Կենտրոնական բանկի թվային արժույթ. Ճապոնիա vs Չինաստան

31.07.2020 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ճապոնիա #Չինաստան #թվային արժույթ

Չինաստանի կենտրոնական բանկի թվային արժույթի (Central bank digital currency - CBDC) մշակման ոլորտում հաջողությունների պատճառով «թվային իենի» ստեղծումը կդիտարկվի Ճապոնիայի Բանկի (Bank of Japan, BoJ) կողմից որպես «բարձրագույն առաջնահերթության» խնդիր:

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, այս մասին The Asahi Shimbun թերթին ասել է BoJ-ի տնօրենի տեղակալ Տակեշի Կիմուրան:

Նրա խոսքով՝ կառավարությունը գտնում է, որ մոտ ապագայում Չինաստանը կարող է «թվային յուան» թողարկել՝ այսպիսով ստեղծելով սպառնալիք «Ճապոնիայի ազգային անվտանգության համար»:

Ավելի վաղ Ճապոնիայի ֆինանսների նախարարությունն արդեն հայտնել էր իր մտահոգությունը չինական CBDC-ի վերաբերյալ: Նախարարությունում կարծում են, որ կրիպտոյուանը կարող է քաոս առաջացնել համաշխարհային տնտեսությունում:




Այս մտահոգությունների ֆոնին երկրի կենտրոնական բանկը սկսել է ուսումնասիրել կրիպտոարժույթները, իսկ կառավարությունը` հայտարարել CBDC-ի մշակման նախագիծը տնտեսության զարգացման պաշտոնական պլանում ներառելու իր մտադրության մասին:

Հուլիսի 20-ին BoJ-ի վճարային եւ հաշվարկային համակարգերի դեպարտամենտի շրջանակում ստեղծվել է 10 հոգանոց աշխատանքային խումբ, որը կզբաղվի թվային արժույթների հարցերով:

«Մենք հետեւողականորեն առաջ կշարժվենք մեր քննարկումներում՝ բարձրացնելով ակտիվի մասին ուսումնասիրության մակարդակը, որպեսզի դուրս հանենք այն նախապատրաստական փուլի սահմաններից»,- ասել է Կիմուրան:



Իր խոսքով՝ CBDC-ի հիմնական բնութագրերն են բազմակողմանիությունը եւ հասանելիության ինքնավարությունը. մարդկանց  մոտ պետք է հնարավորություն լինի օգտագործել այն ամենուրեք եւ յուրաքանչյուր պահին, անգամ աղետների ժամանակ, որոնք կարող են հանգեցնել էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատմանը: Կիմուրան կարծում է, որ կարգավորիչն առաջին հերթին պետք է ապահովի այս պայմանների կատարումը:



Կիմուրան չի նշել փորձարկումների ժամկետը, սակայն ասել է, որ BoJ-ը կհամագործակցի մասնավոր հատվածի հետ, որն ավելի մեծ գիտելիքներ եւ փորձառություն ունի այս ոլորտում:

Ճապոնիան միակը չէ իր մտահոգություններում: Այսպես, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի նախկին տեղակալ Թիմ Մորիսոնը կարծում է, որ Չինաստանը կարող է պարտադրել ամբողջ աշխարհին իր ազգային կրիպտոարժույթը:



Վերջին ամիսներին թվային յուանի մշակումը զգալիորեն արագացել է: Հավանաբար, սա կապված է նրա հետ, որ CBDC-ի օգնությամբ Չինաստանը մտադրված է «վերակենդանացնել» երկրի տնտեսական ցիկլը:

Դիտում՝ 8551
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW