Նոր սերնդի թղթադրամները կշրջանառվեն նոյեմբերի 22-ից

20.11.2018 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թղթադրամ #ԿԲ #Դավիթ Նահապետյան
Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի թղթադրամները:

Հանրությունը նախ հնարավորություն կունենա օգտվել նոր՝ 10 000, 20 000, 50 000-դրամանոց թղթադրամներից, իսկ դեկտեմբերի 25-ից՝ 1000, 2000 եւ 5000-դրամանոցներից։


ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանի խոսքով՝ այս թղթադրամների առանձնահատկությունն այն է, որ հիբրիդ որակի են եւ ունեն ժամանակակից պաշտպանական բոլոր հատկանիշները

«Բաղկացած են թղթից եւ պոլիմերային նյութերի համակցությունից, որն ապահովում է առավել պաշտպանվածություն»,- հայտնել է ԿԲ ներկայացուցիչը։

Դավիթ Նահապետյանն ընդգծել է, որ երկրորդ սերնդի թղթադրամները շարունակելու են շրջանառվել եւ որեւէ սահմանափակում չի լինելու։

«Մեր քաղաքացիները կարող են անհոգ լինել եւ անժամկետ դրանք օգտագործել այնքան ժամանակ, մինչեւ դրանք իրենց բնական մաշվածությամբ դուրս բերվեն շրջանառությունից»,- նշել է նա։

ԿԲ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաեւ, որ սկզբնական շրջանում նոր թղթադրամներով հնարավոր չի լինի վճարումներ կատարել տերմինալներով։

«Որոշակի տեխնիկական եւ ծրագրային փոփոխություններ պետք է կատարվեն, որից հետո նոր այս թղթադրամներով հնարավոր լինի վճարային տերմինալներով վճարումներ կատարել, սակայն այդ խնդիրը շատ արագ կլուծվի։ Մենք պարզապես չենք ցանկանում բիզնեսի վրա մեծ բեռ դնել՝ հաշվի առնելով այն, որ սկզբնական շրջանում այս թղթադրամների տեսակարար կշիռը շրջանառության մեջ շատ չի լինելու»,- հայտնել է Դավիթ Նահապետյանը։


1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա պատկերված է Պարույր Սեւակը, 5000-դրամանոցի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 000-դրամանոցի վրա՝ Կոմիտասը, 20 000-դրամանոցի վրա՝ Հովհաննես Այվազովսկին, 50 000-դրամանոցի վրա՝ Գրիգոր Լուսավորիչը:

Նոր՝ 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամը կլինի Տիգրան Պետրոսյանի պատկերով:

100 000 դրամ անվանական արժեքով՝ Աբգար արքայի պատկերով թղթադրամը կմնա շրջանառության մեջ:

Թղթադրամների վրա առկա են նաեւ մանրատառաշար եւ մանրապատկերներ, որոնք տեսանելի են միայն խոշորացույցով դիտելիս:

Նոր թղթադրամների վրա առկա են որոշ թվանշաններ, բառեր եւ պատկերներ, ինչպես նաեւ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված հատկանիշեր, որոնք արված են խոր տպագրությամբ եւ շոշափվում են:
Դիտում՝ 4727
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW