Տնտեսական աճ, թե անուղղակի հարկերի ավելացում

03.05.2019 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն իր հերթական հետազոտությունն է կատարել, որի շրջանակում ուսումնասիրել է ՀՀ պետբյուջեի եկամուտները:

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները (ներառյալ տուրքերը) 2019թ. հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 44,042 մլրդ դրամով կամ 30,5%-ով:

Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) կազմել է հարկային եկամուտների 41,12%-ը:


ԱԱՀ-ի գծով հարկային եկամուտները 2019թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 4,1%-ով, մինչդեռ ապրանքների ներմուծումը կրճատվել է 39,62 մլն դոլարով՝ կազմելով 674,04 մլն դոլար:

Հավաքագրված ԱԱՀ-ի ավելացումը պայմանավորված է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմամբ, որն ապահովում է թափանցիկության ավելի բարձր աստիճան:

Ներմուծման ծավալների կրճատմանը զուգահեռ՝ մաքսատուրքի 4,2% աճ է գրանցվել՝ ՀՀ պետական բյուջե փոխանցվող մաքսատուրքերի հաշվին (յուրաքանչյուր ԵԱՏՄ անդամի դեպքում՝ 1,13%): Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմամբ է պայմանավորված նաեւ շրջանառության հարկի գծով արձանագրված 38,6% աճը:

Հարկային եկամուտների կառուցվածքում տեսակարար կշռով երկրորդը համարվող եկամտային հարկի (34,53%) գծով 2019թ. հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13,2% աճ է արձանագրվել, որը պայմանավորված է ինչպես 2019թ. հունվար-փետրվար ամիսներին մեկ եւ ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում միջին ամսական անվանական աշխատավարձերի 3,5% աճով, այնպես էլ գրանցված աշխատակիցների թվաքանակի 15,5% աճով (2019թ. հունվարի դրությամբ անցյալ տարվա նույն ամսվա հետ համեմատ):


Դիտարկվող ժամանակահատվածում, բացի վերը նշված հարկատեսակներից հավաքագրվող գումարների կտրվածքից, աճ է արձանագրվել նաեւ պետական տուրքի գծով՝ 2019թ. հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12,8% աճ է գրանցվել:

Տվյալ ժամանակահատվածում բավականին մեծ անկում է արձանագրվել շահութահարկի (94,5%) եւ բնապահպանական եւ բնօգտագործման վճարների (91,8%) պարագայում: Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների կրճատումը պայմանավորված է եղել Ալավերդու պղնձաձուլարանի, «Թեղուտ» ՓԲԸ-ի եւ Ամուլսարի հանքի գործունեության դադարեցման հետ: Այս գործարանների փակ լինելը, ինչպես նաեւ այլ ընկերությունների շահույթի մակարդակը ազդել է բյուջե փոխանցվող շահութահարկի մեծության վրա:


«Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում հավաքագրվող հարկային եկամուտների աճը պայմանավորված է եղել ԱԱՀ-ի եւ գրանցված աշխատակիցների թվաքանակի ավելացմամբ, նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմամբ, սակայն շահութահարկի գծով 94,5% անկում է գրանցել: Սակայն այս միջոցառումները կարող են հարկային եկամուտների աճ ապահովել կարճաժամկետ հատվածում, մինչդեռ միջնաժամկետ հատվածում առաջնային պետք է դառնա ուղղակի հարկերի ավելացումը, մասնավորապես՝ նոր ստեղծվող աշխատատեղերի հաշվին ավելի մեծ եկամտային հարկի ծավալների եւ շահութահարկի ավելացմամբ, ինչը, իր հերթին, հնարավոր է միայն տնտեսության զարգացման լավատեսական սցենարի պարագայում»,- ամփոփել են Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնում:
Դիտում՝ 3448
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW