«ՀՀ քաղաքացին պետք է տնտեսական իմաստով հաղթահարի խեղճությունը»

12.02.2019 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության նոր ծրագիրը՝ հայտարարել է տնտեսական հեղափոխության մեկնարկը:

Banks.am-ն ըստ ոլորտների առանձնացրել է վարչապետի հայտարարության առավել ուշագրավ հատվածները:

Տեխնոլոգիաները՝ տնտեսության լոկոմոտիվ

Մեր նպատակը ձեւակերպված է Ազգային ժողով ներկայացված ծրագրի հենց առաջին պարբերությունում, որտեղ մասնավորապես ասվում է, մեջբերում եմ՝ «Առաջիկա հինգ տարիներին՝ Հայաստանի կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն», մեջբերման ավարտը:

Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է, որ կառավարության հիմնական խնդիրը համախառն ներքին արդյունքի կառուցվածքը փոխելն է այնպես, որ 5 տարի հետո մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաները եւ տեխնոլոգիական նորարարությունները: Խոսքն արդեն իսկ գոյություն ունեցող տեխնոլոգիաների ընդարձակ կիրարկման, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների ստեղծման կամ առնվազն դրանց ստեղծմանն էական մասնակցություն ունենալու, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական հմտությունների, արտադրանքի եւ ապրանքների թողարկման, արտահանման եւ կիրառման այնպիսի ծավալների հասնելու մասին է, որ տեխնոլոգիատար այս ոլորտները դառնան Հայաստանի տնտեսության հիմնական բնորոշիչը:

Էկոլոգիական բարձր չափանիշներ

Մեր տնտեսության բոլոր ճյուղերը պետք է համապատասխանեն էկոլոգիական բարձր չափանիշներին՝ գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, արդյունաբերությունը, շինարարությունը, փոքր եւ միջին բիզնեսը, քաղաքային տնտեսությունը:

Արտահանմանն ուղղված տնտեսություն

Մեր նպատակադրումների մեջ է նաեւ մեր տնտեսության արտահանմանը միտված լինելը: Սա կարեւոր է հատկապես Հայաստանը երկար տարիներ համակած մենաշնորհների եւ մենաշնորհների դեմ պայքարում կառավարության արձանագրած հաջողությունների ֆոնին: Հայաստանի շուկան չափազանց փոքր է տարբեր ոլորտների թռիչքաձեւ առաջընթացի հենարան լինելու համար, եւ արհեստական մենաշնորհային որեւէ դրսեւորում ինքնին պետք է վկայի երկրի տնտեսության հուսահատ լինելու մասին այն իմաստով, որ ներքին շուկայի համար խելագար եւ անազնիվ պայքարը վկայում է տնտեսական աշխարհընկալման տեղային եւ փոքր լինելու մասին:
Մեր երկրի տնտեսության հիմնական ճյուղերի հայացքները պետք է ուղղված լինեն արտաքին շուկաներին: Խոսքը վերաբերում է նաեւ միկրոբիզնեսին, փոքր եւ միջին բիզնեսին, որոնց արտահանման հիմնական եւ առանցքային խողովակը պետք է լինի զբոսաշրջությունը, ինչպես նաեւ ապրանքների արտահանումը ժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես, ինտերնետ առեւտրի միջոցով:

Արտահանմանը միտված լինելու հրամայականը վերաբերում է նաեւ գյուղատնտեսությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, թեթեւ արդյունաբերությանը:

Նախապատվություն տեղական արտադրանքին

Ուզում եմ մեր բոլոր հայրենակիցներին կոչ անել բոլոր ոլորտներում նախընտրությունը տալ տեղեկատվական ապրանքներին եւ ծառայություններին, բայց եւ այնպես մեր տնտեսության զարգացման հեռանկարն արտահանումն է, եւ մենք այստեղ ունենք, ըստ էության, անսահմանափակ հնարավորություններ:


Արտահանման ոլորտում մեր մեծագույն խնդիրը հանքանյութ արտահանող երկրից պատրաստի արտադրանք արտահանող երկիր դառնալն է: Ընդ որում, այս կառուցվածքում բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման տեսակարար կշիռը լրջագույնս մեծացնելը մեր առանցքային ամբիցիան է, մեր առանցքային հավակնությունը: Նման խնդիր լուծելու համար էական է հայաստանյան ապրանքների եւ ծառայությունների մրցունակությունը:

Եվ սա լինելու է կառավարության գործունեության հաջորդ կարեւոր ուղղությունը, երբ հարկային հավասարակշռված համակարգի աշխատանքի արտդրողականության շարունակական բարձրացման միջոցով էականորեն պիտի աճի տնտեսության մրցունակությունը:

Այս առումով չափազանց էական է վարկերի հասանելիությունը, նկատի ունեմ տոկոսադրույքների շարունակական նվազումը եւ ֆինանսական կայունությունը: Եվ մենք հույս ունենք եւ համոզված ենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը կկարողանա արդյունավետ կերպով կառավարել այս խնդիրը:

Տնտեսության ներառականություն

Մեր տնտեսական նպատակադրումների առումով առանցքային է Հայաստանի տնտեսության ներառականությունը:

Ի՞նչ է նկատի առնվում ներառական տնտեսություն ասելով: Մեր երկրի տնտեսական աճը եւ տնտեսական աճի մոդելը մեծ կախվածության մեջ է փոքր թվով խոշոր ընկերություններից, եւ ինչպես նախկինում ասել եմ, Հայաստանում կան ընկերություններ, որոնց ղեկավարության տվյալ օրվա տրամադրություններն ու քմահաճույքները կարող են էական ազդեցություն ունենալ տնտեսության ընթացիկ վիճակի վրա եւ նույնիսկ ցնցումներ առաջացնել: Մեր նպատակադրումն է ստեղծել տնտեսական մի այնպիսի համակարգ, որ համախառն ներքին արդյունքի ձեւավորմանը մասնակցեն հնարավորինս մեծ թվով ընկերություններ ու քաղաքացիներ, եւ նրանց ազդեցությունը տնտեսության վրա լինի հնարավորինս ապակենտրոնացված, հնարավորինս սփռված: Սա չի նշանակում, թե մեր պատկերացմամբ երկրում խոշոր ընկերություններ չպետք է լինեն կամ մենք բացասական ենք վերաբերում խոշոր ընկերություններին:

Տնտեսական աճ՝ տնտեսական զարգացման փոխարեն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրում է տնտեսական աճի քաղաքականությունը տնտեսական զարգացման քաղաքականության փոխարինելու ուղեգիծ: Ո՞րն է երկուսի տարբերությունը՝ ըստ էության այն, ինչի մասին խոսեցի հենց նոր: Կարելի տնտեսական աճ ապահովել մի քանի ընկերությունների գործունեության արդյունքում, բայց սա բացի թվաբանությունից, ուրիշ ոչինչ չի նշանակում, եւ քաղաքացիները չեն զգում տնտեսական այդ աճի ազդեցությունն ինչքան էլ այն մեծ լինի:

Մեզ հարկավոր է տնտեսական զարգացում, ինչպես ասացի՝ համախառն ներքին արդյունքի ձեւավորումը, հանրային լայն համագործակցության, հնարավորինս մեծ ու անընդհատ մեծացող թվով ընկերությունների ու մարդկանց գործունեության արդյունք է եւ հետեւաբար դա արդյունք է, որը հասանելի եւ տեսանելի է բոլորին: Եվ որպես այդ զարգացման ամենատեսանելի արգասիք կառավարությունը նպատակադրվում է առաջիկա 5 տարիներին հասնել Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, աղքատության էական կրճատմանը, գործազրկության էական կրճատմանը, աշխատավարձերի եւ թոշակների շարունակական աճին եւ արտահանման տեմպերի բազմապատկմանը:

Պատասխանելով մեղադրանքներին

Արդեն երկար ժամանակ ով չի ալարում, մեր կառավարությանը մեղադրում է Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարություն չունենալու մեջ, մինչդեռ հեղափոխությունից անմիջապես հետո մենք հստակ հայտարարել ենք, որ տնտեսական զարգացման մեր առանցքային ռազմավարությունը ժողովրդավարությունն է, օրենքի կամ իրավունքի գերակայության հաստատումը, պայքարը կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ, պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, թվայնացումը, կառավարության կառուցվածքի օպտիմալացումը, հարկային համակարգի պարզեցումը, ուղղակի հարկերի թեթեւացումը:

Ես ուզում եմ ասել, որ աղքատության հաղթահարման գործում շատ կարեւոր ենք համարում Հարկային օրենսգրքի փոփոխության մեր ունեցած պատկերացումների մի հատվածը, որը պլանավորում է Հայաստանի տնտեսական համակարգում նոր հասկացություն ներմուծել պայմանականորեն, որը պիտի անվանենք միկրո բիզնես եւ որը պետք է ազատված լինի բոլոր հարկերից:

Խոսքը մինչեւ 24 մլն տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսների մասին է եւ մենք առաջիկայում ձեր օգնությամբ, ձեր հետ միասին, հույս ունեմ կընդունենք այդ օրենքը, որը հնարավորություն կտա իսկապես քաջալերել մարդկանց փոքր բիզնեսը:

Զրոյից բիզնես սկսելու հնարավորություն

Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի ՀՀ-ում մարդը զրոյից բիզնես անելու հնարավորություն ունենա: Ի՞նչ պետք է անել սրա համար:


Սրա համար նախ պետք է հարկային արտոնյալ պայմաններ ստեղծել, որպեսզի հարկերի տակ մարդը, քաղաքացին չճռա, երկրորդը՝ մեծացնել ֆինանսական հոսքերի հասանելիությունը, որպեսզի մարդը որոշակի վարկավորում ունենալու եւ հնարավորինս էժան տոկոսներով վարկավորում ունենալու հնարավորություն ունենա եւ նաեւ օգնել նրան իր բիզնես կրթության մակարդակը բարձրացնելու առումով, որպեսզի նա կարողանա հաղթահարել իր աղքատությունը:

Խեղճությունն է աղքատությունն առաջին հերթին

Խեղճությունն է աղքատությունն առաջին հերթին: Մեր կառավարության նպատակը, մեր քաղաքական թիմի նպատակը եւ իմ անձնական նպատակն իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում եղել է հետեւյալը, որ Հայաստանի քաղաքացին խեղճությունը հաղթահարի: Հայաստանի քաղաքացին քաղաքական իմաստով հաղթահարել է խեղճությունը, եւ դա քաղաքական հեղափոխությունն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի տնտեսական իմաստով հաղթահարի խեղճությունը, եւ դա է տնտեսական հեղափոխությունը:

Փոփոխություններ միկրոբիզնեսում

Վերադառնալով միկրոբիզնեսին՝ ուզում եմ ասել, որ ինչպես եւ խոստացել ենք, այս կատեգորիայի տակ կմտնեն նաեւ անհատ տաքսու վարորդները, եւ ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր նորամուծություն է սոցիալական խնդիր լուծելու համար:

Մենք ասելու ենք՝ ով տարեկան մինչեւ 24 միլիոն շրջանառություն ունի, հարկեր չի վճարում: Ի դեպ, ասեմ, որ դրա հետ կապված կա 2 հարց, որ մենք իրար հետ պետք է քննարկենք. եկամտահարկ չի վճարվելու, միանշանակ, բայց հարցը հետեւյալն է. արդյոք կենսաթոշակային կամ սոցապ վճար պիտի վճարի՞, թե՞ ոչ, որովհետեւ դա, ըստ էության, ոչ թե վճարում է պետությանը՝ որպես հարկ, այլ սոցիալական վճար՝ ինքն իր կենսաթոշակային ապագան որոշելու համար: Բայց սա ուրիշ տեխնիկական թեմա է:

Հիմա հարցը հետեւյալն է՝ ինչպե՞ս են արձագանքելու մարդիկ, եւ ինչպե՞ս ենք որոշելու մենք՝ մարդը տարեկան 24 միլիոն շրջանառություն ունի, թե՞, օրինակ, 80 միլիոն: Դա որոշվելու է ՀԴՄ-ների աշխատանքի արդյունքում, այսինքն՝ մարդն աշխատելու է, տարվա արդյունքում իմանալու ենք՝ իր շրջանառությունն ինչքան է: Եվ հետեւաբար, այստեղ մենք ունենք մի հարց. այս առաջարկի, այս հնարավորության արդյունքում մեզ մոտ 0-ից ստեղծվելո՞ւ են միկրոբիզնեսներ, թե՞, ասենք, 100 միլիոնանոց բիզնեսները դառնալու են 5 կամ 6 հատ միկրոբիզնեսներ: Այս պրոբլեմը մենք այսօր արդեն ունենք Հայաստանի Հանրապետությունում: Երբ Հայաստանում շրջանառության հարկը ներդրվեց, բոլորիս թվում էր, թե մենք տնտեսության համար մի բալասան ենք գտել: Ասում էինք՝ փոքր բիզնեսին աջակցելու ենք, բայց միլիարդանոց ընկերությունները դառնան շրջանառության հարկ վճարող, եւ այդ դեպքերը բոլորս գիտենք. բերեցին, խանութներում ամեն մեկը 65 հատ հաշվիչ դրամարկղային մեքենա շարեցին 65 տարբեր անհատ ձեռներեցների անունով եւ հարկերից սկսեցին խուսափել:

Սա է պարտնյորությունը, սա է մեր պատկերացումը, եւ շատ կարեւոր է, թե ամեն հնարավորությանը ինչպես են արձագանքում՝ հիմա էլի սկսելո՞ւ ենք այդ ՀԴՄ մեքենայությունները, թե՞ չենք անելու: Ե՛վ գործարարի, եւ՛ քաղաքացու, եւ՛ պաշտոնյայի համար ՀԴՄ տալը դառնալո՞ւ է մշակույթ, թե՞ չի դառնալու: Ուզո՞ւմ եք կանխատեսենք՝ ինչ է լինելու հռչակված տնտեսական հեղափոխության արդյունքում: Թող ամեն քաղաքացի ասի՝ ՀԴՄ կտրոն խփել-չխփելու հետ կապված իր դիրքորոշումն ինչպիսին է լինելու, եւ ես կասեմ՝ ինչ է լինելու տնտեսական հեղափոխության արդյունքում: Եթե քաղաքացին էլի ասելու է՝ ՀԴՄ կտրոն մի տուր կամ մի խփի, ինձ պետք չի, կամ նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները խանութներում շարունակելու են այդ գործելակերպը, ոչ մի բան էլ չի ստացվելու:

Մենք էլի մեր խեղճության մեջ տապակվելու ենք, ասելու ենք՝ դե կառավարություն, բա ինչի՞ այս հարցն այսպես չլուծեցիր:

«Ոչ ոք չի ուզում հարկ վճարի»

Ընդհանրապես պետք է էական փոփոխություն լինի հարկեր վճարելու գործընթացի վերաբերյալ վերաբերմունքում:

Եկեք հետեւենք մեր երկրում տեղի ունեցող դիսկուրսին. ում ուզում ես մոտենաս, ասես, դու պետք է հարկ վճարես, մեկը հայտնի երգիչ է, մյուսը հայտնի փաստաբան է, մյուսը՝ հայտնի մտավորական, մյուսն ընդհանրապես հայտնի երիտասարդ է, ու ում մոտենում, ասում ես՝ դու պիտի հարկ վճարես, ասում է՝ ո՞նց, ես պիտի հարկ վճարեմ: Ես ինչի՞ հարկ վճարեմ: Բայց չէ՞ որ ես հայտնի եմ, ո՞նց, երգիչներից կարելի՞ է հարկ վերցնել, փաստաբաններից հա՞րկ եք ուզում վերցնել, այս ի՞նչ խայտառակություն է: Ոչ ոք չի ուզում հարկ վճարել, բայց բոլորն ուզում են թոշակները բարձրանան, աշխատավարձերը բարձրանան, պաշտպանության մակարդակը բարձրանա, ճանապարհները լավ լինեն, բայց ոչ մեկը հարկ չվճարի: Սա Հայաստանի Հանրապետության ամենամեծ դիլեման է:

Հարկային օրենսգրքի փոփոխություններ

Հաջորդ կարեւոր փոփոխությունը Հարկային օրենսգրքում է, որն էլի շատ մեծ քննարկումների տեղիք է տալիս: Դա համահարթ եկամտահարկի հաստատումն է, եւ մենք մտադիր ենք եռաստիճան եկամտահարկի համակարգը դարձնել միաստիճան, այսինքն՝ բոլոր տիպի աշխատավարձերի համար նախ սահմանել 23 տոկոս եկամտահարկ եւ պարտավորվել, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք եկամտահարկը կդարձնենք էլի համահարթ 20 տոկոս: Ինչո՞ւ ենք սա անում՝

Մեզ քննադատում են, ասում են, որ մենք փաստորեն բարձր աշխատավարձ ստացողներին ենք սրանով աջակցում: Սրա մեջ կա ճշմարտության որոշակի հատիկ, եւ ըստ էության՝ դա մեր նպատակադրումների մեջ է, որովհետեւ մենք ուզում ենք խրախուսել բարձր աշխատավարձի քաղաքականությունը: Մենք ուզում ենք ոչ թե խոչընդոտներ ստեղծել աշխատավարձի բարձրացման համար, որովհետեւ այսօրվա հարկային համակարգի պայմաններում ամեն գործատու աշխատավարձ բարձրացնելուց առաջ պետք է մտածի, որ իր վրա այսքան հավելյալ հարկային բեռ է գալիս:

Մենք ուզում ենք ստեղծել պայմաններ, որ խթանվի բարձր աշխատավարձը, ոչ թե ցածր աշխատավարձը, որովհետեւ եթե մենք ուզում ենք տեխնոլոգիական երկիր լինել, տեխնոլոգիական երկրում ցածր աշխատավարձերի քաղաքականություն չի վարվում, պետք է վարվի բարձր աշխատավարձերի քաղաքականություն, եւ սա հաջորդ մեր նպատակն է: Տեխնոլոգիական ոլորտի համար՝ մենք ասում ենք, որ մեր շուկան ուզում ենք տեխնոլոգիական ներդրումների համար դարձնել առավել գրավիչ: Ինչպե՞ս պետք է դարձնենք առավել գրավիչ՝ հենց այսպես. երբ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչը, պոտենցիալ ներդրողը կտեսնի, որ իր պոտենցիալ ներդրման պայմաններում Հայաստանում աշխատավարձերի հարկման առավել նպաստավոր պայմաններ են գործում:

«Խուճուճ» ՊԵԿ

Եվ հաջորդ կարեւոր նպատակադրումը, որ մենք ասում ենք, ամենամեծ բողոքը, որ մենք լսում ենք ընդհանրապես պոտենցիալ ներդրողներից, ո՞րն է. այն, որ մեր հարկային համակարգն ընդհանրապես չափազանց բարդ է, չափազանց խուճուճ է, եւ նույնիսկ պրոֆեսիոնալ հաշվապահները երբեմն առանց ՊԵԿ-ի աջակցության չեն կարողանում հասկանալ՝ ինչն ինչպես պետք է անել, որպեսզի օրենքը խախտած չլինեն: Շատ դեպքերում նույնիսկ ՊԵԿ-ի աջակցությամբ հնարավոր չի լինում դա պարզել:

Գուցե նաեւ սա էլ է գիտակցորեն կամ ենթագիտակցորեն ուղիղ արվել՝ այնքան խճճել, որպեսզի հնարավոր չլինի օրինական դաշտում աշխատել, որպեսզի հնարավոր լինի ամբողջ տնտեսական դաշտը վերցնել վերահսկողության տակ: Մենք կարծում ենք, որ մեր հարկային համակարգը պետք է հնարավորինս պարզ լինի: Այո՛, մենք այս հարկային թեթեւացումով նաեւ ակցիզային հարկով հարկվող ապրանքների պարագայում որոշակի հարկային բեռի ավելացում ենք անելու, եւ դա պայմանավորված է նաեւ ԵԱՏՄ շրջանակում արդեն իսկ գոյություն ունեցող օրենսդրությունների հետ:


Ի դեպ, ասեմ՝ այն 50 կգ-երը, որ հունվարի 1-ից դարձել են 25 կգ, որի մասին քիչ առաջ ասում էի, դա ոչ թե մեր կառավարության որոշմամբ է տեղի ունեցել, այլ ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում, եւ մենք այս ամիսներին ուզում էինք մեր քաղաքացիներին հնարավորություն տալ, որպեսզի նրանք առավել նպաստավոր պայմաններով աշխատեն՝ ոչ թե աշխատեն, այլ ճամփորդեն, բայց մենք տեսանք, թե դա ինչի հանգեցրեց: Ես էլի ուզում եմ ասել՝ մեր կարեւոր նպատակադրումը ընդհանուր առմամբ հարկային համակարգի պարզեցումն է, եւ հարկային համակարգի պարզեցման միջոցով մենք որոշակի հարկային դիվերսիֆիկացիա կունենանք: Կարծում ենք, որ սա ճիշտ քաղաքականություն է՝ պետք է ուղղակի հարկերի վրայից բեռը հանել եւ տեղափոխել անուղղակի հարկերի վրա, որովհետեւ սա առաջին հերթին խթանում է գործարարությունը եւ տնտեսական ակտիվությունը:

Պարզեցված կարգավորումներ

Հաջորդ կարեւորագույն գործոնը, որ մենք մտադիր ենք իրականացնել՝ Հայաստանի տնտեսական դաշտն առավել գրավիչ դարձնելու համար, կարգավորումների հնարավորինս նվազեցումը եւ պարզեցումն է: Մենք ասում ենք, որ այն կարգավորումները, լիցենզավորումները, արտոնագրերը, որոնք պետությունը չի տալիս որեւէ ռիսկ կառավարելու համար, ընդհանրապես պետք է վերացվեն: Այսինքն՝ եթե այդ կարգավորման վերացման արդյունքում որեւէ ռիսկ չի առաջանում՝ կլինի անվտանգության, առողջապահական իմաստով անվտանգության կամ որեւէ իմաստով անվտանգության հետ կապված կամ այլ ռիսկեր, բոլոր կարգավորումները պետք է հանվեն, որպեսզի բիզնեսը կարողանա անկաշկանդ եւ ազատ գործել: Սա կառավարության գործունեության հաջորդ կարեւոր ուղղությունն է:

Ենթակառուցվածքների զարգացում

Կա մի ոլորտ, որտեղ կառավարության պարտավորությունը հստակ է, միանշանակ եւ աներկբա. դա ենթակառուցվածքների որակն է եւ ենթակառուցվածքների վիճակը:

Այս առումով, կառավարության համար առաջնային նշանակություն ունեն Հայաստանում ենթակառուցվածքների որակը եւ ենթակառուցվածքների վերափոխումները: Խոսքը վերաբերում է ավտոճանապարհներին, ջրային ենթակառուցվածքներին, չնայած այս համակարգում նույնպես մեր ռազմավարական մոտեցումն է օգտվել պետություն-մասնավոր ընձեռած հնարավորություններից:

Ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել, որ ՀՀ կառավարության կարեւորագույն տեսլականներից մեկը Հայաստանում ջրամբարաշինությանը նոր թափ հաղորդելն է, որովհետեւ դա, կարծում ենք, որ էական նշանակություն ունի նաեւ աղքատության հաղթահարման ճանապարհին: Մեր ռազմավարական նպատակն է, որ ՀՀ-ում ոռոգման ջուրը լինի նույնքան հասանելի, պայմանական ասած, ինչքան հասանելի է էլեկտրական հոսանքը: Չնայած մենք գիտենք, որ զուտ բիզնեսի առումով էլեկտրական հոսանքի հասանելիության համար մենք բազմաթիվ խնդիրներ եւ խոչընդոտներ ունենք, բայց դա բոլորովին ուրիշ թեմա է:

Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել հետեւյալը, որ մենք, իհարկե, շատ կարեւորում ենք արտաքին պարտքի ցածր բեռ ունենալու հանգամանքը, բայց եւ կարծում ենք, որ այն պայմաններում, երբ Հայաստանի կառավարությունն ի վիճակի կլինի երաշխավորել արտաքին ներգրավված միջոցների եւ, ընդհանրապես, պետական միջոցների ծախսման արդյունավետությունը, պետք է չխուսափել նաեւ արտաքին ներդրումների եւ վարկերի միջոցով ՀՀ-ում ջրային, ավտոտրանսպորտային ենթակառուցվածքների որակն էականորեն բարձրացնելու տրամաբանությունից: Կառավարությունը լրջորեն քննարկում է այս հնարավորությունը եւ կառավարությունը պիտի լրջորեն գնա այս ճանապարհով, իհարկե այդ ընթացքում խորհրդարանի դերը եւ խորհրդարանի խոսքը շատ կարեւոր է լինելու, եւ մենք հույս ունենք, որ այս իմաստով նույնպես կկարողանանք հասնել արդյունավետ համագործակցության:

Կապիտալի շուկայի զարգացում

Շուկայի կառուցվածքի փոփոխության առումով մեր կառավարությունը չափազանց կարեւոր է համարում կապիտալի շուկայի կայացումը եւ չափազանց կարեւոր է համարում ՀՀ քաղաքացիներին ներդրումների հնարավորություններ տալը:

Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգի մեծագույն թերություններից մեկն այն է, որ ըստ էության, ՀՀ քաղաքացիներն իրենց խնայողությունները ներդնելու այլընտրանքային տեղ չունեն, բացի բանկային համակարգից, որտեղ նրանք հնարավորություն ունեն իրենց խնայողությունները ներդնել եւ ստանալ բանկային որոշակի տոկոսներ: ՀՀ կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունում կապիտալի շուկան զարգացնելու առումով, այն իմաստով, որ մասնավոր եւ պետական արժեթղթեր դրվեն շրջանառության մեջ եւ բորսայական գործարքների միջոցով հնարավոր լինի այդ արժեթղթերում մասնավոր հատվածի եւ ֆիզիկական ու իրավաբանական հատվածի կողմից ներդրումներ իրականացնել: Առավել մանրամասն ուզում եմ պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը:

Խոսքն այն մասին է, որ օրինակ պետական որեւէ ընկերություն իր բաժնետոմսերի 10 կամ 20 տոկոսը, այսպես ասած, ցուցակման միջոցով բորսայում վաճառքի է հանում եւ մարդիկ հնարավորություն են ունենում այդ բաժնետոմսերից գնել եւ հետեւաբար, օգտվել նաեւ այդ շահույթներից:

Սա շատ կարեւոր տնտեսական փոփոխություն կլինի եւ, ըստ էության, հեղափոխական փոփոխություն, որովհետեւ ՀՀ-ում այսպիսի նախադեպ մենք նախկինում չենք ունեցել, բայց ընկերություններն այսպիսի մակարդակի հասցնելու համար պահանջվում է շատ երկար ճանապարհ՝ այդ ընկերությունների թափանցիկության մակարդակը պետք է էականորեն բարձրացվի, այդ ընկերությունների կառավարման որակը պետք է էականորեն բարձրացվի եւ այդ ընկերությունները պետք է լինեն արդյունավետ կառավարվող: Ցավոք, ՀՀ-ում, հատկապես պետական հատվածում, այդպիսի ընկերությունների թիվը մեծ չէ եւ մենք, այնուամենայնիվ, խնդիր ենք դրել, որպեսզի առաջին հինգ տարիներին կարողանանք ՀՀ-ի որոշակի պետական շահութաբեր ձեռնարկությունների արժեթղթերը հանել բորսա, որպեսզի իրավաբանական ընկերությունները, անհատները հնարավորություն ունենան դրանցում ներդրումներ անել:

Ես ուզում եմ ասել, որ այս ուղղությամբ մենք որոշակի խոսակցություն ենք տանում նաեւ մասնավոր ընկերությունների հետ, որպեսզի նրանք նույնպես անցնեն այդպիսի քաղաքականության, որովհետեւ դա, ըստ էության, շահութաբեր է նրանց համար, որովհետեւ այսպիսով նրանք հնարավորություն են ունենում կապիտալ ներգրավվելու այլընտրանքային ուղիներ ձեռք բերել եւ, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին ներգրավել որպես բաժնետերեր եւ կիսել ՀՀ քաղաքացիների հետ իրենց շահույթները, իհարկե նաեւ ռիսկերը: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ սա այն փոփոխություններից է, որ մենք կարող ենք, իսկապես, համարել հեղափոխական փոփոխություն:
Դիտում՝ 2291
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW