Ներդրումային խոստումները՝ խոսքից գործ
29.09.2017 | 09:49
Գլխավոր էջ /
Նորություններ /

Լուսանկարը՝ http://mineconomy.am

Ներդրումային հայտարարությունների իրագործման ընթացքին հետեւելու նպատակով Banks.am-ը հարցումով դիմել էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն: Ստորեւ ներկայացնում ենք փոխնախարար Տիգրան Խաչատրյանի տրամադրած տեղեկատվությունը:
Լեհական SAR
Նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ լեհական SAR ընկերության խորհրդի նախագահ Յացեկ Յուզեֆչուկը հայտնել էր իր հետաքրքրությունը Հայաստանում թռչնաբուծության ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ:
Ծրագիրը ներառելու էր լեհական կողմից 80%-ի չափով ներդրում, իսկ մնացած 20%-ը ներդրվելու էր տեղական գործընկերոջ կողմից: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ լեհական կողմը կմշակեր ներդրումային ծրագիր եւ կրկին կգար Հայաստան: Հայկական կողմը տրամադրել էր անհրաժեշտ տեղեկատվություն համապատասխան ներդրումային ծրագիր մշակելու համար:
Սակայն, հետագա աշխատանքների իրականացման ընթացքում լեհական ընկերության դիրքորոշումը փոխվել է առ այն, որ լեհական կողմի մասնակցությունը կլինի վարկային միջոցների տրամադրման տեսքով, որն իր հերթին ենթադրում է բանկային կամ պետական երաշխիք հայկական գործընկերոջ կողմից: Այսինքն՝ հայկական կողմը՝ պետությունը կամ մասնավորը, պետք է ստանձնի շուրջ $20 մլն-ի լրացուցիչ պարտավորություն:
Ներկայում հայկական կողմը (մասնավոր եւ պետական) պատրաստ չէ մասնակցել ծրագրին նման ձեւաչափով: Այնուամենայնիվ, մասնավոր հատվածի կողմից հետաքրքրություն լինելու դեպքում կկազմակերպվի նրանց հանդիպումը SAR ընկերության հետ:
Չեխական Grandera
Չեխական Grandera ընկերության կառավարման նախագահ Կարել Կրեյզանը հայտարարել էր, որ մտադիր է Հայաստանում լուսադիոդային (LED) լուսավորման համակարգերի արտադրության ժամանակակից գործարան հիմնել:
Ընկերությունը ներկայում նախապատրաստում է համապատասխան փաստաթղթերը ծրագրի իրականացման համար չեխական բանկից վարկ վերցնելու նպատակով:
Ֆրանսիական Schneider Electric
Էներգետիկայի ոլորտում մասնագիտացած ֆրանսիական Schneider Electric ընկերության Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների գծով նախագահ Յոհան Վանդերպլաետսեն հայտարարել էր իր տեխնոլոգիաները Հայաստանում լոկալացնելու մտադրության մասին:
Ընկերությունը հետաքրքրված է Սյունիքի մարզում ստեղծվող ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու մեջ: Ներդրումային ծրագրի ընթացքը կկազմակերպվի ազատ տնտեսական գոտու մեկնարկից հետո՝ գործող օրենսդրությանը համապատասխան:
Չեխական Tatra Trucks
Բեռնատար մեքենաների արտադրությամբ զբաղվող չեխական Tatra Trucks ընկերությունը Կոտայքի մարզում գործարան հիմնելու մտադրություն էր հայտնել. լուրը հաստատվել էր նախարար Սուրեն Կարայանի կողմից:
Ընկերությանը ներկայացվել են Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորությունները: Tatra Trucks-ը ներկայում գտնվում է որոշում կայացնելու փուլում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: