Հայաստանյան բանկերը՝ Իրանի քաղաքացիներին սպասարկելու մասին

30.11.2018 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #սանկցիա
Հայաստանում բնակվող Իրանի մի շարք քաղաքացիներ (այդ թվում՝ երկքաղաքացիներ) վերջին շրջանում սոցիալական ցանցերի միջոցով ահազանգում էին, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնման հետեւանքով հայաստանյան բանկերն իրենց համար խոչընդոտներ են ստեղծում՝ սառեցնելով գործող հաշիվներն ու հրաժարվելով բացել նորերը:

Banks.am-ը այս տեղեկատվության իսկությունն ու մանրամասները պարզելու նպատակով գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ առեւտրային բոլորին բանկերին ու Կենտրոնական բանկին: Վերջինս ավելի ուշ հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ «ԿԲ-ն իր որեւէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելում Իրանի քաղաքացիներին կամ Իրանից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից»:


Ստորեւ ներկայացնում ենք այն առեւտրային բանկերի պարզաբանումները, որոնք պատասխանել են հարցմանը:

IDBank

IDBank-ը 2018-ի ընթացքում չի փոխել իր քաղաքականությունը եւ շարունակում է սպասարկել ինչպես Իրանի, այնպես էլ՝ այլ երկրների քաղաքացիների գործող հաշիվները. որեւէ սահմանափակում իրանցի հաճախորդների հաշիվների նկատմամբ չի կիրառվել։

Ինչ վերաբերում է Իրանի քաղաքացիների համար նոր հաշիվներ բացելու հարցին, տեղեկացնենք, որ բանկի քաղաքականությունն այս հարցում բխում է բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներից։ Մասնավորապես՝ բանկը հաճախորդների համար (ընդ որում՝ անկախ ռեզիդենտությունից կամ քաղաքացիությունից) հաշիվներ բացելիս՝ հաշվի է առնում հաճախորդների ռիսկայնության դասակարգման մի շարք չափանիշներ եւ, անհրաժեշտության դեպքում իրականացնելով նաեւ հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն, արդյունքում կայացնում է հաշվի բացման գործարքի իրականացման մերժման կամ թույլատրման փաստարկված որոշում։

Այսինքն՝ անկախ հաճախորդի ռեզիդենտությունից կամ քաղաքացիությունից՝ բանկը հաշվի բացման վերաբերյալ գործարք կնքելիս հիմնվում է համապատասխան իրավական ակտերով սահմանված հաճախորդի ռիսկայնության գնահատման արդյունքների վրա։

Միաժամանակ, հայտնում ենք, որ բանկը խնդրո առարկա  հարցի առնչությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից որեւէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական հրահանգ չի ստացել։

Բիբլոս Բանկ Արմենիա

Իրանի քաղաքացիների հետ Բիբլոս Բանկ Արմենիան գործարքներ չի իրականացնում՝ ելնելով իր ներքին քաղաքականությունից:

Միաժամանակ, հարկ է նշել, որ սահմանափակումների կիրառման հարցը չի քննարկվել ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչների հետ, եւ Կենտրոնական բանկի կողմից պաշտոնական հրահանգ առկա չէ:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան

Էյչ-Էս-Բի-Սի Բանկը գործում է Եվրամիության, Հոնկոնգի, Միացյալ Թագավորության, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ընդունված պատժամիջոցների վերաբերյալ օրենքներին եւ կանոնակարգերին, ինչպես նաեւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկի գործունեության երկրներում գործող պատժամիջոցների վերաբերյալ համապատասխան օրենքներին եւ կանոնակարգերին համահունչ։

Ինեկոբանկ

Ինեկոբանկն իր հաճախորդների հետ գործարար հարաբերությունների եւ գործարքների կնքման ժամանակ խստորեն պահպանում է միջազգային եւ ՀՀ օրենսդրական ակտերով սահմանված պահանջները: Հետեւաբար, բանկը սպասարկում է բացառապես այն հաճախորդներին, որոնց գծով միջազգային եւ ՀՀ սանկցիոն ցուցակներում սահմանափակումներ առկա չեն: Սույն քաղաքականությունը որդեգրվել է բանկի կողմից ինքնուրույն եւ հետեւողականորեն իրականացվում է բանկի ստեղծման օրվանից:

Հարկ ենք համարում հստակեցնել, որ ՀՀ քաղաքացիների սպասարկումն իրականացվում է ՀՀ օրենսդրության եւ միջազգային նորմերին համահունչ՝ անկախ ՀՀ քաղաքացու երկրորդ քաղաքացիություն ունենալու փաստից:

Ինչ վերաբերում է ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց սպասարկմանը, ապա բանկում գործում են վերջիններիս կողմից հաշվի բացման եւ գործարքների/գործարար հարաբերությունների կնքման առավել խիստ ներքին չափորոշիչներ, եւ յուրաքանչյուր դեպք ենթակա է հավելյալ ուսումնասիրության եւ հաստատման՝ ելնելով առկա փաստաթղթային հիմնավորումներից, գործարքի նպատակներից եւ այլ չափանիշներից:

Միաժամանակ, կարծում ենք, որ Իրանի քաղաքացիների սպասարկման հետ կապված եւ ՀՀ Կենտրոնական բանկի, եւ ԱՄՆ համապատասխան պետական գերատեսչությունների տեսակետը հասանելի է հասարակության լայն շրջանակներին մամլո հաղորդագրությունների եւ հրապարակումների միջոցով, իսկ լրացուցիչ տեղեկատվության համար առաջարկվում է դիմել անմիջականորեն վերոհիշյալ կառույցներին:

Պատրաստել է Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 13651
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW