Ֆրանսիայից եկող օգնության գործընթացը համակարգող հանձնախումբ է ստեղծվել

18.11.2020 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆրանսիայի հայկական հիմնադրամ #«Ազնավուր» հիմնադրամ #ՀԲԸՄ Ֆրանսիա
Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը եւ ՀԲԸՄ Ֆրանսիան հայտարարում են արտակարգ մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը համակարգող հանձնախմբի ստեղծման մասին։

Նոյեմբերի 12-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել էր բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին` հաստատելու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին եւ Արցախին հրադադարի հաստատումից հետո:

Հանրապետության նախագահության հրավերով հանդիպմանը մասնակցել են հետեւյալ բարեգործական կազմակերպությունները՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամ (ի դեմս հիմնադրամի նախագահ Բեդրոս Թերզյանի), «Ազնավուր» հիմնադրամ (ի դեմս Հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրի) եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիա (ի դեմս Միության նախագահ Նադյա Գործունյանի): Հանդիպմանը ներկա էին նաեւ Յուրի Ջորկաեֆը, Նիկոլա Ազնավուրը, Անդրե Մանուկյանը եւ Ստեֆան Հասբանյանը:

Երկրի ղեկավարը այս առիթով վերահաստատել է Ֆրանսիայի եւ Հայաստանի «պատմական բարեկամությունը»: «Այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին»,- շեշտել է Մակրոնը:

Դեպի Հայաստան բժշկական առաքելություն ուղարկելուց բացի, Մակրոնը նաեւ հայտարարել է Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու եւ առողջապահության ոլորտում ֆրանս-հայկական համագործակցությունը զարգացնելու մասին:

Հանդիպման ընթացքում բոլոր հյուրերը կարեւորել են Արցախի Հանրապետության ճանաչումը՝ որպես տեւական խաղաղություն հաստատելու եւ իր նախնիների հողում հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու առհավատչյա: Նրանք նշել են նաեւ Արցախում մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման հրատապության մասին, ինչպես նաեւ կարեւորել Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությունը մարդասիրական օգնության տրամադրման հարցում:
 
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությանը կից ճգնաժամերի հաղթահարման եւ աջակցության կենտրոնի հետ միասին կազմավորվել է աշխատանքային խումբ` սատարելու Հայաստանին աջակցող բարեգործական կազմակերպությունների նախաձեռնությունները:
 
Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), համագործակցելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եւ նախագահի աշխատակազմի հետ, հայտարարում են արտակարգ հանձնախմբի ստեղծման մասին, որը կզբաղվի Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող մարդասիրական եւ բժշկական օգնության համակարգման հարցերով:

Միավորումը պատրաստ է համագործակցել բոլոր այն բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք ցանկանում են աջակցել պատերազմի արդյունքում տեղահանված բնակչությանը, որ բախվել է բազմաթիվ հրատապ կարիքների:
Դիտում՝ 5265
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW