Մեկնարկել է «Ֆինանսական գրագիտություն եւ հմտություններ» միջոցառումների ծրագիրը

23.08.2019 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի բանկերի միություն
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ մեկնարկել է «Ֆինանսական գրագիտություն եւ հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագիրը` հիմքում ունենալով Հայաստանի Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության դրույթները:

Հայաստանի բանկերի միությունը ծրագիրն իրականացնում է ՀՀ առեւտրային բանկերի եւ մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀԲՄ նախագահ Արտակ Հանեսյանն եւ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն անդրադարձ են կատարել այս նախաձեռնության նպատակային շեշտադրումներին, ինչպես նաեւ նախատեսվող միջոցառումների բովանդակային ուղղություններին:

«Այս ասպարեզում իրականացվող գործընթացները մեծապես նպաստում են ֆինանսական  համակարգում խնդրահարույց իրավիճակների նվազեցմանը, հաճախորդների ու բանկային համակարգի իրավահարաբերությունների առավել բարելավմանը: Եվ համապատասխան գիտելիքները հատկապես անհրաժեշտ են անձնական ֆինանսների կառավարման գործում ճիշտ  որոշումներ կայացնելու եւ բարեկեցություն ապահովելու  համար»,- նշել է Արտակ  Հանեսյանը:

Սեյրան Սարգսյանն էլ ընդգծել է, որ  «ֆինանսներն, առհասարակ, օգնում են հասնակալ, թե ինչպիսի նպատակներ կարելի է իրականացնել, իսկ ֆինանսական գրագիտությունն օգնում է ավելի արագ իրականացնել նպատակները՝ ֆինանսներն արդյունավետ կառավարելու շնորհիվ»:

Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ հանրային միջոցառումների ծրագրում ներառված երկու կարեւորագույն ձեռնարկներ արդեն իսկ իրականացվել են. Հայաստանի բանկերի միության եւ Տնտեսական լրագրողների ակումբի կողմից համատեղ կազմակերպվել է լրագրողական երկամսյա սեմինարների շարք, ինչպես նաեւ կազմակերպվել է  Արցախի տարբեր շրջանների երեխաների ամառային հանգիստը Լոռու մարզում, որն ուղեկցվել է ֆինանսական գրագիտությանն ուղղված տարաբնույթ նախաձեռնություններով:


Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ մեկնարկած «Ֆինանսական գրագիտություն եւ հմտություններ» խորագրով ծրագրի հիմնական միջոցառումները նախատեսված են աշնան ամիսներին ու ընդգրկելու են մի շարք նշանակալի ակցիաներ՝ ֆինանսական դասընթացներ, «Բաց դռների օր» նախաձեռնություն բանկային մասնաճյուղերում, «Ապագայի բանկն՝ իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների եւ տեսահոլովակների, ինչպես նաեւ «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթներ եւ այլն:

Նախատեսվում է իրականցնել նաեւ «Խնայողությունների համաշխարհային օր» հանրային ընդգրկուն քարոզարշավ,  ունենալ Ֆինանսական գրագիտության վերաբերյալ բազմաթիվ միջոցառումներ:

Ծրագրի ավարտին կազմակերպվելու է «Տարվա լավագույն տնտեսական հրապարակում» խորագրով մրցանակաբաշխություն եւ Բանկային աշխատողի օրվա շրջանակում մրցանակների հանձնում տարվա ընթացքում ֆինանսաբանկային եւ տնտեսական թեմաներով լավագույն վերլուծական հրապարակումների հեղինակ տնտեսական լրագրողներին:
Դիտում՝ 3305
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW