Ուորեն Բաֆեթի բաժնետոմսերի լավագույն տասնյակը

31.01.2021 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուորեն Բաֆեթ #բաժնետոմսեր

Հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթն իր առաջին բաժնետոմսը գնեց 11 տարեկանում, եւ այդ տարիքից էլ սկսեց հասկանալ հաշվապահական հաշվառման հիմունքները՝ փող վաստակելով թերթեր առաքելով եւ մաստակ ու Coca-Cola վաճառելով: Եվ սա այն պարագայում, որ նրա հայրը կոնգրեսական էր, եւ Ուորենը կարող էր բոլորովին այլ ճանապարհով գնալ:


Հետագայում նա դարձավ աշխարհի ամենահայտնի ներդրողներից մեկը եւ ստացավ «Օմահայի գուշակ» մականունը՝ բաժնետոմսերի աճը կանխատեսելու ունակության համար: Նրա Berkshire Hathaway ընկերությունը ժամանակին զբաղվում էր տեքստիլով, սակայն հետագայում դարձավ Fortune 500-ի տասնյակի ամենախոշոր ներդրումային հոլդինգներից մեկը:

Բաֆեթը հավատում է, որ բաժնետոմսերը պետք է երկար ժամանակով գնել եւ կենտրոնանալ բիզնեսի վրա, այսինքն՝ ընտրել որակյալ ընկերություններ, այլ չնայել գների գծապատկերներին: Նա խորհուրդ է տալիս ներդրումներ չանել այն բիզնեսի մեջ, որից դուք գլուխ չեք հանում։

RBC-ն ներկայացրել է Թոփ-10 բաժնետոմսերը, որոնք կազմում են Ուորեն Բաֆեթի պորտֆելի ընդհանուր արժեքի ավելի քան 87%-ը:

1․ Apple` ավելի քան 944 մլն բաժնետոմս պորտֆելում

Բաֆեթի պորտֆելի շուրջ 50%-ը զբաղեցնում են տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը: Berkshire Hathaway-ի պորտֆելում ամենախոշոր ակտիվը՝ Apple IT հսկան է։
Երրորդ եռամսյակում ընկերության արժեթղթերն աճել են 27%-ով, իսկ 2020-ի սկզբից՝ 95%-ով:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ, Berkshire-ի պորտֆելում Apple-ի փաթեթը գնահատվում էր  $109,36 մլրդ: Եթե ենթադրենք, որ այս ընթացքում արժեթղթերի քանակը չի փոխվել, ապա 2021թ․ հունվարի 26-ի դրությամբ այն ավելացավ $25,8 մլրդ-ով` մինչեւ $135 մլրդ։


Սակայն երրորդ եռամսյակում Berkshire Hathaway-ը կրճատեց Apple-ի բաժնետոմսերի մասնաբաժինը իր պորտֆելում՝ 36,3 մլն արժեթղթով: Ենթադրենք, որ հոլդինգը բաժնետոմսերը վաճառեց այդ ժամանակահատվածի համար ամենացածր գնով․ այդ դեպքում հոլդինգը վաստակել է $3,3 մլրդ, իսկ առավելագույն գնի պարագայում կարող էր գրեթե $5 մլրդ վաստակել:

2․ Bank of America՝ ավելի քան 1 մլրդ բաժնետոմս պորտֆելում

Berkshire Hathaway-ի երկրորդ ամենամեծ ակտիվը Bank of America ֆինանսական հոլդինգի բաժնետոմսերն են: Ֆինանսական հաստատությունների շարքում, որոնք ներկայացված են Բաֆեթի ընկերության պորտֆելում, այն ունի ամենամեծ կշիռը:

Բանկի բաժնետոմսերի գինն ընկնում էր դեռ փետրվարի վերջին՝ մարտի ընդհանուր փլուզումից առաջ, սակայն հետո աստիճանաբար սկսեց վերականգնվել: Անցյալ տարվա ապրիլի սկզբից մինչ այս տարվա հունվարի կեսը այս արժեթղթերն աճեցին գրեթե 72%-ով, բայց հետո նորից սկսեցին անկում ապրել: 2020-ի սկզբից բաժնետոմսերը 12,15%-ով արժեզրկվել են:

Փաթեթի արժեքը երրորդ եռամսյակի վերջին կազմել է $24,3 մլրդ: Ենթադրելով, որ արժեթղթերի քանակը նույնն է մնացել, մինչեւ հունվարի 26-ը դրա արժեքը հասել է ավելի քան $31 մլրդ-ի:


Երրորդ եռամսյակում Berkshire Hathaway-ը գնեց ֆինանսական հոլդինգի եւս 85 մլն բաժնետոմս: Այս ժամանակահատվածի համար նվազագույն գնով հոլդինգը կարող էր ծախսել $1.979 մլրդ, իսկ առավելագույնի դեպքում ծախսերը կարող էին լինել մի փոքր ավելին` մոտ $2.3 մլրդ, քանի որ այդ եռամսյակի ընթացքում Bank օf America-ի բաժնետոմսերն աճել են ընդամենը 3.6%-ով:

3․ Coca-Cola՝ 400 մլն բաժնետոմս պորտֆելում

Coca-Cola-ն Բաֆեթի ամենասիրած խմիչքն է: Այս ընկերության բաժնետոմսերը Բաֆեթի պորտֆելում են դեռեւս 1988 թվականից: Զովացուցիչ ըմպելիքներ արտադրողի բաժնետոմսերի գինը երրորդ եռամսյակում աճել է 10%-ով: Այնուամենայնիվ, նախորդ տարվա սկզբից այն ընկել է գրեթե 11%-ով:


Բաֆեթը չգնեց լրացուցիչ բաժնետոմսեր, բայց եւ չվաճառեց ընկերության բաժնետոմսերը. երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում արժեթղթերի փաթեթը նույնն էր: Երրորդ եռամսյակի վերջում Berkshire Hathaway-ի պորտֆելում Coca-Cola-ի փաթեթը գնահատվել էր $19,748 մլրդ: Եթե ենթադրենք, որ բաժնետոմսերի քանակը պորտֆելում չի փոխվել, ապա սեպտեմբերի վերջից այդ ակտիվի արժեքը նվազել է $32 միլիոնով:

4․ American Express՝ ավելի քան 151,6 մլն բաժնետոմս պորտֆելում

American Express-ի արժեթղթերը Berkshire Hathaway-ի երկրորդ ամենամեծ ֆինանսական ակտիվն է: Ընկերությունը ԱՄՆ-ում հայտնվեց 1850 թվականին եւ ի սկզբանե զբաղվում էր արժեքավոր ապրանքների առաքմամբ, սակայն այժմ այն հայտնի է վճարային եւ կրեդիտ քարտերով: American Express-ի օգնությամբ հնարավոր է նաեւ ինքնաթիռի տոմս կամ հյուրանոցային համար ամրագրել։


Սեպտեմբերի 30-ի դրությամբ, ընկերության փաթեթը Բաֆեթի հոլդինգի պորտֆելում կազմում էր $15 մլրդ, իսկ հունվարի 26-ին դրա գինն աճեց $2,4 մլրդ-ով, եթե ենթադրենք, որ  այդ ընթացքում բաժնետոմսերի քանակը չի փոխվել: 2020-ի սկզբից մինչեւ հունվարի 26-ը այս արժեթղթերն էժանացել են 6,7%-ով: Այնուամենայնիվ, սեպտեմբերի վերջից դրանք աճել են 15,76%-ով:

5․ Kraft Heinz՝ ավելի քան 325,6 մլն բաժնետոմս պորտֆելում

Վաճառակետերում մենք հաճախ ենք տեսնում այս ընկերության արտադրանքը` կետչուպներ, սոուսներ, պահածոներ, մանկական սնունդ: Այնուամենայնիվ, 2016-ից 2019 թվականները Kraft Heinz-ի շուկայական կապիտալիզացիան ընկավ 63% -ով՝ $106 մլրդ-ից մինչեւ $39 մլրդ, եւ դեռ մնում է այդ մակարդակում:

Բաֆեթն անմիջական մասնակցություն ունեցավ Kraft Heinz կոնցեռնի ստեղծման գործում: 2013-ին Berkshire Hathaway-ը՝ բրազիլական 3G Capital ուղղակի ներդրումների ֆոնդի հետ համատեղ, գնեց H. J. Heinz կետչուպ արտադրողին: Գործարքի գումարը կազմեց $28 մլրդ: Երկու տարի անց գործընկերները պայմանավորվեցին միաձուլել H. J. Heinz-ը Kraft Foods-ի
հետ:


Անցյալ տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ, Berkshire Hathaway-ին էր պատկանում մոտ $9,75 մլրդ-ի Kraft Heinz-ի բաժնետոմս: Այս տարվա հունվարի վերջին փաթեթն ավելացավ մինչեւ $11,2 մլրդ (եթե բաժնետոմսերի քանակը պորտֆելում չի փոխվել): 2020-ի սկզբից ընկերության բաժնետոմսերը թանկացել են 7%-ով, իսկ սեպտեմբերի վերջից`14,82%-ով:

6․ Moody's՝ ավելի քան 24,6 մլն բաժնետոմս պորտֆելում

Բաֆեթն առաջին անգամ ներդրումներ է կատարել Moody's-ում մոտ 20 տարի առաջ: Անցյալ տարվա երրորդ եռամսյակի վերջից Berkshire Hathaway-ի պորտֆելում բաժնետոմսերի փաթեթի արժեքը նվազել է $522,5 մլն-ով (եթե արժեթղթերի քանակը չի փոխվել):

Այս ժամանակահատվածում միջազգային վարկանիշային գործակալության բաժնետոմսերը էժանացել են 7,31% -ով: Այնուամենայնիվ, 2020-ի սկզբից դրանք աճել են 13,17%-ով։

7․ U.S. Bancorp՝ մոտ 132 մլն բաժնետոմս պորտֆելում

Berkshire Hathaway-ին է պատկանում ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկի մոտ 8,76%-ը: Երրորդ եռամսյակում U.S. Bancorp-ի բաժնետոմսերն էժանացել են 0.36%-ով: Այնուամենայնիվ, հետո դրանք սկսեցին արագ աճել: Անցած տարվա սեպտեմբերի վերջից մինչեւ այս տարվա հունվարի 26-ը դրանք աճել են 26.05%-ով:

8․ Charter Communications՝ ավելի քան 5 մլն բաժնետոմս պորտֆելում

Charter Communications-ը կաբելային հեռուստատեսության եւ բջջային կապի օպերատոր է եւ ինտերնետ մատակարար: ԱՄՆ շուկայում ընկերությունը գործում է Spectrum ապրանքանիշի ներքո: Այն ունի իր տեսաֆիլմերի ծառայությունները, հեռուստաալիքները եւ նորությունների պորտալները:


Այս ընկերությունը հայտնվեց Բաֆեթի բաժնետոմսերի Թոփ-10-ում՝ փոխարինելով Bank of New York Mellon-ին, որը երկրորդ եռամսյակում զբաղեցնում էր 10-րդ տեղը: Անցած տարվա երրորդ եռամսյակում Charter Communications-ի բաժնետոմսերն աճեցին գրեթե 20%-ով, բայց հետո ամեն ինչ այդքան էլ լավ չընթացավ: Սեպտեմբերի վերջից դրանց գինն ավելացավ ընդամենը 4%-ով: Այնուամենայնիվ, 2020-ի սկզբից աճը կազմել է 33,9%:

9․ DaVita՝ ավելի քան 36 մլն բաժնետոմս պորտֆելում

DaVita-ն առողջապահական ծառայություններ մատուցող ընկերություն է եւ զբաղեցնում է ԱՄՆ դիալիզի շուկայի 37%-ը: Ընկերությունն դիալիզով է ապահովում երիկամների քրոնիկ հիվանդություն ունեցողներին: Այն ընդգրկված է Fortune 500-ի ամենախոշոր ամերիկյան ընկերությունների ցուցակում: DaVita-ն նաեւ առողջապահական միակ ընկերությունն է, որը տեղ է զբաղեցնում Berkshire Hathaway-ի պորտֆելի Թոփ-10-ում:

Սեպտեմբերին Բաֆեթը վաճառեց այս ընկերության 2 մլն բաժնետոմս: Նրա մասնաբաժինը DaVita-ում կազմում է մոտ 32%, չնայած որ Berkshire-ի ընդհանուր պորտֆելում այս ընկերության բաժնետոմսերը կազմում են 2%-ից էլ պակաս: Սեպտեմբերի վերջից ընկերության արժեթղթերի արժեքն աճեց 39.24%-ով, իսկ 2020-ի սկզբից` գրեթե 59%-ով:

10․ Wells Fargo՝ ավելի քան 127 մլն բաժնետոմս պորտֆելում

2020-ի երկրորդ եռամսյակում Berkshire Hathaway-ի Թոփ-10-ում այս բանկի բաժնետոմսերը զբաղեցնում էին ութերորդ տեղը: Սակայն երրորդ եռամսյակի արդյունքներով դրանք հայտնվեցին վերջին տեղում: Այս ժամանակահատվածում Բաֆեթը վաճառեց Wells Fargo-ի ավելի քան 110 մլն բաժնետոմս՝ Berkshire-ի մոտ եղած բաժնետոմսերի 46%-ը:

Նախկինում Berkshire Hathaway-ը բանկի արժեթղթերի ամենամեծ կրողն էր: Հոլդինգին պատկանող ակտիվի արժեքը հասավ $32 մլրդ-ի: Անցած տարվա սեպտեմբերի վերջին այն արդեն արժեր մոտ $3 մլրդ: Բաֆեթի ընկերությունը սկսեց աստիճանաբար հրաժարվել Wells Fargo-ի բաժնետոմսերից` սկանդալների պատճառով, որոնք հարվածում էին բանկի հեղինակությանը:

2016-ին հայտնի դարձավ, որ բանկը բացեց ավելի քան 2 մլն հաշիվ՝ առանց հաճախորդի հաստատման: Բանկը տուգանվեց: Wells Fargo-ի բաժնետոմսերը սկսեցին ընկնել, եւ արդյունքում Բաֆեթը կորցրեց $1,4 մլրդ:


Հետագայում բանկի գնանշումները մեծ ազդեցություն ունեցան կորոնավիրուսի համավարակի վրա: 2020-ի հուլիսի կեսերին Wells Fargo-ն հայտարարեց վերջին տասը տարվա ընթացքում իր առաջին եռամսյակային վնասի մասին: Անցյալ տարվա սկզբից բանկի բաժնետոմսերը նվազեցին 41,67%-ով: Այնուամենայնիվ, սեպտեմբերի վերջից դրանք թանկացել են 33,48%-ով:

Դիտում՝ 3938
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW