Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա քայլվածքի եւ պրոթեզավորման գերժամանակակից գերմանա-հոլանդական լաբորատորիա, որը ծառայելու է հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած խիզախ հայորդիների առողջության վերականգմանը։Ներկայումս կենտրոնում բուժում է ստանում 120 զինվոր: Այս համատեղ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք արշավի շրջանակներում Նիդեռլանդների հայ համայնքի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկեր Vereniging Armeniëfonds Nederland-ի ֆինանսավորմամբ:«Սա առաջին նմանատիպ լաբորատորիան է Հայաստանում: Այն մեզ թույլ կտա ապահովել գերժամանակակից պրոթեզավորում, որը ոչ միայն առավելագույնի կհասցնի յուրաքանչյուր հիվանդի ֆունկցիոնալությունը, այլ նաեւ հնարավորություն կտա խուսափել հետագա բարդացումներից եւ վիրահատություններից: Մենք շնորհակալ ենք բոլոր այն հայերին, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով աջակցեցին այս կենսական ծրագրի իրականացմանը»,– ասել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը:Նոր լաբորատորիան ապահովելու է ինչպես վերին, այնպես էլ ստորին վերջույթների ֆունկցիոնալ պրոթեզավորում: Քայլվածքի 360 աստիճան 3D վերլուծության լաբորատորիան կբարձրացնի կենտրոնի գործառությունը` տրամադրելով հիվանդների հատուկ կարիքների խորը վերլուծություն, իսկ պրոթեզավորման լաբորատորիան կստեղծի ժամանակակից եւ յուրաքանչյուր հիվանդի կարիքներին համապատասխան պրոթեզներ: Այս ծրագիրը ներառելու է նաեւ վերապատրաստման բաղադրիչ, ինչի շնորհիվ հայ բժիշկները եւ պրոթեզավորման մասնագետները կմասնակցեն եվրոպական վերապատրաստման ծրագրերին՝ վերականգնողական կենտրոնի հիվանդների խնամքն ավելի արդյունավետ իրականացնելու համար:«Մեր վիրավոր երիտասարդների բուժումն ու խնամքը գերակա նշանակություն ունեն Հիմնադրամի, ինչպես նաեւ հայ ազգի համար: Սա առաջին ծրագիրն է գալիք բազմաթիվ նախաձեռնությունների շարքում, որոնք մշակվել են հայրենիքի պաշտպանության համար վիրավորված մեր զինվորների անձնվեր գործը գնահատելու եւ իրենց ֆիզիկական կարիքները հոգալու համար: Ներկայումս մշակվում են նաեւ մի շարք ծրագրեր ինչպես հայրենիքի պաշտպաններին, այնպես էլ իրենց ընտանիքներին աջակցելու համար:Աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերիս պարտքն է մեր երախտագիտությունը հայտնել մեր քաջորդիներին իրենց անձնազոհ ծառայության համար: Հիմնադրամը շարունակելու է աջակցել նրանց, որպեսզի պատերազմի հետեւանքները չհանգեցնեն իրենց կյանքի որակի անկման»,- նշել են Հիմնադրամում։ Tweet Դիտում՝ 6618