Սթեյբլքոինները կարող են պաշտպանել դոլարի համաշխարհային կարգավիճակը

09.11.2024 | 09:16 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք 2015-2019 թթ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, America Enteprise ինստիտուտի հրավիրյալ դասախոս եւ Paradigm Policy կազմակերպության խորհրդի անդամ Փոլ Ռայանի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Փոլ Ռայան

Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ Չինաստանը զբաղեցրել է Միացյալ Նահանգների տեղը համաշխարհային տնտեսության գագաթին, եւ յուանն է, այլ ոչ թե դոլարը համաշխարհային պահուստային արժույթը: Այս սցենարը կործանարար կլինի ԱՄՆ քաղաքացիների, բիզնեսների եւ նրա դաշնակիցների համար: Հաշվի առնելով Ամերիկայի ռեկորդային բարձր պարտքը եւ անկայուն ծախսերը, դոլարային ակտիվների պահանջարկի կրճատումը կաթվածահար կանի ԱՄՆ տնտեսությունը: Կառավարությունը ստիպված կլինի կրճատել պետական ծառայությունների եւ ռազմական ծախսերը՝ փոխելով ամերիկյան կյանքի գրեթե բոլոր ոլորտները եւ ոչ դեպի լավը:

Ավելին՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը կվերահսկի համաշխարհային վճարային համակարգերը եւ այլ ֆինանսական ենթակառուցվածքները: Դա թույլ կտա ՉԿԿ-ին գործադրել իր ազդեցությունը եւ իր հսկողությունը սահմանել աշխարհով մեկ, իսկ ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին մեկուսացնել պատժամիջոցներով: Եթե ամերիկացի անհատը կամ բիզնեսը քննադատի Չինաստանի առաջնորդներին, նրանց կարող են անմիջապես հեռացնել համաշխարհային առեւտրից:

ՉԿԿ-ն փորձում է դա իրականություն դարձնել։ Իր «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության հետ համատեղ, որը մեծապես ընդլայնել է չինական ազդեցությունը՝ ֆինանսավորելով խոշոր ենթակառուցվածքային եւ տեխնոլոգիական նախագծեր նոր եւ զարգացող տնտեսություններում, Չինաստանը զգալի ռեսուրսներ է հատկացնում, որպեսզի դոլարով վճարային համակարգի այլընտրանք ստեղծի: 2021 թվականին Չինաստանի կառավարությունը կարեւոր քայլ կատարեց այս ուղղությամբ՝ գործարկելով կենտրոնական բանկի թվային արժույթը (CBDC):

Թվային յուանի հասանելիությունը ընդլայնելու համար Չինաստանի ժողովրդական բանկը նախաձեռնեց ակնթարթային միջսահմանային վճարման հարթակը: «mBridge» («multiple CBDC bridge») նախագիծը, որը մշակվել է մի քանի այլ կենտրոնական բանկերի հետ, նպատակ ունի կապել առեւտրային բանկերը, բիզնեսները եւ դրամա-վարկային մարմինները առեւտրի եւ ֆինանսական հոսքերի բաշխված ցանցին: Բազմաթիվ արեւմտյան կենտրոնական բանկեր, այդ թվում՝ Եվրոպական կենտրոնական բանկը եւ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկը, ինչպես նաեւ Համաշխարհային բանկը եւ առեւտրային բանկերը, միացել են նախագծին որպես դիտորդներ, սակայն քիչ ազդեցություն ունեն կառուցվածքի եւ տեխնիկական մանրամասների վրա:

Փոլ Ռայանը


Հաջողության դեպքում «mBridge»-ը կնպաստի Չինաստանի արժույթի հզորանալուն: Մտահոգիչ վաղ նշաններ կան, որ այս ռազմավարությունը տալիս է իր պտուղները: Ապրիլին SWIFT-ի՝ Բրյուսելի միջբանկային վճարային ցանցի տվյալները ցույց տվեցին, որ յուանի մասնաբաժինը միջազգային վճարումներում պատմական ամենաբարձր մակարդակի վրա է՝ առաջ անցնելով իենից եւ զբաղեցնելով միջսահմանային գործարքներում ամենաօգտագործվող արժույթների չորրորդ տեղը: Թեեւ յուանը երկար ճանապարհ ունի անցնելու, մինչեւ կկարողանա վստահորեն սպառնալ դոլարին, «mBridge»-ը կարագացնի այս միտումը:

Դոլարը իշխում է մոտ մեկ դար, քանի որ մեջքին կայացած օրենքի գերակայությունն է, մեծ եւ հզոր բանակ եւ դինամիկ տնտեսություն: Սակայն ԱՄՆ քաղաքական գործիչները չեն կարող ձեռքերը ծալած նստել, մինչ աշխարհը փոխվում է: Ժամանակին Ֆունտ ստերլինգը միջազգային առեւտրի եւ արտաքին պահուստների գերիշխող արժույթն էր, բայց դա ավարտվեց: Եթե դոլարը ցանկանում է խուսափել նույն ճակատագրից, ամերիկացի առաջնորդները պետք է գիտակցեն, որ ԱՄՆ ֆինանսական համակարգը թարմացման խիստ կարիք ունի: Մեր կյանքն ու տնտեսությունը թվայնացվում են, ուրեմն դոլարը նույնպես պետք է թվայնացվի:

ԱՄՆ պաշտոնյաների հիմնական մարտահրավերն է այնպես թարմացնել համաշխարհային ֆինանսական ճարտարապետությունը, որ դոլարի օգտագործումը շարունակվի՝ որպես համաշխարհային տնտեսական ազատության խթանման գործիք: Լուծումը ամերիկյան փափուկ ուժի հենասյունն է՝ տեխնոլոգիական նորարարությունը: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ում մասնավոր արդյունաբերության կողմից կառուցված վճարային համակարգը ավելի լավն է, քան Չինաստանի կենտրոնական բանկի համակարգը՝ չինական տեխնոլոգիաների կիրառմամբ: Բացի Ամերիկայի հարկաբյուջետային ոլորտը կարգի բերելուց, քաղաքականություն մշակողները պետք է աջակցեն բլոկչեյնի հիման վրա սթեյբլքոիեններ թողարկող ձեռնարկատերերին:

Փոլ Ռայանը


Սթեյբլքոիենները (որոնք գրեթե բոլորն ապահովված են դոլարով) կարող են ապահովել ԱՄՆ կառավարության պարտքի պահանջարկը՝ միաժամանակ բարձրացնելով դոլարի համաշխարհային վարկանիշը եւ ընդլայնելով դրա հասանելիությունը նոր թվային հարթակներում, որոնք մեծացնում են օգտատերերի հնարավորությունները եւ պաշտպանում անձնական գաղտնիությունն ու ինքնիշխանությունը: Սակայն դրանց կիրառումը խրախուսելու համար քաղաքականություն մշակողները պետք է ստեղծեն կարգավորող օրինագիծ, որը թե՛ թողարկողներին, թե՛ սեփականատերերին որոշակի իրավական վստահություն կտա եւ կխթանի նորարարությունը: Դոլարային վճարումների համակարգը հարվածի տակ է։ Հաշվի առնելով, թե ինչ է վտանգված, համակարգի ապագայի պաշտպանությունը պետք է ազգային անվտանգության հրամայական դառնա:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:

«Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 2282
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW