Նորաստեղծ կենտրոնը՝ կամուրջ պետության, գործարարների եւ հասարակության միջեւ

13.02.2019 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն #Մարինե Առաքելյան
Օրերս հայտարարվեց «Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ստեղծման մասին։

Կենտրոնում նշեցին, որ անաչառ ու համապարփակ ուսումնասիրությունների, հետազոտությունների ու վերլուծությունների միջոցով հավակնում են տնտեսական ոլորտում առանցքային դերակատարություն ստանձնել եւ վստահելի կամուրջ ստեղծել պետական մարմինների, գործարար համայնքի եւ հասարակության միջեւ։

Banks.am-ը կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանի օգնությամբ պարզել է կառույցի ստեղծման մանրամասներն ու ապագա ծրագրերը:


Ստեղծման նախադրյալները

Կենտրոնում հրամայական են համարում պետական մարմինների, գործարար համայնքի եւ հասարակության միջեւ հուսալի կապ ստեղծելու անհրաժեշտությունը:

Բացի այդ, կենտրոնի հիմնադիրները ցանկանում են մասնակից դառնալ «տնտեսական հեղափոխության իրականացմանը»:


Թիմը

Թիմում ներգրավված է 5 տնտեսագետ։ Կենտրոնի հիմնադիր նախագահը Հովհաննես Նավասարդյանն է։

Կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Մարինե Առաքելյանն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը: Հետբուհական կրթությունը շարունակել է Շվեդիայի Լունդի համալսարանում եւ ստացել մագիստրոսի աստիճան:

Կենտրոնում լիահույս են, որ ակտիվ ու նպատակային գործունեության արդյունքում թիմն արագ կընդլայնվի:

Հետազոտությունների անաչառությունը

Մինչ ցանկացած ուսումնասիրության հանրայնացումը, որոնք հիմնված են պաշտոնական վիճակագրության վրա, իրականացվում է ոլորտի բազմակողմանի ուսումնասիրություն, որն անաչառության պահպանման հիմնական նախապայմաններից է:

Ուսումնասիրություններն իրականացվում են տնտեսագիտության թեկնածուների կողմից, որոնք հստակ պատկերացնում են ուսումնասիրությունների իրականացման մեթոդաբանությունն ու կարգը:

Ծրագրեր

Այս փուլում կենտրոնը նախանշել է իրականացնել մի շարք ծրագրեր՝ «Բիզնեսը նոր Հայաստանում», որի նպատակն է մարզային քննարկումների միջոցով վերհանել ու հնարավորիս աջակցել տեղի գործարարներին իրենց առաջ ծառացած խնդիրների լուծման հարցում:

Կենտրոնն ունի նաեւ «Փոքր դրամաշնորհների ծրագիր», որի շրջանակում դրամաշնորհներ են տրամադրվելու մասնագիտական վերլուծությունների եւ ուսումնասիրությունների իրականացման համար:

«Թվերն ու արդյունքները» շարքում իրականացվելու է սեփական ուսումնասիրությունների շղթան:

Նախատեսվում է նաեւ հանրային քննարկումների, մամուլի ասուլիսների եւ այլ միջոցառումների կազմակերպում:

Համագործակցություն

Կենտրոնը համագործակցության առաջարկով դիմել է պետական գերատեսչություններին, գիտական հաստատություններին, լրատվամիջոցներին, մասնագիտացված կենտրոններին ու կազմակերպություններին:

Երկարաժամկետ կտրվածքում նախատեսում է համագործակցություն նաեւ միջազգային կազմակերպությունների հետ:

Կենտրոնը ձգտում է արձագանքել տնտեսական բլոկում տեղի ունեցող զարգացումներին, թեմաների ընտրությունն իրականացնել գործարարներին ու քաղաքացիներին հուզող հարցերի վերաբերյալ:

Ընտրանքային մոտեցումը բացառելու համար տնտեսագետները պատրաստակամ են իրականացնել վերլուծություններ ինչպես լրատվամիջոցների բարձրաձայնած խնդիրների, այնպես էլ կենտրոնին դիմող քաղաքացիներին ու գործարարների հետաքրքրող թեմաների շուրջ:

Պատրաստեց Թագուհի Հովհաննիսյանը
Դիտում՝ 6734
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW