ԱՄՀ տրամադրության տակ դեռեւս $1 տրլն-ի հակաճգնաժամային միջոցներ կան

29.06.2020 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Կրիստալինա Գեորգիեւա #ճգնաժամ
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ներկայիս գլոբալ տնտեսական ճգնաժամից տուժած երկրներին օգնություն տրամադրելու համար Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) իր տրամադրության տակ դեռեւս ունի $1 տրլն։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԱՄՀ ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան՝ հավելելով, որ մինչեւ ճգնաժամը եւ դրա ընթացքում հիմնադրամը տարբեր երկրներին ընդհանուր առմամբ տրամադրել է $250 մլրդ։

Միաժամանակ, Գեորգիեւան խոստովանել է, որ ճգնաժամն ավելի սուր է, քան դեռեւս գարնանը կանխատեսում էին ԱՄՀ մասնագետները։ «Սա ավելի խորը ռեցեսիա է, քան մենք կանխատեսում էինք ապրիլին»,- ասել է ԱՄՀ ղեկավարը։ Նա հիշեցրել է, որ ապրիլին հիմնադրամի փորձագետները խոսում էին համաշխարհային ՀՆԱ-ի 3%-անոց անկման մասին այս տարվա ընթացքում։ «Հիմա մենք ասում ենք, որ անկումը հնարավոր է լինի 4,9%։ Սա մեր ընթացիկ գնահատականն է»,- նշել է Գեորգիեւան։



«Այնուամենայնիվ, մենք անցել ենք շոկի վատագույն հետեւանքները»,- ընդգծել է ԱՄՀ ղեկավարը։ Իր խոսքով՝ այս  ճգնաժամում ամենադժվար հարցն անորոշությունն է։ «Մեզ դեռ շատ անորոշություն է սպասում։ Այս անորոշությունը կապված է նրա հետ, թե ինչպես կպահի իրեն վարակը։ Անորոշությունը պայմանավորված է նաեւ նրանով, թե ինչ արագությամբ է վարակը տարածվում տարբեր երկրների վրա եւ ինչպիսին կլինի պատասխանը համավարակին»,- հավելել է Կրիստալինա Գեորգիեւան։

Պատասխանելով հարցին, թե արդյոք $1 տրլն-ը կհերիքի կարիքավոր երկրներին օժանդակելու համար,  հիմնադրամի ղեկավարը հնարավոր է համարել, որ այս պահուստն ավելացնելու անհրաժեշտություն կլինի։ «Կարդալով մեր նոր կանխատեսումները՝ ես չէի բացառի, որ մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ ԱՄՀ ռեսուրսները փորձության ենթարկվեն։ Սակայն մենք դրան դեռեւս չենք հասել»,- ասել է Գեորգիեւան։

Նա հավաստիացրել է, որ ԱՄՀ անդամ հանդիսացող խոշոր երկրները հայտնում են իրենց պատրաստակամության մասին՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելու այս վարկային ներուժը։
Դիտում՝ 3511

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW