Ֆրանսիան ներկայացրել է մարդասիրական օգնության երեք ուղղությունները

23.11.2020 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆրանսիա #Լեռնային Ղարաբաղ #օգնություն
Ֆրանսիայի իշխանությունները հավանության են արժանացրել եւ սկսել են իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայերին ընդլայնված օգնության ցուցաբերելու ծրագիրը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նոյեմբերի 22-ին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հանձնարարությամբ Ֆրանսիան սկսում է իրականացնել կառուցվածքային ջանքեր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչությանն օգնելու նպատակով։ Օգնության շրջանակում, որի  համակարգումը կիրականացվի հատուկ կոմիտեի, ինչպես նաեւ ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից, կմոբիլիզացվեն պետական կառույցները, Հայաստանի հետ համերաշխության ասոցիացիաները, Coordination Sud կազմակերպության մեջ մտնող մարդասիրական ասոցիացիաները»,- տեղեկացնում է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունը:

Վերջինիս փոխանցմամբ՝ օգնություն կցուցաբերվի երեք ոլորտներում։

Ինչ վերաբերում է առաջին ոլորտին, ապա գերատեսչությունը նշում է, որ «վերջին շաբաթներին     իրականացված հրատապ օգնությունից հետո, որի շրջանակում Հայաստան էին ուղարկվել վիրաբույժների խմբեր ու բժշկական-վիրաբուժական սարքավորումներ, այժմ կկազմակերպվեն մի շարք ավիաչվերթներ։ Այս ինքնաթիռներից առաջինը, որը վարձակալել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, նոյեմբերի 22-ին արդեն ժամանել է Երեւան:



ֆրանսիական իշխանությունների օգնության շրջանակում Հայաստան են հասցվել շտապ բժշկական օգնության պարագաներ, մասնավորապես՝ 500 հոգու համար նախատեսված դաշտային շարժական հոսպիտալ, ինչպես նաեւ հակամարտությունից տուժածների համար նախատեսված վերմակներ եւ հիգիենայի պարագաներ:

Երկրորդ չվերթը նախատեսված է նոյեմբերի 27-ին, որը «կլրացնի նախկինում ցուցաբերած պետական օգնությունը»։ Սպասվելիք բեռները կուղարկեն Հայաստանի հետ համերաշխության ասոցիացիաները, մասնավորապես՝ «Ազնավուր» հիմնադրամը եւ Ֆրանսիայի հայկական հիմնադրամը։ Չվերթում կլինեն նաեւ բեռներ մարդասիրական օգնության կազմակերպություններից եւ տարբեր ընկերությունների ֆոնդերից։



Երկրորդ ոլորտ կհանդիսանա երկու երկրների միջեւ հոսպիտալային համագործակցության ամրապնդումը։ Այս համագործակցությունը կստանա ֆրանսիական ԱԳՆ-ի ֆինանսական աջակցությունը։ «Տվյալ ուղղությամբ արդեն մոբիլիզացվել են Փարիզի, Մարսելի եւ Լիոնի պետական հոսպիտալների վարչությունների ջանքերը»,- տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Երրորդ ուղղությունը կլինի «Հայաստանում այն նախագծերի սատարումը, որոնք իրականացվում են մարդասիրական կազմակերպությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գործակալությունների կողմից»։ «Ֆրանսիան ուղիղ ֆինանսական օգնություն կցուցաբերի տեղում գործող այս կառույցներին»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

«Մարդասիրական օգնության ստեղծվող այս մեխանիզմը համապատասխանում է այն հրատապ պահանջներին, որոնք ի հայտ են եկել վերջին շաբաթներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում ստեղծված իրավիճակի արդյունքում: Միաժամանակ, Ֆրանսիան ամբողջությամբ մոբիլիզացնելու է իր ուժերը՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը հասնելու համար ՝ հանդես գալով  որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որտեղ նա գործում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ համատեղ»,- ընդգծված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Դիտում՝ 4338
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW