Հայաստանի պետական բյուջեն հանրությանը մատչելի դարձնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել եւ իր պաշտոնական կայքում հրապարակել է համառոտ ուղեցույց, որը կայքէջում ստանալու է «Քաղաքացու բյուջե» անվանումը: Այս մասին նշվել է ՀՀ ֆինանսների նախարարությունում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպմանը: Բացի այդ, հրապարակել է 2018-ի պետական բյուջեի պարզեցված հաշվետվություն:Հանդիպման ընթացքում ՀԿ-ների ներկայացուցիչներն առաջարկել են «Քաղաքացու բյուջե» բաժնում ոլորտ առ ոլորտ ներկայացնել իրականացված ծրագրերը, որպեսզի հանրության համար հասկանալի լինի, թե ինչպես են ծախսվում հարկի տեսքով բյուջե մուտքագրվող գումարները:«Մեր նպատակը հասարակությանը ծառայելն է, այնպես անել, որ հանրությանը հասկանալի դառնա պետական բյուջեի ծախսերի մասին իրեն հետաքրքրող տեղեկությունները»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների վարչության պետ Գայանե Զարգարյանը: Բացի այդ, «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» ՀԿ-ի ղեկավար Վարուժան Հոկտանյանի բարձրացրած հարցին, թե «Քաղաքացու բյուջեն» եւ պարզեցված հաշվետվությունը նախարարության կայքում գտնելը դժվար է, Գայանե Զարգարյանը պատասխանել է, որ մոտ ժամանակներս այդ հարցը եւս կլուծվի, եւ այն տեսանելի կլինի կայքի հենց առաջին էջում:Հանդիպման ընթացքում որոշվել է՝ քաղհասարակության կողմից ներկայացվելիք առաջարկությունների հիման վրա կվերանայվեն պարզեցված բյուջեի եւ հաշվետվության ձեւաչափերը՝ բարձրացնելով վերջիններիս կիրառելիության աստիճանը: Tweet Դիտում՝ 2052