«Հայաստան» հիմնադրամը ներկայացրել է վերջին շաբաթների գործունեությունը

07.12.2020 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայաստան» հիմնադրամ
Շարունակելով համակարգել «Մենք ենք մեր սահմանները» համաշխարհային դրամահավաքը եւ հասցեավորել ստացված 100 տոննայից ավել հումանիտար օգնությունը՝  «Հայաստան» համահայկական հիմնադրամը միաժամանակ իրականացնում է միանվագ աջակցության եւ ստրատեգիական երկարաժամկետ ծրագրեր` հոգալու համար Արցախից տեղահանված բնակչության հրատապ կարիքները:

Ինչպես նշել են Հիմնադրամում, առաջին անհետաձգելի օգնությունն այն էր, որ Արցախի Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի եւ Մարտունու շրջանների 100-ից ավել բնակավայրերից տեղահանված յուրաքանչյուր հայրենակցի կտրամադրվի 300 հազ. դրամ միանվագ դրամական աջակցություն։ Աջակցություն են ստանալու նախնական գնահատմամբ 30-35 հազ. արցախցի, աջակցության ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 10 մլրդ դրամ:

Սոցիալական աջակցության եւս մեկ ծրագիր. տասնյակ հազարավոր արցախցիներ ստացել են եւ շարունակում են ստանալ 68 հազ. դրամ եւ ավել միանվագ դրամական աջակցություն։ Աջակցություն են ստանալու նախնական գնահատմամբ 80-100 հազ. արցախցի, աջակցության ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 10 մլրդ դրամ:

Ս.թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր Հիմնադրամը առողջապահական համակարգին է տրամադրել 63,301,140 դրամի բժշկական սարքավորումներ եւ պարագաներ, ինչպես նաեւ 201,390,000 դրամի 15 շտապօգնության մեքենա:

Ցրտաշունչ ձմռանը դիմակայելու համար Հիմնադրամն արցախցի ընտանիքներին մինչ օրս տրամադրել է հազարավոր վառարաններ, 5լ. գազի բալոններ եւ էլեկտրական տաքացուցիչներ, 100-ից ավել դիզելային գեներատորներով են ապահովվել Արցախի մի շարք հոսանքազրկված գյուղեր: Առաջիկա շաբաթվա ընթացքում գեներատորների եւս մի խմբաքանակ կհասնի Արցախ:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա քայլվածքի եւ պրոթեզավորման գերժամանակակից գերմանա-հոլանդական լաբորատորիա, որը ծառայելու է հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած խիզախ հայորդիների առողջության վերականգնմանը։ Ներկայումս կենտրոնում բուժում է ստանում 120 զինվոր:


Այս համատեղ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք արշավի շրջանակներում Նիդեռլանդների հայ համայնքի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկեր «Vereniging Armeniëfonds Nederland»-ի ֆինանսավորմամբ: Շուտով կենտրոնին կտրամադրվի մեծ քանակով հավելյալ բժշկական սարքավորումներ եւ դեղորայք:

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ համատեղ շարունակական օգնություն է տրամադրվելու Արցախից տեղահանված ընտանիքներին: Եվս մեկ նախաձեռնությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների փաթեթներ կստանան շուրջ 7500 ընտանիք։

Հիմնադրամը կտրամադրի կացարաններ Շուշիից տեղահանված շուրջ 50 ընտանիքների, որոնք գտնվում են հատկապես ծանր սոցիալական վիճակում եւ պատերազմի օրերից սկսած ժամանակավոր բնակվում էին հյուրանոցներում եւ ապաստարաններում:

Գորիս համայնքի նախակրթարաններում ներկայումս ժամանակավոր ապաստան են գտել Արցախից տեղահանված բնակիչներ, որոնց մեծամասնությունը կանայք են, տարեցներ եւ երեխաներ։ Որպես ապաստարան հանդիսացող երկու նախակրթարաններում, սակայն, բացակայում է ջեռուցման համակարգը, իսկ կահույքը հարմարեցված չէ մեծահասակներին։ «Հայաստան» հիմնադրամը Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» Հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է «Ջերմիկ անկյուն» ծրագիրը, որի նպատակն է նշված երկու մանկապարտեզների ջեռուցման համակարգերի անցկացումը եւ 100 մահճակալ/անկողինների ձեռք բերումը։ Ծրագրի արդյունքում կլուծվի Գորիսի երկու մանկապարտեզներում ապաստանած առնվազն 350 արցախցու կացարանների ջերմության, տաք ջրի ապահովման եւ գիշերակացի խնդիրները:

«Ծրագրերը շարունակական են, եւ հետպատերազմյան շրջանում կարեւոր է անհապաղ արձագանքն ամեն օր ծագող բազմաթիվ խնդիրներին, որի շնորհիվ է, որ հնարավոր կլինի մեղմել մարդասիրական աղետը»,- նշել են Հիմնադրամում:
Դիտում՝ 5713
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW