Կոոպերատիվները ՀՀ գյուղատնտեսության ապագան են, ասել է նախարարը

16.03.2016 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում առանձնակի կարեւորել է մարզում կոոպերատիվների շարժման խթանումը:  

«Կոոպերատիվները մեր գյուղատնտեսության զարգացման ապագան են: Կոոպերատիվների մեջ միավորվելով` մեր փոքր գյուղացիական տնտեսությունները կարողանալու են կրճատել իրենց ծախսերը, դյուրացնել ապրանքների իրացման խնդիրները, շահավետ գներով վաճառել ստացված արտադրանքը, ինչն էլ կհանգեցնի եկամուտների ավելացմանը», - ասել է Սերգո Կարապետյանը:

Նա ընդգծել է, որ CARMAC 2 ծրագրով նախատեսվում է ստեղծել եւս 100 կոոպերատիվ, արդեն իսկ 150 կոոպերատիվներ գործում են, որոնք, նախարարի խոսքով, լավ արդյունքներ են ապահովում:

Կոոպերատիվների զարգացմանն են ուղղված նաեւ Եվրամիության «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական շրջանների զարգացում» (ENPARD) ծրագիրը, Ավստրիայի զարգացման գործակալության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող մի շարք ծրագրեր:

Անդրադառնալով մարզի խնդիրներին` նախարարը կարեւորել է գյուղմթերքի իրացման խնդիրը` հավելելով, որ մսի իրացման հարցը լուծելու նպատակով նախատեսվում է մարզում կառուցել խոշոր սպանդանոց, իսկ Կապանում առաջիկայում շահագործման կհանձնվի վերամշակող նոր գործարան:  

Նախարարն այցելել է նաեւ Ակներ համայնք, որտեղ հանդիպում է ունեցել տեղի կոոպերատիվի անդամների հետ, որը ստեղծվել է շուրջ 4 տարի առաջ: Նրանք նախարարի հետ զրույցում նշել են, որ գոհ են կոոպերատիվի գործունեությանից եւ տեսնելով այդ արդյունքները`  համայնքի բնակիչներից շատերը նույնպես անդամագրվելու ցանկություն են հայտնել:

Ակների կոոպերատիվն այժմ ունի 131 անդամ: Նախարարը շեշտել է, որ այսուհետ պետական աջակցության ծրագրերն ուղղվելու են գյուղատնտեսական կոոպերատիվների հզորացմանն ու զարգացմանը:     

Նախարարի հաջորդ կանգառը եղել է Հարթաշեն համայնքում, որտեղ նա մասնակցել է նորաստեղծ կոոպերատիվի հիմնադիր ժողովին:

Այցի ավարտին նախարարը եղել է նաեւ Տեղ համայնքի կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Արարատ Բաբաջանյան» ընկերությունում: Այն հիմնադրվել է 2011թ., հիմնական արտադրատեսակը «Չանախ» տեսակի պանիրն է, որն իրացվում է ներքին շուկայում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերությունը կներառվի տեղի կոոպերատիվի կազմում, եւ CARMAC 2 ծրագրով կտրամադրվեն նոր սարքավորումներ, ինչը կլուծի համայնքի կաթի իրացման խնդիրը եւ  հնարավորություն կտա ընդլայնել արտադրվող պանրի տեսականին:  

Դիտում՝ 2101
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW