ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն այսօր ասել է, որ կոմիտեն եւ Զբոսաշրջության զարգացման նորաստեղծ հիմնադրամը շահերի բախում չունեն:Այս մասին Զարմինե Զեյթունցյանն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:«Առանձին հիմնադրամի ստեղծման նպատակը զբոսաշրջության ոլորտում նախանշված ծրագրերի առավել ճկուն եւ արդյունավետ իրականացումն է: Մենք միասին աշխատում ենք ամեն օր, շահերի բախում եւ այլ հետաքրքրություններ չունենք»,- ասել է կոմիտեի նախագահը:Նրա խոսքով՝ Զբոսաշրջության կոմիտեն ավելի շատ կատարում է ռազմավարություն մշակող՝ օրենսդիր մարմնի դեր, շփվում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, մշակում օրենսդրական նախագծեր, տեղեկատվական կենտրոններ ստեղծում, նշագծում շուկաները, ռազմավարական ուղղությունները, իսկ հիմնադրամն իր վրա է վերցնում ամեն տարվա կոմիտեի մշակած ռազմավարությամբ նախանշված ծրագրերի իրագործումը: 13.07.2017 | 10:28 Զբոսաշրջային կառույցներ՝ այդքան նման ու տարբեր Զարմինե Զեյթունցյանը հիշեցրել է, որ նախկինում այս գործառույթը կատարում էր Հայաստանի զարգացման հիմնադրամը, որը, սակայն, նոր նպատակներ է դրել իր առջեւ՝ կենտրոնանալով ներդրումների ներգրավման ուղղությամբ:Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստում հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում այսօր նշանակված Արա Խզմալյանն էլ ներկայացրել է նորաստեղծ կառույցի գործառույթները:Նրա խոսքով՝ հիմնադրամի գործունեությունը հիմնականում կենտրոնացած է լինելու ոլորտի մարքեթինգի իրականացման ուղղությամբ:«Անհրաժեշտ է լուրջ քաղաքականություն իրականացնել հատկապես թվային տիրույթում երկրի դիրքավորման եւ ճանաչելիության բարձրացման ուղղությամբ: Մեր հիմնական «կռիվ»-ը լինելու է տեղեկատվական ոլորտում: Եթե մենք այս դաշտում հաղթենք եւ ամրապնդվենք, ակամա շահելու է զբոսաշրջությանն առնչվող ամեն ինչ: Դրա համար հենց պետական միջոցների զգալի մասը հատկացված է մարքեթինգային միջոցառումներին»,- նշել է Արա Խզմալյանը:Նրա խոսքով՝ հիմնադրամում արդեն իսկ ընդգրկվել են ոլորտի փորձառու մասնագետներ: Ակնկալվում է, որ դրական փոփոխություններ կլինեն նաեւ Armenian Travel կայքի գործարկումով:«Մենք բոլորս գիտենք, որ միայն պատմամշակութային ժառանգությունը բավարար մոտիվացիա չէ զբոսաշրջության մեծ հոսք ապահովելու տեսանկյունից: Մեր մեծագույն նպատակն է զբոսաշրջիկի տեսանկյունից ավելացնել հետաքրքրվածությունն ու պատճառաբանվածությունը՝ Հայաստան այցելելու համար: Նախատեսում ենք նաեւ ստեղծել տեղեկատվական կենտրոնների միասնական համակարգ՝ բոլորովին այլ ձեւաչափով եւ տրամաբանությամբ, ինչպես նաեւ բացել առանձին տեղեկատվական կենտրոն օդանավակայանում»,- նշել է Արա Խզմալյանը: Tweet Դիտում՝ 2286