Իգնատի Առաքելյանը՝ ոլորտի խնդիրների ու հեռանկարների մասին

16.02.2017 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է տարեսկզբից ոլորտում կատարված  աշխատանքներն ու ընդհանուր իրավիճակը, ինչպես նաեւ ներկայացրել հետագա անելիքները:

Մթերման պարտքերի մասին

Իգնատի Առաքելյանը նշել է, որ մշակող ձեռնարկությունները ներկա դրությամբ մթերման գծով ունեն շուրջ 1,5 մլրդ դրամ պարտք, որի մոտ 90%-ը կմարվի մինչեւ այս տարվա հունիսը:

«Մշակող ընկերությունների հետ նախարարությունը շարունակական կապի մեջ է, առկա է պարտքի մարման ժամանակացույց: Իհարկե, հնարավոր չէ անմիջապես մարել այդ պարտքերը` գործարաններում տիրող ֆինանսական ճգնաժամային իրավիճակից, բայց դրանց մեծ մասը կմարվի մինչեւ հունիս»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով «Վինար» ՍՊԸ-ի գործունեությանը, որը դեռեւս 2015-ից ունի խաղողի մթերման դիմաց պարտքեր, նախարարը հայտնել է, որ այս հարցով դիմել են դատախազություն, որտեղ իրենց տեղեկացրել են, որ գործարանի պահեստներում առկա է 12 հազ. դեկալիտր սպիրտ, որը լիովին բավարար է պարտքերը մարելու համար: Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունը կապարակնքել է այս սպիրտը եւ ընկերությանը տվել մի քանի օր ժամանակ` ապրանքն իրացնելու համար, հակառակ դեպքում նախարարությունը պատրաստվում է անձամբ զբաղվել դրա վաճառքով:

Գյուղտեխնիկայի լիզինգի տոկոսադրույքները կսուբսիդավորվեն

Գյուղնախարարությունը պարարտանյութերի գծով ծախսերից տնտեսել է մոտ 1,2 մլն դրամ, որի մեծ մասն ուղղվելու է գյուղտեխնիկայի լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմանը: Համապատասխան ծրագիրը հաջորդ շաբաթ ներկայացվելու է  պատասխանատու գերատեսչություններին:

«Նախատեսում ենք մեր կողմից ապահովել գյուղտեխնիկայի լիզինգի ցածր տոկոսադրույքներ, որպեսզի գյուղացին, գյուղացիական տնտեսությունը, կոոպերատիվը, համայնքը ի վիճակի լինեն օգտվել դրանից: Մեքենաների արտադրության երկրի, լիզինգառուի կամ այլ որեւէ տեսակի սահմանափակում չի լինելու: Եթե լիզինգի համար դիմողը վարկունակ է, ուրեմն կօգտվի այս ծրագրից»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով` ծրագրի համար ընտրվելու են այն լիզինգային ընկերությունները, որոնք կառաջարկեն ամենալավ պայմանները, իսկ ծրագիրը, որպես այդպիսին, իրականացվելու է պարզ եւ ստանդարտ մեխանիզմով: Ձեւավորվելու են 3 ընկերություններ, որոնք գյուտեխնիկայի ներմուծող են կամ արտադրողի ներկայացուցիչը. նրանք կներկայացնեն մեքենաների ցանկը, գները, որից հետո լիզինգառուն կընտրի իրեն անհրաժեշտ եւ հասանելի տեխնիկան:

Կոոպերատիվների համար այս առումով առանձնահատուկ աջակցություն չի նախատեսվում:

Գյուղվարկերի մասին

Նախարարն անդրադարձել է նաեւ գյուղացիների ունեցած վարկերի խնդրին` նշելով, որ «սա, թերեւս, ոլորտի ամենաբարդ հարցն է»:

Նրա խոսքով` գյուղացիներին բարձր տոկոսադրույքներով վարկավորում են հիմնականում որոշ ֆինանսական կառույցներ, որոնք կարճաժամկետ վարկեր են տրամադրում` առանց խորը գնահատելու վարկառուի վարկունակությունը: Իսկ պետությունը, ըստ նախարարի, չի կարող այստեղ միջամտել եւ արգելել դիմել այս կազմակերպություններին:

Մյուս կողմից, բանկերը չեն կարող գյուղացիներին տրամադրել ցածր տոկոսով վարկեր, քանի որ միեւնույն ծանր իրավիճակն էլ իրենց մոտ է. նրանք ունեն անվերադարձելի վարկերի խնդիր:

Նախարարի խոսքով` հարցը տարբեր գերատեսչությունների, այդ թվում` Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում է, եւ համապատասխան քննարկումներ եւ վերլուծություններ են կատարվում այս ուղղությամբ:

Գյուղապահովագրության մասին

Իգնատի Առաքելյանը նշել է, որ պատրաստվում են իրականացնել գյուղապահովագրության պիլոտային ծրագիր: Կառավարությունը գերմանական KfW բանկի հետ ստորագրել է համաձայնագիր, որի շրջանակում այս տարի պետք է մշակվի միջոցառումների ցանկ, իսկ 2018թ. արդեն կսկսվի դրա փուլային ներդրումը:

Banks.am-ի հարցին, թե արդյոք ապահովագրական ընկերություններն այստեղ առեւտրային հետաքրքրություն ունեն, նախարարը նշել է, որ խնդիրը միայն մասնավորի վրա թողնելով` ծրագիրը կձախողվի, հետեւաբար անհրաժեշտ է պետության ակտիվ միջամտությունը:

«Ապահովագրական ընկերություններին փորձելու ենք շահագրգռել, որ իրենք դառնան մասնակից ծրագրին: Քանի դեռ կա դրամաշնորհային մաս եւ պետությունն ու KfW-ն ունեն ֆինանսական ներդնում, պետք է օգտագործել այդ ժամանակահատվածն ու ապահովագրական ընկերություններին մասնակից դարձնել ծրագրին»,- նշել է նախարարը:

Դիտում՝ 3129
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai