Ֆրանսիական Ֆոնեթոնից մինչեւ Հեռուստամարաթոն 2020. համազգային դրամահավաքը շարունակվում է

24.11.2020 | 20:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայաստան» #հիմնադրամ #Ֆոնեթոն #հեռուստամարաթոն
2020 նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան € 2.1 մլն-ի խոստում-նվիրատվություն:

Չնայած առողջապահական եւ տնտեսական ճգնաժամերին՝ հարյուր հազարավոր նվիրատուներ կրկին համախմբվեցին՝ ի աջակցություն հայրենիքի եւ արցախահայության:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել հայ կամավորներին եւ քաջալերել հայ համայնքին։


Հավաքագրված գումարը հիմնականում ուղղվելու է Արցախի բնակչության ամենահրատապ կարիքներին: Նախատեսվում է իրականացնել 3 միջոցառում՝

1․ Աջակցություն Արցախ վերադարձող մեր հայրենակցներին

Արցախ վերադարձող ընտանիքներին կտրամադրվի իրենց կարիքներին համապատասխան աջակցություն: Գյուղատնտեսները կստանան սերմեր, դիզելային վառելիք գյուղտեխնիկայի համար եւ այլ անհրաժեշտ օգնություն: «Հայաստան» հիմնադրամը կստանձնի նաեւ այդ ընտանիքների 1 տարվա կոմունալ ծախսերի վճարումը:

2․ Աջակցություն Արցախից տեղահանված բնակչությանը

Այն ընտանիքները, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում այս պահի դրությամբ վերադառնալ Արցախ կստանան սննդի եւ հիգիենիկ պարագաների ամենամսյա ամբողջական փաթեթներ:

3․ Վերակառուցում

Աջակցություն կտրամադրվի նաեւ այն ընտանիքներին, որոնց տները ավերվել են պատերազմի արդյունքում: «Հայաստան» հիմնադրամը մեծապես կնպաստի ենթակառուցվածքների վերականգնմանը:

«Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակում սեպտեմբերի 27-ից սկսած Ֆրանսիայի տեղական մարմնի միջոցով արդեն հավաքագրվել էր ավելի քան €5 մլն գումար, իսկ himnadram.org կայքի միջոցով ֆրանսիայից նվիրաբերվել է ավելի քան $425 հազ․ գումար:

Նմանատիպ դրամահավաքներ վերջին օրերին տեղի են ունեցել Արեւմտյան Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում, իսկ նոյեմբերի 26-ին կայանալու է ավանդական դարձած Հեռուստամարաթոնը Լոս Անջելեսում:

Հաշվի առնելով ետպատերազմական իրավիճակը եւ հարգելով զոհերի հիշատակը՝ այս տարի Հեռուստամարաթոնը հանդես կգա նոր ձեւաչափով: Այն կտեւի ընդամենը 4 ժամ եւ կհեռարձակվի Լոս Անջելեսից, նոյեմբերի 26-ին` Գոհաբանության օրը, ժամը 4-ին (ամերիկյան ժամանակով):

Արցախում եւ Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ Հեռուստամարաթոն 2020-ի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված եւ հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը: Նպատակն է ֆինանսապես աջակցել այս ընտանիքներին, ապահովել բնակարաններով եւ 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաեւ կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը:

#ArtsakhStrong արշավի առաջին ամսվա ընթացքում ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամն արդեն իսկ հավաքագրել էր գրեթե $80 մլն՝ Արցախից տեղահանվածներին օգնելու համար, որոնց մեծ մասը ստիպված էր եղել դատարկ ձեռքերով լքել իրենց տները:

«Հիմնադրամը յուրաքանչյուր նվիրատվություն ուղղում է ամենահրատապ մարդասիրական կարիքներին՝ ապահովելով ժամանակավոր կացարաններ, սնունդ, բժշկական պարգաներ, փոխադրամիջոցներ, եւ այլն: Հիմա, առավել քան երբեւէ, պետք է լինենք համախմբված՝ օգնելու Արցախի մեր քույրերին եւ եղբայրներին վերակառուցել, բարգավաճել եւ հզորանալ»,- ասված է Հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 4282
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW