Ամերիաբանկը եւ ԱԶԲ-ն կնքել են $100 միլիոնի վարկային պայմանագիր

25.05.2026 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #ԱԶԲ

Ամերիաբանկը եւ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) կնքել են մինչեւ $100 միլիոն վարկային պայմանագիր՝ Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու եւ կանաչ ներդրումների ծավալն ավելացնելու նպատակով։


Ամերիաբանկից հայտնել են, որ ֆինանսավորումը կաջակցի ՄՓՄՁ-ներին ամբողջ երկրում՝ օգնելով կատարել աճին միտված ներդրումներ, բարելավել մրցունակությունը եւ որդեգրել ավելի կայուն գործելակերպ։ Տվյալ նախագիծը ԱԶԲ-ի կողմից Հայաստանի մասնավոր հատվածում մինչեւ օրս կնքված ամենախոշոր գործարքն է։

«Այս նախագիծը կընդլայնի ֆինանսավորման հասանելիությունը ՄՓՄՁ-ների, հատկապես կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների համար` միաժամանակ խթանելով կանաչ ներդրումները Հայաստանում: Երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով՝ մենք օգնում ենք բիզնեսներին աճել, աշխատատեղեր ստեղծել եւ նպաստել ավելի ներառական եւ կլիմայական փոփոխություններին դիմակայուն տնտեսության ձեւավորմանը»,- ասել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։

Նախագիծը ներառում է մինչեւ $100 միլիոնի վարկ, որի մինչեւ 75%-ը նախատեսված է միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման համար, իսկ առնվազն 25%-ը՝ կանաչ ֆինանսավորման, այդ թվում` վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության համար։ Ֆինանսավորման առնվազն 10%-ը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը։

«Մենք ուրախ ենք ամրապնդել մեր գործընկերությունն ԱԶԲ-ի հետ՝ աջակցելով Հայաստանի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին մատչելի ֆինանսավորումն ավելի հասանելի դարձնելու միջոցով։ Որպես Հայաստանի ամենախոշոր վարկատու, որն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կանաչ եւ կայուն ֆինանսավորմանը, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ներառական աճի խթանմանը եւ երկրի երկարաժամկետ տնտեսական զարգացմանն աջակցելուն»,- նշել է Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը:

Նշվում է, որ ՄՓՄՁ-ներն առանցքային դեր են խաղում Հայաստանի տնտեսության համար՝ ապահովելով զբաղվածության գրեթե 70%-ը եւ համախառն ներքին արդյունքի ավելի քան 65%-ը, սակայն ֆինանսավորման կարիքը շարունակում է բարձր մնալ։

ԱԶԲ-ն նաեւ կտրամադրի մինչեւ $125 հազարի տեխնիկական աջակցություն Ամերիաբանկի կարողությունները հզորացնելու համար` ներառյալ ֆինանսական բարեվարքության համակարգերի եւ կայուն զարգացման կոմպետենցիաների կենտրոնի ստեղծումը:

Նախագիծը աջակցում է Հայաստանի ջանքերին՝ խթանելու մասնավոր հատվածի զարգացումը, ընդլայնելու ֆինանսավորման հասանելիությունը եւ նպաստելու կլիմայական ազդեցություններին դիմակայուն աճին։

Դիտում՝ 6147

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW