Փոքր բիզնեսի համար սիմվոլիկ հարկ կսահմանվի, ասել է վարչապետը
23.08.2018 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Այս մասին վարչապետն ասել է օգոստոսի 22-ին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ՝ ներկայացնելով տնտեսական առաջընթացի կառուցվածքի եւ գաղափարաբանության վերաբերյալ իր մոտեցումները:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ էապես թեթեւացվելու է միկրո ձեռնարկությունների հարկային բեռը:
«Փոքր բիզնեսի համար, որը, օրինակ, տարեկան մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունի, կսահմանվի սիմվոլիկ հարկ, որը, ըստ էության, կլինի գրեթե հարկի բացակայություն: Այսինքն՝ միկրոբիզնեսը կլինի հարկային առումով արտոնյալ պայմաններում, ինչը նրան աճի հնարավորություն կտա»,- ընդգծել է նա:
Վարչապետը տեղեկացրել է, որ ավելի վաղ հանձնարարել էր միկրոբիզնեսի եւ արտադրության նկատմամբ իրականացնել հնարավորինս մեղմ վարչարարություն:
Կառավարության ղեկավարը տնտեսության լոկոմոտիվի դերում տեսնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, որի զարգացման նախադրյալները, ըստ նրա, արդեն գոյություն ունեն, առկա է նաեւ ոլորտի նկատմամբ ներդրումային հետաքրքրություն:
«Տնտեսական աճի մոդելը չպետք է հենված լինի հանքարդյունաբերության վրա, քանի որ նման աճի ազդեցությունը քաղաքացին իր վրա չի զգում: Մեր խնդիրն է ունենալ տնտեսական աճի ներառական մոդել»,- հայտարարել է վարչապետը:
Նա հեռանկարային է համարել նաեւ ադամանդագործությունը, թեթեւ արդյունաբերությունը, տնտեսության փորձարարական ճյուղը, ինչպես նաեւ արեւային էներգետիկան, որն «առաջիկա տարիներին ակնհայտորեն դառնալու է ոլորտի ամենահզոր ուղղություններից մեկը»:
«Մեր տնտեսությունը պետք է կառուցվի արտահանման տրամաբանությամբ. հայաստանյան շուկան, ցավոք, շատ փոքր է, եւ մենք չենք կարող հույս ունենալ, որ միայն ներքին շուկայի վրա հաշվարկված տնտեսությամբ կկարողանանք աշխատատեղեր ստեղծել եւ բարձր աշխատավարձեր ապահովել»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Նա շեշտել է, որ կառավարությունը չի վարելու աղքատությունը խրախուսող քաղաքականություն, փոխարենը «նպաստի հույսին մնացածների շրջանում քաջալերելու է աշխատանքն ու բիզնես հնարամտությունը»:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: