում են կոշտ թափոնների հավաքման, տեսակավորման, վերամշակման եւ վերացման ԱՄՆ խոշորագույն Waste Management ընկերության բաժնետոմսերը։

Այս ընկերության պատմությունը սկիզբ է առնում 19-րդ դարի վերջից: 1893 թվականին հոլանդացի ներգաղթյալ Հարմ Հայզենգան փոքր վարձատրության դիմաց սկսեց աղբ հավաքել Չիկագոյում: Հետագայում բիզնեսը զարգացավ, եւ նրա թոռը՝ Ուեյն Հայզենգան, միլիարդատեր դարձավ:



Ընկերության բաժնետոմսերը 2020-ի վերջից էժանացել են 2,3%-ով, իսկ սեպտեմբերի վերջից՝ 1,6%-ով: Եթե Գեյթսերի հիմնադրամի պորտֆելում արժեթղթերի քանակը չի փոխվել, ապա այս ակտիվի արժեքը նվազել է ավելի քան $344,7 միլիոնով:

3. Caterpillar՝ շուրջ 11,3 մլն բաժնետոմս պորտֆելում

Ամերիկյան այս ընկերությունը հատուկ սարքավորումների արտադրության առաջատարներից է համաշխարհային շուկայում: Caterpillar-ի հիմնադիրներից մեկը՝ Բենիամին Հոլտը, 1904 թվականին հայտնագործեց առաջին թրթուրով տրակտորը: Ընկերության անվանումն անգլերենից թարգմանվում է որպես «թրթուր»:



Այսօր այն արտադրում է շինարարական եւ լեռնահանքային սարքավորումներ, արդյունաբերական տուրբիններ, շարժիչներ եւ բանվորական հագուստ ու կոշկեղեն:

2020-ի սկզբից ընկերության բաժնետոմսերն աճել են 23,81%-ով: Միաժամանակ, սեպտեմբերի վերջից դրանց աճը կազմել է գրեթե 22,6%: Երրորդ եռամսյակից ի վեր Caterpillar-ի արժեթղթերի փաթեթի արժեքը հիմնադրամի պորտֆելում աճել է գրեթե $380 միլիոնով (եթե ընդունենք, որ բաժնետոմսերի քանակը չի փոխվել պորտֆելում):

4․ Canadian National Railway՝ ավելի քան 17 մլն բաժնետոմս պորտֆելում

Հյուսիսային Ամերիկայում ընկերության ամենամեծ երկաթուղային ցանցը ներառում է  Կանադան եւ ԱՄՆ-ն: Երկաթգծի երկարությունը կազմում է ավելի քան 30 հազ․ կմ: Canadian National Railway-ի գնացքները կարող են ձեզ տեղափոխել մինչեւ Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսների ափեր, ինչպես նաեւ Մեքսիկական ծոց: 2019-ին ընկերությունը նշեց իր հարյուրամյակը:



2020-ի սկզբից մինչեւ այս տարվա հունվարի վերջ ընկերության բաժնետոմսերն աճել են 11,85%-ով: Այնուամենայնիվ, սեպտեմբերի վերջից դրանց գինը նվազել է գրեթե 5%-ով, եւ ակտիվի արժեքը Գեյթսերի հիմնադրամի պորտֆելում ընկել է $90,6 միլիոնով: Bill & Melinda Gates Foundation-ը տիրապետում է երկաթուղային ընկերության արժեթղթերին 2002-ից ի վեր:

5․ Walmart՝ 11,6 մլն բաժնետոմս պորտֆելում

Walmart-ի առաջին խանութը բացվել է Արկանզասում 1962 թվականին: Այն հիմնել է Սեմ Ուոլթոնը՝ ապագայում աշխարհի ամենամեծ մեծածախ եւ մանրածախ ցանցի հիմնադիրը: Ընկերությունը բորսա դուրս եկավ 1970 թվականին: Այն ժամանակ Walmart-ի բաժնետոմսերը գնում էին 16,5 դոլարով:

Այդ ժամանակվանից ցանցն ընդլայնվել է մինչեւ 11,4 հազ․ խանութ, որոնք գործում են ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ աշխարհի 26 երկրում: Բացի այդ, ընկերությունը մատուցում է ֆինանսական ծառայություններ եւ ունի հագուստի ապրանքանիշեր: 2020 ֆինանսական տարում Walmart-ի եկամուտը կազմել է $524 մլրդ:



2020-ի սկզբից մինչեւ 2021 թվականի հունվարի վերջ ընկերության բաժնետոմսերի գինն աճել է 18,22%-ով: Վերջին չորս ամիսների ընթացքում Գեյթսերի հիմնադրամին պատկանող ընկերության փաթեթը թանկացավ $67,3 միլիոնով:

6. Ecolab՝ ավելի քան 4 մլն բաժնետոմս պորտֆելում

Ընկերության պատմությունը սկսվում է XX դարի 20-ականներից: Մերիթ Օսբորնը հիմնադրեց մի ընկերություն, որն ընդամենը երկու աշխատակից ուներ: Այն ժամանակ ընկերությունը վաճառում էր միայն մեկ ապրանքատեսակ՝ Absorbit գորգերի մաքրիչ:

1924 թվականին գործարարը քիմիկոս ուսանողից գնեց չփրփրող մաքրող միջոցի բաղադրությունը: Այն սկսեց օգտագործվել աման լվացող մեքենաների համար. դրանք հայտնվեցին ռեստորաններում: Soilax միջոցը փոխում էր գույնը` կախված նրանից, թե որքանով ճիշտ համամասնությամբ է խառնվել ջրի մեջ: Եթե ամեն ինչ լավ էր, ապա այն վարդագույնից դառնում էր կանաչ, իսկ եթե խախտվում էին համամասնությունները, ապա՝ դեղին:



Գրեթե մեկ դար անց Ecolab-ը շարունակում է ռեստորաններին մատակարարել լվացող միջոցներ եւ ախտահանիչներ: Ecolab-ի արտադրանքից են օգտվում նաեւ հյուրանոցները, հիվանդանոցները, քիմմաքրման ծառայությունները, խանութները, համալսարանները, գրասենյակները եւ այլն:

Անցած տարվա սկզբից Ecolab-ի բաժնետոմսերը շատ տպավորիչ աճ չեն գրանցել՝ մոտ 6%: Իսկ սեպտեմբերի վերջից աճել են 2,3%-ով: Եթե Գեյթսերի հիմնադրամի պորտֆելում արժեթղթերի քանակը չի փոխվել, ապա հունվարի վերջին դրանց արժեքն աճել է $20 միլիոնով:

7․ Crown Castle International՝ ավելի քան 5 մլն բաժնետոմս պորտֆելում

Crown Castle International-ն անլար կապի ամենախոշոր մատակարարն է ԱՄՆ-ում: Ընկերությունն ունի ավելի քան 40 հազ․ աշտարակ եւ մոտ 70 հազ․ բջջային կապի փոքր կայան, տեղադրել է գրեթե 130 հազ․ կմ օպտիկամալուխային ցանց: Բացի այդ, ընկերությունը զարգացնում է 5G տեխնոլոգիան: 2020-ին Crown Castle International-ն առաջին անգամ ընդգրկվեց Fortune 500 վարկանիշում։



2020-ի վերջից ընկերության բաժնետոմսերն աճեցին 12%-ով: Սակայն հունվարի վերջին արժեթղթերի արժեքը 4,35%-ով ցածր էր սեպտեմբերի վերջի գնանշումներից: Գեյթսերի հիմնադրամում բաժնետոմսերի փաթեթն էժանացավ $38,6 միլիոնով:

8․ FedEx՝ ավելի քան 3 մլն բաժնետոմս պորտֆելում

Ամերիկյան լոգիստիկ ընկերությունը արագ առաքման ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում։ Այն բեռներ եւ ծանրոցներ է տեղափոխում ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ճանապարհով:

Ընկերության հիմնադիր Ֆրեդերիկ Սմիթը Յեյլի համալսարանում ուսանելիս գրեց լոգիստիկ խնդիրներին վերաբերող կուրսային աշխատանք, որում պնդեց, որ ապրանքներ առաքելու համար ուղեւորային չվերթներն օգտագործելը տնտեսապես անիմաստ է: Եվ նա առաջարկեց իր գաղափարները, թե ինչպես փոխել իրավիճակը:



Ութ տարի անց՝ 1973-ին, նրա Federal Express ընկերությունը առաքեց իր առաջին բեռները: Թիմն աշխատում էր գիշերները եւ օգտագործում սեփական ինքնաթիռները: Իսկ տաս տարի անց ընկերության եկամուտը հասավ $1 միլիարդի: 2020 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում այն կազմեց $20,6 մլրդ`19%-ով ավելին, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Բացի այդ, FedEx-ը տեղափոխում է կորոնավիրուսի պատվաստանյութեր Pfizer, BioNTech, ինչպես նաեւ Moderna ընկերություններից:

2020 թվականի սկզբից FedEx-ի բաժնետոմսերն աճել են 55,6%-ով: Այնուամենայնիվ, հունվարի վերջին ընկերության արժեթղթերն արժեին 6,4%-ով ավելի քիչ, քան նախորդ տարվա սեպտեմբերին: Եթե ընդունենք, որ Bill & Melinda Gates Foundation-ի պորտֆելում արժեթղթերի քանակը չի փոխվել, ապա սեպտեմբերի վերջից բաժնետոմսերի փաթեթի արժեքը նվազել է գրեթե $49 միլիոնով:

9. United Parcel Service` 4,5 մլն բաժնետոմս պորտֆելում

United Parcel Service-ը (UPS) ամերիկյան էքսպրես առաքման ծառայություն է եւ FedEx-ի վաղեմի մրցակից: Այն նույնպես առաքում է բեռներ եւ ծանրոցներ ամբողջ աշխարհում: 1907 թվականին Ջիմ Քեյսին եւ Կլոդ Ռայանը $100 պարտք վերցրեցին եւ հիմնադրեցին առաքմամբ զբաղվող American Messenger Company-ն, իսկ 12 տարի անց նրանք տվեցին ընկերությանն այն անվանումը, որը մինչ օրս կրում է:

1929 թվականին UPS-ը բեռներ տեղափոխելու համար սկսեց օգտագործել մասնավոր ավիաընկերություններ: Իսկ սեփական փոխադրող ստեղծեց գրեթե 60 տարի անց:



2020-ի չորրորդ եռամսյակում ընկերության հասույթը կազմել է ավելի քան $ 15,7 մլրդ, ինչը 17,4%-ով գերազանցում է 2019-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Բացի այդ, UPS-ը սկսել է առաքել կորոնավիրուսի պատվաստանյութեր, ինչպես եւ FedEx-ը:

Չնայած, որ 2020-ի սկզբից ընկերության բաժնետոմսերն աճեցին 32,4%-ով, այնուամենայնիվ հունվարի վերջին դրանք 7%-ով ավելի ցածր գնով էին վաճառվում, քան սեպտեմբերի վերջի գնանշումներն էին։ Ակտիվի արժեքը Գեյթսերի հիմնադրամի պորտֆելում երրորդ եռամսյակից նվազեց $52,6 միլիոնով:

10. Coca-Cola FEMSA՝ ավելի քան 6 մլն բաժնետոմս պորտֆելում

Տարբեր երկրներում Coca-Cola-ն պայմանագրեր է կնքում տեղական ընկերությունների հետ, որոնք իր համար խմիչք են պատրաստում, շշալցնում ու վաճառում: Մեքսիկական FEMSA-ի դուստր ձեռնարկությունն այդպիսի արտադրողներից մեկն է, եւ, բացի այդ, աշխարհում ամենամեծը վաճառքների ծավալով: Այն աշխատում է ոչ միայն Մեքսիկայում, այլեւ Բրազիլիայում եւ Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի մյուս երկրներում:



Երրորդ եռամսյակում Coca-Cola FEMSA-ն Գեյթսերի հիմնադրամի Թոփ-10 բաժնետոմսերից դուրս մղեց Schrodinger-ին։ Վերջինս մշակում է ծրագրային ապահովում, որն օգնում է որոնել նոր դեղամիջոցների համար մոլեկուլներ:

Անցած տարվա սկզբից մինչեւ ս․թ․ հունվար Coca-Cola FEMSA-ի բաժնետոմսերը կտրուկ անկում ապրեցին`28%-ով: Այնուամենայնիվ, սեպտեմբերի վերջից դրանք աճեցին գրեթե 7%-ով, եւ արդյունքում Գեյթսերի հիմնադրամում բաժնետոմսերի փաթեթն աճեց $17,5 միլիոնով (եթե ընդունենք, որ արժեթղթերի քանակը չի փոխվել):

Ուորեն Բաֆեթի բաժնետոմսերի լավագույն տասնյակը հասանելի է այս հղումով։
Դիտում՝ 3301
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW