Տարին կավարտվի 1 տրիլիոն 73 մլրդ դրամ հարկային եկամուտներով

29.12.2016 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պետական եկամուտների կոմիտեն 2016թ. կավարտի մոտ 1 տրիլիոն 73 մլրդ դրամ հարկային եկամուտներով:

Այս մասին հայտնել է Վարդան Հարությունյանը՝ ներկայացնելով տարվա ընթացքում կոմիտեի գործունեությունը:

«Պետական բյուջեով նախատեսվել էր 1 տրիլիոն 129 մլրդ դրամ հարկային եկամուտ: Մի քանի գործոնների ազդեցությունը հաշվի առնելով՝ հարկային մուտքերը պետք է կազմեին 1 տրիլիոն 44 մլրդ դրամ, սակայն վարչարարության արդյունքում մինչև տարեվերջ ակնկալում ենք հավաքագրել 27 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ», - ասել է նա:

Կոմիտեի նախագահի գնահատմամբ, հավաքագրման արդյունքների վրա ազդեցություն թողած հանգամանքներից են եղել ԱԱՀ-ի հարկման շեմի բարձրացումը, ԵԱՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների ազատումն ԱԱՀ-ից, նաև միությունից պակաս փոխանցված մաքսատուրքն ու հետ վերադարձված ավելացված արժեքի հարկի գումարի աճը, ինչպես նաև բյուջեի հիմքում դրված անվանական ՀՆԱ-ի աճի տեմպերը:

ՊԵԿ նախագահը նշել է, որ եկամուտների ապահովման հետ կապված ռիսկերն առավելապես դրսևորվել են սպառման ծավալների և արտաքին առևտրաշրջանառության, մասնավորապես՝ ներմուծումների կրճատմամբ, ինչն ազդել է ոչ միայն սահմանին գանձվող, այլ նաև տնտեսության ներքին ապրանքաշրջանառությունից հաշվարկվող հարկերի վրա.

«Դա արտահայտվել է հատկապես ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված հարկ վճարողների շահութաբերության ցուցանիշների անկմամբ: Հաշվի առնելով, որ պետական բյուջեի հարկային եկամուտների ավելի քան 53,9%-ն ապահովվում է այս տեսչության կողմից՝ մտահոգիչ են տնտեսվարողների մոտ իրացման շրջանառությունների ծավալների նվազման միտումները»:

Վարդան Հարությունյանն ընդգծել է, որ նախորդ տարվա համեմատ էականորեն՝ 51%-ով, նվազել է հարկային տեսչությունների կողմից իրականացված մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը, քանի որ խստացվել են դրանց իրականացման պահանջները։ Փոխարենը 168%-ով աճել է մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը: Նվազագույնի են հասել հատկապես ՓՄՁ դաշտում իրականացվող հսկողական աշխատանքներն ու անհարկի միջամտությունները։

Վարդան Հարությունյանը, ներկայացնելով գալիք տարվա անելիքները, նշել է, որ պարբերաբար հրապարակվելու են ինչպես օրինապահ, այնպես էլ խախտումներ թույլ տված հարկ վճարողների ցանկերը.

«Մեղմ վարչարարությունը վերաբերելու է օրինապահ հարկ վճարողներին: Օրենքը շրջանցողների նկատմամբ կիրառելու ենք ողջ գործիքակազմը: Փորձելու ենք արմատավորել այն գիտակցումը, որ հարկ վճարելը Հայաստանում պատվաբեր է»:

Նախատեսվում է ներդնել մաքսային մուտքի անդորրագրերի մշակման համակարգ, որը հնարավորության կտա ֆիզիկական անձանց կողմից ուղևորային հայտարարագրի հիման վրա պարզեցված եղանակով իրականացնել ապրանքների և մաքսային վճարների հաշվառում։

2017թ.-ին գործարկվելու է նաև ռիսկերի կառավարման նոր համակարգ՝ ապահովելով «կանաչ ուղի» ընթացակարգի տեսակարար կշռի բարձրացում՝ միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների առաքանիների մաքսային հաշվառման համակարգին են ինտեգրվելու դեռևս համակարգին չմիացած 10 սուրհանդակային ծառայությունները, ինչը կապահովի առաքանիների հաշվառում և նախատեսված վճարների իրականացում առանց քաղաքացիների՝ մաքսային մարմիններ ներկայանալու պահանջի։

Դիտում՝ 6761
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai