Ընտանեկան գինեգործության մոդել՝ Էջմիածնում

25.09.2018 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Խաչատրյան #գինի #Ագրոմենեջմենտ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն աշխատանքային այց է կատարել Էջմիածնում հիմնված «Ագրոմենեջմենտ» ընկերություն, որը հիմնադրել է Մաչանյանների ընտանիքը՝ վերածնելով ընտանեկան գինեգործության ավանդույթները։

Նախարարությունում նշել են, որ արմատներով Վանի նահանգի Թիմարի գավառի Ալյուր գյուղից Մաչանյանները գինեգործությամբ զբաղվել են դեռեւս այնտեղ՝ ունենալով խաղողի մեծ այգիներ։ 2016թ. հիմնելով սեփական արտադրությունը՝ նրանք խաղողի «Հաղթանակ», «Կարմրահյութ» հայկական տեսակներից ստեղծել են վայրի խմորմամբ, այսինքն՝ առանց կոմերցիոն խմորիչների «Ալլուրիա» գինին։ Այն հնեցվում է Արցախի կաղնիներից պատրաստված տակառներում, սուլֆիտներ չեն ավելացվում:


«Ագրոմենեջմենտ»-ի տնօրեն Արամ Մաչանյանը տեղեկացրել է, որ այս պահին մթերվել է 13 տոննա խաղող, ակնկալում են մթերել 20 տոննա։

«Ալլուրիա» գինին ստեղծելու համար մթերվում է միայն Էջմիածնի տարածաշրջանի խաղողը։ Այս տարի մթերման գինը եղել է 240-250 դրամ։ Տարին հատկանշական է նաեւ նրանով, որ այս տարի առաջին անգամ «Ալլուրիան» արտահանվել է, առայժմ՝ միայն Ռուսաստան։

Այս տարի ընկերությունը հիմնել է նաեւ սեփական խաղողի այգիներ՝ կաթիլային ոռոգման համակարգով, սակայն հարակից անմշակ հողատարածքների առկայությունը խոչընդոտում է առավել արդյունավետ օգտագործմանը։


«Երբ ստեղծում ես գինի, ոչ միայն այն արտադրում ես, այլեւ յուրաքանչյուր փուլում վերսկսում ես պատմությունը։ Երբ վերապրում ես անցյալի ամենավառ պահերը՝ դարձնելով իրականություն, հիշողությունների այդ հատվածները ոգեւորում են եւ ուժ տալիս։ Ահա այդպես են մեզ մոտ ստեղծվում գինիները: Նպատակ ունենք ստեղծել նաեւ հայկական խաղողի բոլոր տեսակներով այգի»,- ներկայացրել է Արամ Մաչանյանը։

Արթուր Խաչատրյանը նշել է, որ հաջորդ տարվանից մեկնարկվող՝ խաղողի տնկարկների կադաստրի ստեղծումը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկներն ու առկա սորտերը, ինչպես նաեւ վերահսկելի դարձնել գինեգործական արտադրանքի որակը:
Դիտում՝ 2471
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW