Սինգապուրյան Grab ստարտափը, որը հանդիսանում է մոբայլ վճարումների, տաքսու պատվերների, սննդի առաքման համար նույնանուն հարթակի օպերատոր, նախատեսում է $300 մլն-ից մինչեւ $500 մլն ներգրավել ֆինանսական ծառայությունների ստորաբաժանման զարգացման նպատակով: Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը, ստարտափը բանակցություններ է վարում բրիտանական Prudential PLC ֆինանսական կոնգլոմերատի, Հոնկոնգի AIA Group Ltd խոշոր ապահովագրական ընկերության եւ այլ պոտենցիալ ներդրողների հետ: 2012թ. հիմնված Grab ստարտափը ճանապարհ է անցել տաքսի ծառայությունից մինչեւ հարթակի օպերատոր, որը ծառայությունների լայն շրջանակ է առաջարկում, ներառյալ՝ ֆինանսական: Անցյալ տարվա հունվարին ստարտափը մուտք է գործել թվային ապահովագրական շուկա, իսկ 2020թ. փետրվարին ձեռք է բերել Bento տեխնոլոգիական ընկերությունը, որն առաջարկում է ներդրումային պորտֆելի ավտոմատացված կառավարման ծառայություններ: Bento-ի ձեռքբերումը (այն վերանվանվեց Grabinvest-ի եւ դարձավ Grab Financial Group-ի ստորաբաժանման մասը) հնարավորություն տվեց Grab-ին գործարկել ներդրումային, ինչպես նաեւ կապիտալի կառավարման ծառայություններ: 2020-ի օգոստոսին ընկերությունը հայտարարեց սպառողական պրոդուկտների նոր ընտրանու՝ միկրոներդրումների ծառայության եւ աշխատավարձային ծրագրի մասին: Իր ֆինտեխ ստորաբաժանման զարգացման համար Grab-ն արդեն երկու անգամ միջոցներ է ներգրավել: 2020թ. փետրվարին ներդրումային փուլի շրջանակում, որը գլխավորեց ճապոնական Mitsubishi UFJ Financial Group-ը, ստարտափը հավաքեց $856 մլն: Իսկ օգոստոսին Stic Investment ներդրումային ընկերությունից Grab-ը ներգրավեց $200 մլն: Reuters-ի տվյալներով՝ նոր ներդրումների մասին պայմանագիրը կարող է կնքվել արդեն հոկտեմբերին: Ապահովագրողները, ամենայն հավանականությամբ, կապահովեն նպատակային ներդրումների կեսը: Այդ ներդրումները կբաշխվեն ֆինանսավորման մի քանի փուլերի միջեւ: Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Grab Financial Group-ը ներդրողների կողմից նախնական գնահատվում է $2 մլրդ: Prudential-ի եւ AIA-ի կողմից աջակցությունը հնարավորություն կտա Grab-ին ամրապնդել իր դիրքերը ֆինանսական ծառայությունների շուկայում եւ ստանալ սինգապուրյան բանկային լիցենզիա: Անցյալ տարվա դեկտեմբերին Grab-ը միավորվեց Singtel հեռահաղորդակցության ընկերության հետ (այժմ ստարտափին է պատկանում բաժնետոմսերի 60%-ը) եւ Սինգապուրում լիիրավ լիցենզիա ստանալու հայտ ներկայացրեց: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 42253