Բացահայտվել են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի վրա հարձակման մանրամասները

13.09.2018 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան #հարձակում
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Ինչպես հայտնել են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում, քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար:

 
«Ըստ առաջադրված մեղադրանքի` Դանիել Դանիելյանն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2018թ. մայիսի 3-ին՝ ժամը 14:18-ի սահմաններում, դիմակավորված, զինված իրեն պատկանող կարաբինով, իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված նռնակով ու որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել բանկի մասնաճյուղ, որտեղ կարաբինից կրակոց արձակելով օդում՝ բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով՝ 242 355 000 դրամին համարժեք $500 հազ. գումար:

Այդ ընթացքում հանդիպելով մասնաճյուղում պահնորդական ծառայություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲ ընկերության պահնորդ Խաչատուր Գալստյանի դիմադրությանը՝ իր մոտ գտնվող կարաբինից կրակել եւ կյանքից ապօրինաբար զրկել է նրան:

Դանիել Դանիելյանը նույն շարժառիթներով փորձել է սպանել նաեւ մասնաճյուղում գտնվող մյուս պահնորդ Արամ Մկրտչյանին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ վերջինս ակտիվ դիմադրել է, ապա՝ թաքնվել:

Բացի այդ, դրամարկղային բաժնի պատասխանատու Արմեն Խաչատրյանն այդ պահին շեղել է նրա ուշադրությունը՝ հայտնելով, որ պատրաստ է տալ պահանջված գումարները:

Դանիել Դանիելյանը զենքով եւ նռնակով սպառնալով՝ պահանջել է իրեն տրամադրել $500 հազ. գումար: Արմեն Խաչատրյանն իրեն հատկացված մետաղյա պահարանից դուրս է բերել եւ Դանիել Դանիելյանի պահանջով ամբողջ գումարը՝ 79 200 000 դրամը, 53 318 100 դրամին համարժեք $110 հազ-ը, 23 066 637 դրամ 3 լումային համարժեք 39 690 եվրոն, 1 853 136 դրամին համարժեք 242 240 ռուբլին, 5 224 952 դրամին համարժեք 7 925 ֆունտ ստեռլինգը, 1 126 400 դրամին համարժեք 2 980 կանադական դոլարը, 73 066 դրամին համարժեք 200 ավստրալիական դոլարը եւ 92 379 դրամին համարժեք 700 դիրհամը հանձնել է Դանիել Դանիելյանին, որը դրանից հետո դուրս է եկել մասնաճյուղից եւ դիմել փախուստի:

Բանկի մասնաճյուղից դուրս գալուց հետո ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Դանիել Դանիելյանին, որը հետապնդումից ազատվելու եւ չբռնվելու նպատակով իր մոտ գտնվող կարաբինից կրակել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի որովայնին, այնուհետեւ երկրորդ կրակոցն է արձակել նրա մարմնի նույն հատվածին: Ստացած հրազենային մարմնական վնասվածքների հետեւանքով վերջինս նույն օրը բժշկական կենտրոնոմ մահացել է:

Հետապնդումից ազատվելու եւ չբռնվելու նպատակով՝ Դանիել Դանիելյանը վերը նշված կարաբինից կրակել է նաեւ իրեն հետապնդող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Վաղինակ Սարգսյանի եւ իր հասարակական պարտքը կատարող՝ իրեն վնասազերծել փորձող Հրաչյա Մեժլումյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ փամփուշտները վերջացած լինելու պատճառով կրակոցները չեն արձակվել:

Վաղինակ Սարգսյանը, Հրաչյա Մեժլումյանի եւ այլոց օգնությամբ վնասազերծել է Դանիել Դանիելյանին, որի ընթացքում վերջինս շարունակելով իր հանցավոր վարքագիծը` իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Վաղինակ Սարգսյանին` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Քննությամբ պարզվել է նաեւ, որ Դանիել Դանիելյանն իր մոտ եղած էլիպսաձեւ նռնակից բացի, ապօրինի կերպով ձեռք է բերել եւ իր բնակարանում ապօրինի պահել ռազմամթերք հանդիսացող «ПМ», «АПС» տեսակի ատրճանակների եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերի համար նախատեսված 25 հատ փամփուշտ, որոնք հայտնաբերվել եւ առգրավվել են նրա բնակարանի խուզարկության ժամանակ:  

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ  կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով):

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
Դիտում՝ 2769
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW