Telcell-ի եւ Shtigen Group-ի համատեղ ջանքերով Նոյեմբերյանի պետական քոլեջը ձեռք կբերի էներգետիկ անկախություն։ Կրթական հաստատությունում տեղադրվել է 24․6 կՎտ հզորությամբ արեւային կայան ու 300 լիտր տարողությամբ արեւային ջրատաքացուցիչ: «Արեւածագ» խորհրդանշական անվանումը ստացած ծրագիրն իրականացվում է նախաձեռնող ընկերությունների կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում, նպատակն է արեւային տեխնոլոգիաների միջոցով երկրում հաստատել էներգետիկ անկախություն՝ առաջնահերթություն տալով սահմանամերձ բնակավայրերին։ «Արեւածագ»-ի շարունակականությունն ապահովելու նպատակով խրախուսվում են նվիրատվությունները, որոնք կարելի է կատարել նաեւ Telcell տերմինալներով եւ Telcell Wallet հավելվածով։«Մենք 17 տարի շարունակ օգնում ենք կյանքի կոչել նախաձեռնություններ, որոնք նպաստում են Հայաստանի բնակչության բարօրությանը։ Կոչ ենք անում այլ ընկերությունների եւս ներդրում կատարել եւ օգնել Նոյեմբերյանի պետական քոլեջին էներգետիկ անկախություն ձեռք բերել արեւային տեխնոլոգիաների միջոցով․ դա բազմաթիվ հնարավորություններ կստեղծի ուսանողների համար»,- նշել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանն իր հերթին ասել է, որ նշված ռազմավարական նշանակության նախագծի շարունակական ընթացքը, անկախ հանգամանքներից, շատ կարեւոր է.«Մեր երկրի առջեւ ծառացած էներգետիկ մարտահրավերները հաղթահարելու համար պետք է համախմբել ջանքերը՝ առանց ժամանակ կորցնելու եւ հետ նայելու։ Ուրախ եմ, որ մեր գործընկերների շարքում են սոցիալական պատասխանատու վարքագիծ որդեգրած այնպիսի ընկերություններ, ինչպիսին Telcell-ն է, որը գիտակցում է էներգետիկ կայունության կարեւորությունը»։Նշվում է, որ արեւային կայանն ու ջրատաքացուցիչը երկար տարիներ կբավարարեն Նոյեմբերյանի պետական քոլեջի էներգետիկ կարիքները։ Ծրագրի շրջանակում քոլեջին կտրամադրվեն նաեւ ուսումնական ջրատաքացուցիչներ, դիդակտիկ պարագաներ, անվտանգության համակարգեր (բարձրության վրա աշխատանքների համար), կրթական նյութեր, որպեսզի ուսումնարանում զարգանա նաեւ վերականգնվող էներգետիկայի ճյուղը։«Նոյեմբերյանի պետական քոլեջում մեկ տասնյակից ավելի մասնագիտական բաժին կա, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի։ Տարեկան մոտ 2 մլն դրամի խնայված միջոցներով կվերանորոգվի մասնագիտական լաբորատորիան, կթարմացվի նյութատեխնիկական բազան, ձեռք կբերենք համակարգչային տեխնիկա։ Նախատեսում ենք նաեւ գերազանց առաջադիմությամբ ուսանողներին տալ կրթաթոշակ»,- նշել է կրթական հաստատության տնօրեն Կարեն Նազարյանը։ Telcell-ի եւ Shtigen Group-ի միջեւ դեռ 2022 թվականին կնքվել էր համագործակցության հուշագիր, որի շրջանակում ֆինանսական ոլորտի առաջատար ընկերությունը 7,4 մլն դրամ էր հատկացրել «Արեւածագ Արցախում» նախագծին, որպեսզի Մարտունու արհեստագործական ուսումնարանը լիակատար անցում կատարեր վերականգնվող էներգետիկային։ Նախագիծը չէր իրականացվել Արցախի շրջափակման, հետագայում՝ հայաթափման պատճառով: Նվիրաբերված գումարը նպատակին ծառայեցնելու համար անցած մեկ տարում բազմաթիվ նախագծեր էին քննարկվել։ Արդյունքում՝ ընկերությունները կանգ են առել Նոյեմբերյանի պետական քոլեջում էներգետիկ անկախություն հաստատելու ծրագրի վրա՝ խթանելով ոչ միայն վերականգնվող էներգետիկայի զարգացումը, այլեւ՝ կրթական բաղադրիչը։ Tweet Դիտում՝ 7370