Արմսվիսբանկը տեղեկացնում է, որ նախօրեին 72 հատ ռադիոգիդ սարքեր է նվիրաբերել Մաշտոցյան Մատենադարանին, որտեղ տարեկան այցելում են տասնյակ հազարավոր այցելուներ: Մատենադարանում ռադիոգիդերի կիրառումը հնարավորություն կտա ապահովել միաժամանակ այցելուների տարբեր խմբերին ձեռագրերի որակյալ ներկայացումը: «Ռադիոգիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարեւորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորություն։ Բանկի ցուցաբերած նախաձեռնությունը թույլ է տալիս պատմական արժեքների ներկայացումն իրականացնել նոր տեխնոլոգիաներով»,- ընդգծել են բանկում։ «Հայտնում ենք մեր շնորհակալությունը Արմսվիսբանկին եւ նրա գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանին այս աջակցության համար: Նվիրաբերած ռադիոգիդերը մեզ համար իսկապես անչափ կարեւոր են եւ ժամանակին ստացված, քանի որ դրանք շատ օգտակար են հատկապես համավարակի պայմաններում այցելուների եւ զբոսավարների անվտանգության ապահովման տեսանկյունից եւ մենք դրանք կկիրառենք այցելուների համար Մատենադարանի թանգարանային մասի բացման առաջին իսկ օրվանից»,- ասել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը: Միաժամանակ, Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը Վահան Տեր-Ղեւոնդյանի կողմից պարգեւատրվել է «Մատենադարան» հուշամեդալով եւ համապատասխան վկայականով: «Շնորհավորում ենք եւ միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ թանգարանների համար նմանատիպ նախաձեռնությունների հարցում, որոնք հնարավորություն կտան մեր պատմամշակութային արժեքները ներկայացնել ըստ արժանվույն, հատկապես նոր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Միաժամանակ, շնորհակալ եմ հուշամեդալի համար եւ նշեմ, որ նման գնահատանքը պարտավորեցնող է։ Սիրով տեղեկացնում եմ, որ մենք առաջիկա օրերին կհայտարարենք մեր եւս 2 նոր նախաձեռնությունների մասին. բանկը 2 թանգարանների նվիրաբերելու է աուդիոգիդեր, որոնք համավարակի պայմաններում կունենան մեծ նշանակություն»,- հայտնել է Գեւորգ Մաչանյանը:«Կարեւորելով թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը եւ ժամանակին համահունչ լինելը՝ Արմսվիսբանկը նույնիսկ այս դժվարին օրերին մշակույթի կողքին է եւ իր 15-ամյակին նվիրված մշակութային եւ սոցիալական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների շարք ՀՀ մշակութային տարբեր օջախների համար»,- եզրափակել են բանկում: Tweet Դիտում՝ 2628