Նշան Մելիքսեթյան. «Սմարթ Կրեդիտ»-ն ունի իր յուրահատուկ ձեռագիրը, որը հնարավոր չէ կեղծել

07.11.2024 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

«Սմարթ Կրեդիտ» վարկային կազմակերպությունը վերջերս ներկայացրել է «Ավարտ» վարկը, որը նախատեսված է վերանորոգման վերջին փուլի աշխատանքների համար։ Վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Նշան Մելիքսեթյանը Banks.am-ի հետ զրույցում պատմել է, թե ովքեր եւ ինչ պայմաններով կարող են օգտվել նոր վարկատեսակից, նաեւ խոսել ընկերության կողմից առաջարկվող կառուցապատման վարկերի, ֆինանսական շուկայում կազմակերպության դերի եւ ապագա ծրագրերի մասին:

- Պարոն Մելիքսեթյան, օգոստոս ամսին «Սմարթ Կրեդիտ»-ը ներկայացավ նոր՝ «Ավարտ» վարկատեսակով, ինչո՞վ է առանձնանում այն եւ ի՞նչ նպատակով է տրամադրվում:

- «Ավարտ»-ն առանց գրավի վերանորոգման հիփոթեքային վարկ է, որը տրամադրվում է վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Քանի որ վերանորոգման ծախսերը դժվար է պլանավորել 100% ճշտությամբ, ուստի «Ավարտ» վարկատեսակը նախատեսված է վերանորոգման վերջին, ավարտական փուլի ծախսերը կատարելու համար։ Կարծում ենք` մինչեւ 5 մլն ՀՀ դրամն այն բավարար գումարն է, որը կարող է վերացնել վերանորոգման ծախսերի հաշվարկում հավանական սխալների հետեւանքով առաջացած խոչընդոտները։

Նշան Մելիքսեթյանը


- Նշեցիք, որ «Ավարտ»-ը տրամադրվում է առանց գրավի, իսկ ովքե՞ր կարող են օգտվել այս վարկատեսակից:

- Այո, այս վարկատեսակը տրամադրվում է առանց գրավի, եւ նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր 12 ամիս եւ ավելի սպասարկում են հիփոթեքային վարկ, ենթադրաբար արդեն հասել են վերանորոգման փուլին, եւ այս գումարով կարող են լիարժեք ավարտել վերանորոգումը։

- «Սմարթ Կրեդիտ»-ը հաճախորդներին առավել հայտնի դարձավ «Հողից Տուն» կառուցապատման վարկատեսակով: Ինչո՞վ էր առանձնանում այս ծրագիրը եւ գործո՞ւմ է արդյոք այն մինչ օրս:

- «Հողից Տուն» ծրագիրը գործում է, շուտով կլրանա 3-րդ տարին, ինչ այդ վարկատեսակի շրջանակներում իրականացնում ենք վարկավորում, ավելի քան 50 հաճախորդ օգտվել է ծրագրից, կառուցելով իր տունը։ 2025 թվականին սպասում ենք ավելի մեծ ակտիվություն ծրագրի շրջանակներում, քանի որ մի կողմից մարդիկ ձգտում են դեպի սեփական բնակելի տան կառուցապատում, մյուս կողմից նաեւ Երեւան քաղաքից գրեթե ամբողջությամբ դուրս է գալիս եկամտային հարկի վերադարձի օրենքով առաջնային շուկայից բնակարանի ձեռք բերումը։ Այս պարագայում սեփական տան կառուցապատումը շատ լավ հնարավորություն է դեռեւս եկամտային հարկի վերադարձից չօգտված հաճախորդների համար, քանի որ, ինչպես գիտեք, եկամտային հարկի վերադարձը գործում է նաեւ բնակելի տան կառուցապատման դեպքում։

Նշան Մելիքսեթյանը


- Վարկավորման ոլորտում բավականին մեծ մրցակցություն կա, ինչպե՞ս է Ձեզ հաջողվում պահպանել կայուն դերը շուկայում:

- Ճիշտ եք, մրցակցությունը մեծ է, իսկ վարկավորման ոլորտը շատ երկար, մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, ուստի, այս ոլորտում դժվար է «հեծանիվ հորինել», սակայն մեզ հաջողվում է եղած վարկային պրոդուկտները վերափոխել, հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքները։ Մենք գիտակցում ենք մեր դերը շուկայում, հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակիցներին, եւ պետք է նշեմ, որ ֆինանսական շուկայում «Սմարթ Կրեդիտն» ունի իր յուրահատուկ ձեռագիրը, որը հնարավոր չէ կեղծել։



- Հաճախորդների ո՞ր հատվածն է ավելի շատ օգտվում «Սմարթ Կրեդիտ»-ի ծառայություններից եւ ի՞նչ քայլեր է իրականացնում Ձեր ընկերությունը հաճախորդամետ լինելու ուղղությամբ:

- Փոքր սպառողական վարկերից մինչեւ խոշոր բիզնես վարկեր են տրամադրվում «Սմարթ Կրեդիտի» կողմից, շուկայում մենք ներկայացված ենք ինչպես ապառիկ վարկավորման, գյուղատնտեսական, միկրո բիզնես վարկավորման, այնպես էլ տարբեր նպատակներով տրամադրվող սպառողական եւ հիփոթեքային վարկատեսակներով։ Սակայն ինչպես նշեցի, մեր լոկոմոտիվային վարկատեսակները անհատական բնակելի տան կառուցապատման եւ վերանորոգման վարկերն են, ուստի մեր հաճախորդների մեծ մասը ընտանիքներ են, ովքեր «Սմարթի» օգնությամբ տուն են կառուցում կամ վերանորոգումն ավարտում։

Մեզ համար կարեւոր է հաճախորդի սոցիալ-բարոյական կերպարը, որը հստակ ցուցիչ է նրա պատասխանատվության, ազնվության եւ հուսալիության։ Այս արժեքները ներառելով վարկերի հաստատման սքորինգում, տարիների ընթացքում ձեւավորել ենք փոխադարձ վստահության վրա հիմնված հաճախորդների համայնք։

Նշան Մելիքսեթյանը


- Ի՞նչ սպասել «Սմարթ Կրեդիտ»-ից 2025 թվականին:

- 2025 թվականին կլրանա «Սմարթ Կրեդիտ»-ի հիմնադրման յոթերորդ տարին։ Գալիք տարում արդեն կներկայանանք նոր, թարմացված վեբ կայքով եւ բջջային հավելվածով, որոնց աշխատանքներն արդեն սկսված են, ինչպես նաեւ ծրագրում ենք, բացի գլխամասային գրասենյակից, ունենալ մեր առաջին մասնաճյուղը, Երեւանից դուրս ներկայացվածություն ապահովելու նպատակով։

Անի Խչոյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան

Դիտում՝ 10356
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW