Արհեստական բանականությունը (ԱԲ) դառնում է փոփոխությունների շարժիչ ուժը, ինչը կարելի է տեսնել ինչպես հարակից թեմաների վերաբերյալ հրապարակումների քանակության, այնպես էլ ոլորտում կատարվող ներդրումների ծավալների առումով: Այս մասին Rusbase-ին տված հարցազրույցում ասել է սոցիալական ներդրող Ռուբեն Վարդանյանը:Իր խոսքով՝ 1998-ից 2018 թվականներն այս թեմայի վերաբերյալ գիտական հրապարակումների թիվն աճել է 300%-ով, մինչդեռ ֆիզիկայի եւ աստղագիտության պարագայում`ընդամենը 5%-ով: Բիոտեխնոլոգիաներին, գենետիկային եւ մոլեկուլային կենսաբանությանը վերաբերող գիտական հոդվածների քանակն աճել է 124%-ով: 2019-ին արհեստական բանականության տեխնոլոգիաների մեջ ներդրվել է ավելի քան $70 մլրդ:«Արհեստական բանականությունը հզոր բան է, այն ազդում է ոչ միայն գիտության եւ բիզնեսի, այլեւ մեր կյանքի շատ այլ ոլորտների վրա` ընձեռելով հսկայական հնարավորություններ: Միաժամանակ, այն կարող է սպառնալիք պարունակել: Նախ եւ առաջ, կա դրա շուրջ նոր հավատք ստեղծելու վտանգ, այն համոզմունքը, որ արհեստական բանականությունը կլուծի մարդկության խնդիրները՝ լինելով ավելի օբյեկտիվ եւ արդար, քան մարդիկ:Յուրաքանչյուր 500 տարին մեկ պատմության մեջ հայտնվում են նոր տեխնոլոգիաներ եւ իրեր, որոնց օգնությամբ մարդիկ հույս էին փայփայում հաստատել ավելի արդար աշխարհակարգ: Ուստի կարեւոր է չմոռանալ այս մասին եւ արհեստական բանականությունը չհամարել բացարձակ բարիք»,- ասել է նա: Պատասխանելով հարցին՝ որքանո՞վ են արդյունավետ գիտության եւ կապիտալի միջեւ գոյություն ունեցող հաղորդակցման ուղիները, Ռուբեն Վարդանյանը նշել է.«Հայրս ճարտարապետ էր: Նա ասում էր, որ ճարտարապետն իր համար հուշարձան է կառուցում ուրիշների փողերով: Միայն ամենատաղանդավոր ճարտարապետները կարող են համատեղել գեղեցկությունը, հարմարավետությունն ու տնտեսումը մեկ նախագծում: Այս առումով, գիտնականների եւ բիզնեսի հաղորդակցման խնդիրներից մեկը մոտիվացիաների եւ այն արդյունքների տարբերությունն է, որոնց նրանք ցանկանում են հասնել: Գիտնականների մոտ գործընթացը հանուն գործընթացի երբեմն գերակշռում է արդյունքի նկատմամբ, եւ դա նորմալ է, քանի որ նրանց թվում է, որ եւս մեկ փորձարկում վերջապես թույլ կտա գտնել մի բան, որը նախկինում անհնար էր, եւ սա ավելի կարեւոր է, քան փողը»:Խոսելով այն մասին, թե ինչպե՞ս խթանել ներդրողներին, որպեսզի նրանք ուշադրություն դարձնեն երկարաժամկետ եկամտաբերություն ունեցող նախագծերին, Ռուբեն Վարդանյանն ասել է.«Պետք է հասկանալ իրականությունն ու այն գործոնները, որոնք խանգարում են ձեզ երկարաժամկետ գործել: Քաղաքական ընտրություններն անցկացվում են չորսից վեց տարին մեկ, իսկ իշխանության եկած անձն ունի սահմանափակումներ ժամանակի մեջ: Սա լավ է, քանի որ այն ապահովում է իշխանության փոխարելիությունը, սա է ժողովրդավարությունը: Սակայն հանճարեղ ճարտարապետական ստեղծագործությունների մեծ մասը ստեղծվել է ավտորիտար ռեժիմների պայմաններում, քանի որ հնարավորություն կար դրանց ավելի շատ ռեսուրսներ հատկացնելու: Դրանց վրա տասնամյակներ շարունակ աշխատել են՝ չմտածելով, որ վաղն իշխանությունը կփոխվի:Երկրորդ խնդիրն այն է, որ փողը կարեւոր է այսօր եւ հիմա, քանի որ ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է լինելու սեփականության հետ: Մասնավոր սեփականությունը երկարաժամկետ հեռանկար ստեղծելու հիմնական տարրն է, իսկ Ռուսաստանում, ցավոք, դրա նկատմամբ հարգանքը բացակայում է, ինչը խանգարում է բազմաթիվ գործընթացներին:Երրորդը՝ այստեղ չկա բիզնեսի շարունակականության փիլիսոփայություն եւ մշակույթ: Մի անգամ ես խոսել եմ մի ընտանիքի ներկայացուցչի հետ, որը վեց սերունդ ունեցել է աշխարհի ամենամեծ քիմիական ընկերություններից մեկը: Նա ձեւակերպեց երեք կարեւոր միտք.- ընտանիքն այս ընկերությունը ստացել է նախորդ սերունդներից եւ պետք է այն փոխանցի մյուսներին, նրանց խնդիրն է՝ ոչ թե ծախսել, այլ փոխանցել,- ընկերությունը գիտակցաբար շահույթի մի մասը տրամադրում է քիմիայի ոլորտում գիտական նախագծերին աջակցելուն՝ ութ քիմիկոս, որոնց նրանք աջակցում էին, հետագայում դարձան Նոբելյան մրցանակի դափնեկիրներ.- այն ամենը, ինչ անում է ընկերությունը, մեծ էկոհամակարգի մաս է կազմում: Ռուսաստանում նման օրինակներ գրեթե չկան»: Tweet Դիտում՝ 5155