Որակյալ գինիներ՝ ծուռումուռ այգիներից

26.02.2018 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Semina Consulting #Վահե Քեուշգուերյան
Մոտ 20 տարի առաջ հայկական գինեգործության ոլորտում անհաջող փորձերով մեկնարկած Վահե Քեուշգուերյանի եւ նրա հիմնադրած Semina Consulting (օրերս վերանվանվել է Wine Works) ընկերության հետ են այսօր կապվում հայկական գինիների մի շարք հայտնի անուններ: Banks.am-ի հետ զրույցում գինեգործ, գործարար Վահե Քեուշգուերյանը պատմել է հայկական գինեգործության նորագույն պատմության մարտահրավերների եւ հեռանկարների մասին:

Հայկական գինիների ինկուբատոր

Գինեգործության մեջ Վահե Քեուշգուերյանի հայաստանյան առաջին փորձերը սկսվեցին 1998թ., ցավոք, ոչ այնքան հաջող: Բայց տարիներ անց նա վերադարձավ Հայաստան՝ երազանքի հետեւից՝ 2010թ. ներգրավվելով «Կարաս» գինիների նախագծում: Հենց այդ ժամանակաշրջանի հետ է կապվում հայկական գինեգործության վերածնունդը, որում անհերքելի է մեր զրուցակցի դերը:

««Կարաս»-ի նախագծին զուգահեռ՝ 2013թ. ես գործարան էի բացել, ու այնտեղ հայկական խաղողի տարբեր տեսակներով փորձարկումներ էի անում: Աստիճանաբար այդ գործարանը վերածվեց ինկուբատոր ընկերության. այսինքն՝ մարդիկ բերում են իրենց խաղողը, մենք դա մշակում ենք ու գինի ստանում: Ստացվում է, որ մեկ գործարանից դուրս են գալիս տարբեր ապրանքանիշեր՝ սեփական խաղողով, սեփական կոնցեպտով ու պրոֆիլով»,- Semina Consulting-ի հիմնադրման պատմությունն է պատմում Վահե Քեուշգուերյանը:

Semina Consulting-ի գործարանից են դուրս եկել հայկական շուկայում այսօր հաստատուն տեղ գտած այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են «Քյոշը», «Կուրը», «Ոսկենին», «Թրինիթի ջազը» եւ այլն:

Խաչիկ գյուղը՝ փրփրուն գինիների կենտրոն

Հունվարի 11-ին Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում քննարկվեց ներդրումային վեց ծրագիր, որոնցից մեկը Վայոց ձորի Խաչիկ համայնքում շամպայն գինիների գործարանի հիմնադրումն էր:

«Արդեն 3-4 տարի է՝ Խաչիկ համայնքից խաղող էինք գնում «Քյոշ» փրփրուն գինիների համար եւ որոշեցինք գործարան բացել հենց Խաչիկում. նախ, հումքին է մոտ, բացի այդ, որոշ արտոնություններ կան՝ որպես սահմանամերձ գոտի»,- պատմում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ գյուղը գտնվում է 1800 մետր բարձրության վրա, եւ այստեղից մթերվող խաղողն իդեալական հումք է փրփրուն գինիների համար:


Խաչիկի շամպայնի գործարանի համար պետությունը սուբսիդավորում է 67 մլն դրամի չափով, գրեթե նույնքան գումար էլ ներդրվում է ծրագրի շահառու «Քյոշ» ՍՊԸ-ի կողմից: Այնուամենայնիվ, գործարարը նկատում է, որ կառավարությունը թեեւ խրախուսում է սահմանամերձ գոտում բիզնեսի հիմնումը, բայց ըստ էության, այն ռիսկային է համարում. արդյունքում՝ բանկերն այդ տարածքում կառուցված շինությունը որպես գրավ չեն ընդունում:

Գինու սենյակներ՝ Վայոց ձորում

Վահե Քեուշգուերյանը վստահ է, որ Հայաստանում գինեգործության զարգացման համար կարեւոր է զարգացնել գինու տուրիզմը, իսկ դա կարող է լինել այն դեպքում, եթե ակտիվություն ցուցաբերի հենց խաղողագործ-գյուղացին:

Հենց այդ նպատակին էլ ուղղված էր 2017թ. ամռանը One Armenia-ի եւ Semina Consulting-ի համատեղ նախագիծը, որով նախատեսվում է Վայոց Ձորի Արենի եւ Աղավնաձոր գյուղերում բացել գինու համտեսի սենյակներ:


«Համտեսի սենյակը մենք տալիս ենք ժամանակավոր, գինին պատրաստում ենք, տուրիստներ բերում ենք, գյուղացուն էլ ասում ենք տե՛ր կանգնեք, վաճառե՛ք գինին, ու եթե ցանկանում եք 2-3 տարի հետո համտեսի սենյակը ձերը լինի, այդ ընթացքում աստիճանաբար ձեր վաճառքից որոշակի գումար վճարեք, որպեսզի ծրագիրը շարունակական լինի»,- ավելի վաղ Banks.am-ի հետ զրույցում ծրագրի մասին պատմել էր Վահե Քեուշգուերյանը:

Դրամահավաքի արդյունքում հանգանակվել է ավելի քան $37 հազ.: Այդ միջոցներով արդեն կառուցվել եւ կահավորվել է 2 համտեսի սենյակ Վայոց Ձորի Արենի եւ Աղավնաձոր համայնքներում. նախատեսվում է, որ դրանց աշխատանքները կսկսվեն ընթացիկ տարվա մայիսից եւ կշարունակվեն մինչեւ զբոսաշրջային սեզոնի ավարտը՝ հոկտեմբեր:

Որակյալ կադրեր

Հայաստանում գինեգործության տեմպերի աճին զուգընթաց՝ վերջին տարիներին աճել է որակյալ կադրերի պահանջարկը, ինչն այսօրվա պայմաններում չի կարողանում ապահովել Հայաստանի ագրարային համալսարանը:

«Դեռ «Կարաս»-ում գինեգործ էի փնտրում, Զառա Մուրադյանն առաջարկեց իր ուսանողներից մեկին, բայց, ըստ էության, ուրիշ նոր մարդ չկար,- պատմում է Վահե Քեուշգուերյանը: -Որոշեցինք գինեգործության կարճատեւ դասընթացներ անցկացնել Գինու ակադեմիա անունով»:

Որոշ ժամանակ անց նկատել են, որ նույն ուղղվածությամբ առավել հիմնավոր դասընթացներ անցկացնում է նաեւ «Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի» նախագահ Վարդան Ուռուտյանը: Հենց երկու էնտուիզաստների համատեղ ջանքերով էլ 2014թ. բացվել է «Երեւանի գինու ակադեմիան», որը կարճատեւ դասընթացներին զուգահեռ առաջարկում է գինեգործության առավել հիմնավոր՝ 18 ամսվա դասընթաց:   

Ակադեմիան բացվել է GIZ-ի ֆինանսավորմամբ եւ գերմանական Գայզենհայնի համալսարանի հետ համագործակցությամբ: Ամեն տարի ակադեմիայից դուրս է գալիս 18-22 գինեգործ: Ընդ որում, Վահե Քեուշգուերյանը նշում է, որ տարեցտարի բարելավվում է դիմորդների որակը, եւ ընտրությունը գնալով բարդանում է:

Մարտահրավերներ

Չնայած գինեգործության մեջ հսկայական առաջընթացին, այնուամենայնիվ, ոլորտում կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնցից առաջինը, մեր զրուցակցի խոսքով, որակյալ հումքի մեծ պահանջարկն է:

«Մի քանի տարի առաջ խաղող կար, գները ցածր էին, գնորդ չկար, բայց հիմա խաղող չկա,- ասում է նա: -Արդեն երկու տարի է՝ «ոսկեհատ» տեսակի խաղողը դարձել է ամենապահանջվածը, քանի որ մեր ունեցած սորտերի մեջ ամենաորակյալն է սպիտակ գինու համար»:


Բացի այդ,գործարարի խոսքով, Հայաստանում խաղողի այգիները լուրջ քարտեզագրման կարիք ունեն: «Խորհրդային տարիներին այգիները մանր մասերի բաժանեցին, 1000 մետրի վրա մոտ 10 հոգի հող ունի,- ասում է նա: -Եթե ուզում ես հող գնել, պետք է հերթով գտնել սեփականատերերին, մինչդեռ նրանց մի մասը, պատահում է, Հայաստանում չեն»:

Ֆիլոքսերա

Այնուամենայնիվ, գործարարի խոսքով՝ հայկական խաղողագործությանը սպառնացող ամենալուրջ խնդիրը ֆիլոքսերա հիվանդության տարածման վտանգն է: Այս վնասատուն բազմանում է խաղողի արմատների վրա եւ դրանք վնասելով՝ 3-4 տարի հետո չորացնում է ամբողջ վազը:

Ֆիլոքսերան Հայաստան է ներթափանցել 1920-ականներին եւ վնասել է հիմնականում Տավուշի եւ Արցախի կավային այգիները (կավի վրա այդ միջատն ավելի հեշտ է զարգանում), վերջին տարիներին վարակը նկատվում է նաեւ Էջմիածնի շրջանում: Կանխելու միակ տարբերակը ամերիկյան դիմացկուն արմատների վրա տեղական սորտի խաղողներ պատվաստելն է (ի դեպ, այս մեթոդը լայնորեն տարածված է Եվրոպայում):

Վարակի տարածումը կանխելուն ուղղված կառավարության քայլերը, մեր զրուցակցի խոսքով, բավարար չեն: Մի կողմից, արգելվում է պատվաստված այգիների տնկումը (ամերիկյան արմատներն իրենք արդեն հաճախ վարակված են եւ վարակում են հողը, մինչդեռ հիվանդությունն իրենց վազի վրա չի տարածվում), մյուս կողմից՝ այդ արգելքը բոլորի վրա հավասարաչափ չի տարածվում:

Պետության բաժինը

«Առաջին հերթին հումքի խնդիրը պետք է լուծել, ավելացնել այգիները, ընդ որում՝ բոլորին պետք է տրվեն հավասար իրավունքներ»,- ասում է գործարարը:

Մյուս կողմից, ակցիզային ապրանքների արտադրության համար սահմանամերձ բիզնեսն արտոնություններ չի ստանում, եթե այն ուղղված է ներքին շուկայի համար (արտոնությունը գործում է, եթե ակցիզային ապրանքն արտահանվում է), ինչը Վահե Քեուշգուերյանի խոսքով, արդարացի չէ ադրբեջանական դիրքերի նշանակետում բիզնես հիմնող գործարարի նկատմամբ:

Բացի այդ, նա կարծում է, որ Հայաստանում պետք է բարելավել կոոպերատիվների ինստիտուտը, ինչը Հայաստանում բարդ է՝ կապված միմյանց նկատմամբ գյուղացիների վստահության ցածր մակարդակի հետ:


Այնուամենայնիվ, պետության կողմից որոշ քայլեր ձեռնարկվել են՝ կապված կաթիլային ոռոգման խթանման ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, գործարարը շատ բան չի էլ պահանջում. «Չխոչընդոտեն մեր աշխատանքը՝ արդեն մեծ բան է, նույնիսկ եթե ոչ մի բան էլ չանեն, գլխացավ էլ չպատճառեն»:

Արտաքին շուկա

Այս պահին հայկական արտադրության գինիներն արտահանվում են հիմնականում Ռուսաստան, ավելի քիչ քանակով՝ Եվրոպա, ԱՊՀ երկրներ, Լեհաստան: Այլ կերպ ասած, հայկական գինի խմում են այն երկրներում, որոնք այս կամ այն չափով ծանոթ են Հայաստանին:

Այնուամենայնիվ, Վահե Քեուշգուրեյանը նշում է, որ հայկական գինու համար իդեալական շուկա կարող է լինել Միացյալ Նահանգները, որը, թեեւ գինի արտադրող է, բայց նաեւ խոշոր ներմուծող է եւ ամենամեծ շուկան:

«Նախ, ամերիկացիները գինի շատ են խմում, փորձարկումներ են անում՝ նոր սորտեր, նոր երկրներ: Մյուս կողմից, այնտեղ մեծ թվով հայեր կան, եւ այդ հանգամանքը կարող է նպաստել հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանը»,- ասում է նա:

Մրցակցություն

Վահե Քեուշգուերյանը նշում է, որ ճիշտ աշխատանքի պարագայում հայկական գինիները միջազգային շուկայում ավելի մեծ պոտենցիալ կարող են ունենալ, քան տարածաշրջանում հայտնի վրացական գինիները:

«Պարզապես Վրաստանը շարունակ գինեգործության մեջ է եղել, իսկ մենք մոտ 20 տարի առաջ ենք սկսել ներդրումներ անել, եւ միայն 5 տարի է, ինչ ակտիվացել է այս ոլորտը: Մենք դեռ փորձեր ենք անում, բայց ոչ մի կասկած չունեմ, որ 20-25 տարի հետո մեր գինիները որակով կգերազանցեն վրացականին»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է եվրոպական գինիների հետ մրցակցությանը, գործարարը փաստում է, որ Հարավային Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում հնարավորություն կա արտադրել ավելի ցածր գնի որակյալ գինի, քանի որ նրանք ունեն շշի, խցանի, թղթի գործարաններ, որոնք Հայաստանում ստիպված են ներմուծել, իսկ դա ազդում է ինքնարժեքի վրա:

Հետեւաբար, գնային առումով ոչ շահեկան դիրքերում հայտնվելով՝ հայ գինեգործները պետք է աշխարհին հասանելի դարձնեն հայկական գինեգործության 6000 տարվա ընդհատված պատմությունը:


«Պետք է մարդիկ մտածեն, որ հայկական գինին լավն է ու թանկ պիտի լինի: Մենք պետք է ձգտենք, որ գինեգործության համաշխարհային պատմության մեջ Հայաստանն ունենա ի՛ր պատմությունը եւ բարձր դիրք»,- ասում է նա:

Գինեգործության ապագան

Վահե Քեուշգուերյանը հիշում է, որ «նախկինում փող ունեցողները կոնյակ էին պատրաստում, երազողները՝ գինի»: Վերջին տարիներին այդ միտումը փոխվել է, եւ գինեգործությունը դարձել է թրենդային ոլորտ:

Հայկական գինեգործության համար Վահե Քեուշգուերյանը փայլուն ապագա է կանխատեսում. «Մի քիչ ուշացել ենք, բայց ճիշտ ճանապարհով ենք գնում, եթե որոշ ֆունդամենտալ սխալներ չանենք»:

Որպես օրինակ՝ բերում է Արգենտինայի, Չիլիի պատմությունը:

«30 տարի առաջ Արգենտինայում վատ որակի գինի էին խմում, հետո 2-3 գինեգործ գնացին այնտեղ, գինին սարքեցին, ու 20-30 տարում ամեն ինչ փոխվեց: Հիմա գինին այնտեղ մեծ բիզնես է»,- նկատում է նա՝ հավելելով, որ Հայաստանն իր գինեգործության պատմությամբ շատ ավելի շահեկան դիրքերում է:

«Գինեգործությունը շատ երկարաժամկետ ներդրում է, շատ ճիշտ ուղղություն է. գյուղացիները մնում են հողի վրա, արժեւորում են իրենց հողը, բերքը,եւ դա ազդում է թե՛ գյուղի, թե՛ երկրի վրա: Եթե 5 տարվա մեջ ԽՍՀՄ-ից մնացած ծուռ-մուռ, թքած-կպցրած այգիներից այսպիսի գինի ենք պատրաստում, ապա նորմալ այգի ունենալու դեպքում շատ ավելի լավ արդյունքներ կստանանք»,- ամփոփում է Վահե Քեուշգուերյանը:

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 10245
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW