ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված Մարտին Գալստյանը 2020թ. ապրիլի 16-ին ելույթ է ունեցել Ազգային Ժողովում: Ներկայացնում ենք ելույթի հիմնական հատվածները (ենթավերնագրերը Banks.am-ինն են):Նոր իրականությունԵթե ես այս բարձր ամբիոնից ելույթ ունենայի մի քանի ամիս առաջ, ապա իմ ելույթը կառուցված կլիներ այլ տրամաբանությամբ, եւ հիմնականում կներկայացնեի այն տեսլականը, որն ունեմ որպես կենտրոնական բանկի նախագահի թեկնածու, բայց մենք այսօր ապրում ենք այլ իրականությանում։Այսօր, արագ փոփոխվող եւ անորոշություններով լի աշխարհը, որի մասին տեսական բանավեճեր էին ծավալվում, արդեն կայացած փաստ է: Մենք ապրում ենք մարդկության պատմության արդի ժամանակաշրջանի համար նախադեպը չունեցող իրողությունում: Ամբողջ աշխարհն իրական ժամանակում հետեւում է մարդկային ողբերգության, փորձում է ինչ-որ հույս գտնել, իսկ բոլոր երկրների կառավարությունները անում են հնարավորինը մարդկանց կյանքերը փրկելու համար՝ չկանգնելով նույնիսկ տնտեսական ահռելի կորուստների առջեւ:Աշխարհում շատ բան է փոխվել Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում շատ բան է փոխվել: Հաճախ լսելի են դարձել «պատերազմական իրավիճակ», «աշխարհը նույնը չի լինելու» արտահայտությունները: Շատ տնտեսագետների կանխատեսումների համաձայն տնտեսական անկումը լինելու է շատ ավելի խորը, քան նույնիսկ 2008-09 թթ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ: Տնտեսական քաղաքականության ձեւակերպման տեսանկյունից կան անասելի դժվարություններ՝ նախ եւ առաջ պայմանավորված ճգնաժամի առաջին հերթին առողջապահական լինելու փաստով եւ ուղեկցվող անորոշություններով: Հատկանշական է սակայն, որ տնտեսագետները միակարծիք են ճգնաժամի հաղթահարման եւ տնտեսական քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: Հիմնական հնչող եզրույթը հետեւյալն է «արձագանքել արագ եւ անել ամենն, ինչ անհրաժեշտ է»։Օրինաչափ, սակայն ոչ պահպանողական քայլ Մարտի 17-ին կենտրոնական բանկի խորհուրդը որոշում կայացրեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, առաջին հայացքից բավականին օրինաչափ, սակայն ստեղծված իրավիճակում ոչ պահպանողական քայլ: Տարածաշրջանի շատ գործընկերներ, բախվելով ազգային արժույթների արժեզրկման ճնշումների, չգնացին այս ճանապարհով՝ Ռուսաստանի եւ Վրաստանի կենտրոնական բանկերը չիջեցրեցին տոկոսադրույքը, իսկ Ղազախստանի կենտրոնական բանկը նույնիսկ ստիպված եղավ բարձրացնել այն: Իրացվելիության խնդիր չկաԵրրորդ կարեւորագույն քայլը շուկաներում կայունության պահպանումն էր: Կենտրոնական բանկը հայտարարեց եւ համակարգին տրամադրեց իրացվելիության անհրաժեշտ քանակ՝ թե՛ ազգային արժույթով, եւ թե՛ արտարժույթով: Համակարգն այս պահին չունի իրացվելիության որեւէ խնդիր, իսկ շուկաները գործում են բնականոն ռիթմով: Կարգավորման դաշտի ճշգրտումըՔննարկվում է նաեւ բանկային գործունեության կարգավորման դաշտի ճշգրտման խնդիրը՝ մասնավորապես դիտարկվում է հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվը 1 տոկոսային կետով նվազեցնելու, ինչպես նաեւ իրացվելիության նորմատիվների ներդրման ժամկետը մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու հնարավորությունը:Միջազգային գործընկերների արձագանքըՄեր քայլերի վերաբերյալ միջազգային գործընկերների արձագանքը դրական է: Մասնավորապես ԱՄՀ վերջին հայտարարության մեջ ասվում է, մեջբերում եմ.«Կենտրոնական բանկն իր երկակի՝ գների եւ ֆինանսական կայունության ապահովման իրավասությունների շրջանակում, ձեռնարկեց կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված ճգնաժամին արձագանքելու արագ քայլեր: Այն անհապաղ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը խթանելու եւ տնտեսական աշխուժությանն աջակցելու, սակայն պատրաստ է քաղաքականության ճշգրտմանը՝ կապիտալ արտահոսքի ճնշումների եւ փոխարժեքի անկանոն տեղաշարժերի դեպքում ֆինանսական կայունությունը պահպանելու համար: Ներքին ֆինանսական շուկաներն համավարակի սկզբից էլ, ընդհանուր առմամբ, անխափան են գործել, ինչին օգնել է ՀՀ ԿԲ կողմից իրացվելիության տրամադրումը: ՀՀ Կենտրոնական բանկի կարգավորման եւ վերահսկողական արձագանքը եղել է ֆինանսական կայունության, առողջ բանկային համակարգի եւ տնտեսական ակտիվությանը միտված»։Մեջբերվածը վկայում է, որ Կենտրոնական բանկի գործողությունները համահունչ են եղել ստեղծված իրավիճակին, սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ անորոշությունը դեռեւս շատ մեծ է: Այդ է պատճառը, որ մենք ներկայումս իրականացնում ենք սցենարային վերլուծություններ եւ գտնվում ենք օպերատիվ կառավարման փուլում, որպեսզի հնարավորինս պատրաստ լինենք դեպքերի ցանկացած զարգացման:Ֆինանսական ճգնաժամերն ու Հայաստանի ԿԲ-ն Մեր պարագայում մանդատի ընդլայնման վերաբերյալ քննարկումները սկսվեցին 2008-09թթ. գլոբալ ֆինանսական ճգնաժամի ընթացքում, երբ ֆինանսական կայունության ապահովումը դարձավ կենսական անհրաժեշտություն: Սակայն գաղափարը ավելի բյուրեղացավ եւ քաղաքականությունների կոորդինացման խնդիրն ավելի սրվեց 2014թ. տարածաշրջանային ճգնաժամի ժամանակ:2014 թվականին մենք բախվեցինք նոր իրականության հետ: Մեր հասարակությունը շտապեց իրեն ապահովագրել սպասվող գնաճից: Ոմանք արտարժույթ էին գնում, ոմանք՝ ոսկի, ոմանք էլ նույնիսկ պարկով շաքարավազ եւ ալյուր: Մի քանի օրով ամբողջ երկիրը տեղափոխվեց հիպերինֆլյացիոն միջավայր եւ մենք բոլորս վկա եղանք, թե ինչ է տեղի ունենում, երբ խաթարվում է գների կայունությունը: Վտանգված էր նաեւ ֆինանսական կայունությունը: Ճգնաժամը դադարեց միայն այն պահից սկսած, երբ Կենտրոնական բանկը համալիր միջոցառումներ ձեռնարկեց՝ կտրուկ բարձրացնելով տոկոսադրույքը, ինչպես նաեւ խստացնելով մակրոպրուդենցիալ կարգավորումները: 31.03.2020 | 15:46 ԿԲ նախագահի թեկնածու է առաջադրվել Մարտին Գալստյանը Ավելին, ճգնաժամից հետո կենտրոնական բանկը առեւտրային բանկերի համար բարձրացրեց կապիտալի նվազագույն շեմը՝ այն նախկինում գործող 5 մլրդ դրամի փոխարեն սահմանելով 30 մլրդ դրամ մակարդակի վրա: Սա որոշակի մտահոգություններ առաջացրեց բանկային համակարգում, սակայն մենք գործում էինք հանրային շահից՝ ունենալով ապագայի հստակ տեսլական: Կարող ենք փաստել, որ հենց այդ քայլերի շնորհիվ է, որ այսօր համակարգը կապիտալացված է եւ ունակ կլանել շատ ավելի լուրջ ռիսկեր: Ավելի ցածր գնաճի քաղաքականություն Վերաիմաստավորելով ապագա ռիսկերը՝ Կենտրոնական բանկը 2015 թվականից ի վեր որդեգրեց որոշակիորեն ավելի ցածր գնաճի քաղաքականություն, ինչը, մեր կարծիքով, խստագույն անհրաժեշտություն էր հասարակության գնաճային սպասումները աստիճանաբար նվազեցնելու, ավելի լավ խարսխելու եւ ապագա մարտահրավերներին դիմակայելու համար: Գնաճի ցածր մակարդակի համար բազմիցս ենթարկվել ենք քննադատությունների, այնուամենայնիվ կարծում եմ, որ այդ քաղաքականությունը արդարացված էր, եւ դրա պտուղները մենք բոլորս քաղեցինք հետագայում, երբ տարածաշրջանային տարբեր ցնցումների ժամանակ եւ նույնիսկ 2018 թվականի հեղափոխության օրերին գների կայունությունը չխաթարվեց, իսկ ֆինանսական համակարգը շարունակեց գործել անխափան:Մեկ կարեւոր փաստ եւս, ճգնաժամերի ընթացքում չունեցանք գեթ մեկ անվճարունակության դեպք, պետությունը ոչ մի ֆինանսական կազմակերպության փրկօղակ չնետեց, հարկատուների փողերը չուղղվեցին ֆինանսական կազմակերպություններին փրկելու: Կուռ եւ ազատ թիմԱնցել ենք բազում փորձությունների միջով, ունեցել բացթողումներ եւ սխալներ, արժանացել ենք քննադատության, բայց նաեւ ունեցել ենք արժեքավոր ձեռքբերումներ: Ինձ համար գոնե մի բան անառարկելի է, դժվարությունները թրծել են մեզ, թիմը դարձրել կուռ, բայց միեւնույն ժամանակ ազատ ու բաց նոր, համարձակ գաղափարների համար: Իսկ Կենտրոնական բանկը որպես կառույց դարձել է կարեւորագույն տարածաշրջանային գործընկեր միջազգային հեղինակավոր կառույցների համար: Ապագայի անելիքներըԱպագայի անելիքների մասին խոսելիս կցանկանայի ընդգծել, որ մարտահրավերների կերպարանափոխվելուն զուգընթաց բարդանալու է նաեւ իրականացվելիք քաղաքականությունների մշակումն ու կիրարկումը: Վստահության կամուրջի կառուցումն է միակ գրավականը, որ մենք կունենանք արդյունավետ՝ շահառուների համար ընկալելի քաղաքականություն, եւ քաղաքացիներն ու գործարարները էլ ավելի կվստահեն ազգային արժույթին: Կարծում եմ, որ դրամավարկային քաղաքականության արդյունավետության ամենակարեւոր չափանիշը հասարակության վստահությունն է դրա նկատմամբ: Միայն այդ պարագայում է հնարավոր արդյունավետորեն խարսխել հասարակության գնաճային սպասումները՝ ինչը հանդիսանում է արդյունավետ դրամավարկային քաղաքականության հիմքը: Վստահության բարձրացման հիմնական գրավականը իրականացվող քաղաքականության թափանցիկության հետեւողական բարձրացումն է: Չափազանց կարեւոր է հասարակության եւ պրոֆեսիոնալ հանրության հետ քաղաքականության վերաբերյալ երկխոսությունը, ինչը ենթադրում է հաղորդակցման նոր ռազմավարության իրագործում: Ֆինանսական կրթության կարեւորությունը Կցանկանայի նաեւ առանձնակի անդրադառնալ ֆինանսական կրթության խնդրին: Գիտակցված որոշումներ կայացնող անհատն է մեր քաղաքականությունների հաջող իրականացման գրավականը: Պատասխանատու վարկավորման կարեւորագույն էլեմենտը մարդկանց կողմից իրենց ֆինանսական հոսքերին համահունչ որոշումների կայացումն է: Կարծում եմ, որ արդյունավետ քաղաքականությունը ոչ թե ֆինանսական հնարավորությունների սահմանափակումն է, այլ ֆինանսական կրթվածության բարձր մակարդակ ունեցող հասարակությունը, որն ունակ է կայացնել հաշվարկված որոշումներ: Այս ուղղությամբ եւս անելիքները շատ են, եւ կենտրոնական բանկը, գործընկերների հետ՝ ներառյալ ԱԺ պատգամավորներին, շարունակելու է աշխատանքները արդյունավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Մարդիկ պետք է վստահ լինեն Շոկերը մեր կյանքի անբաժանելի ուղեկիցն են լինելու, դրանք լինելու ավելի հաճախ, ավելի անկանխատեսելի եւ ուժեղ:Նման միջավայրում, հսկայական անորոշությունների ներքո, մարդիկ կարիք ունեն կայացնելու որոշումներ, կազմակերպությունները՝ կազմելու պլաններ, կառավարությունները՝ մշակելու ռազմավարություններ: Եվ այդ ամենը անելու համար իրենց պետք է հենման կետ, որից հայացք նետեն ապագային: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ ցանկացած իրավիճակում մակրոկայունությունը կպահպանվի՝ գները կմնան կայուն եւ ֆինանսական համակարգը կաշխատի անխափան: Հայաստանում այդ հենման կետը Կենտրոնական բանկի կողմից ստեղծված մակրոկայունության միջավայրն է: Մեր անտեսանելի ներկայության շնորհիվ է, որ մարդիկ խնայողություններ են ձեւավորում՝ հավատալով, որ դրանք չեն արժեզրկվի, գործարարները իրականացնում են երկարաժամկետ ներդրումներ՝ հավատալով, որ ռիսկերը կառավարելի են, եւ կառավարությունը կարող է կենտրոնանալ զարգացման ծրագրերի վրա՝ չմտածելով անկայունության սպառնալիքների մասին: Համոզված եմ, որ մենք հաջողելու ենք: Tweet Դիտում՝ 3331