Օրերս «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթական ծրագրի 10 մասնակից այցելել է IDBank, ծանոթացել կառույցին ներսից եւ հանդիպել բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանին, ով նաեւ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Հանդիպման ընթացքում երեխաները պատմել են իրենց ստեղծագործական ձեռքբերումների ու հաղթանակների մասին, լսել մոտիվացնող խոսք։ Այնուհետեւ IDBank-ի վարչության նախագահը երեխաների հետ զրուցել է ֆինանսական գրագիտության թեմայով։ «Շատ ուրախ էինք հյուրընկալել մեր տաղանդավոր երեխաներին հենց մեր հարկի տակ։ Մենք ունեցել ենք շատ գեղեցիկ համագործակցություն մի քանի տարբեր նախաձեռնությունների, ինչպես նաեւ «Մի դրամի ուժի» շրջանակում, եւ այսօրվա հանդիպումը վկայում է, որ մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում մեր շահառու ծրագրերի մասնակիցներին։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շատ կարեւոր գործ է անում՝ կրթելով երեխաներին։ Մենք էլ որոշեցինք նպաստել այդ գործընթացին եւ ֆինանսական գրագիտության մասին խոսել: 21-րդ դարում բազմաթիվ գիտելիքների, ունակությունների հետ մեկտեղ մեր երեխաներին նաեւ ֆինանսական գրագիտության հիմունքներն է կարեւոր սովորեցնել, եւ երեխաների այսօրվա ոգեւորիչ արձագանքը հենց դրա մասին է վկայում»,- նշել է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։ IDBank-ից հիշեցնում են, որ շուրջ երկու տարի առաջ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթական ծրագիրը «Մի դրամի ուժի» շահառուն էր, իսկ բանկի եւ Իդրամի հետ համագործակցության արդյունքում ընկերություններն ավելի քան 6 միլիոն դրամ էին նվիրաբերել հիմնադրամի ծրագրերի իրականացմանը։ Բացի այդ, IDBank-ը մշտապես հիմնադրամի կողքին է տարբեր նախաձեռնություններում։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի խոսքով՝ IDBank եւ Իդրամ ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ հիմնադրամի շահառու երեխաներն ունեցել են բազմաթիվ կրթական ու զարգացնող ծրագրեր. «Շատ-շատ են ծրագրերը, որոնք կարողանում ենք իրականացնել միասին եւ շատ շնորհակալ են դրա համար։ Ինչ վերաբերում է այսօրվա միջոցառմանը, ապա հանդիպումների այս ձեւաչափը նոր ենք սկսել, քանի որ ցանկանում ենք ծանոթացնել երեխաներին այն մարդկանց ու գործընկերների հետ, որոնք ներդրում են կատարում իրենց կրթության ու զարգացման մեջ։ Նաեւ մեր գործընկերներն են անձնապես ծանոթանում մեր երեխաների հետ, ճանաչում իրենց շահառուներին։ Ցանկացած մասնագիտությամբ մարդ պետք է լինի ֆինանսապես կրթված, իսկ երբ ֆինանսների մասին տեղեկությունը երեխաները ստանում են առաջին դեմքերից, այն շատ ավելի ընկալելի ու հիշվող է դառնում»։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ֆինանսների աշխարհում երեխաների հավատարիմ ուղեկից եւ ընկեր Իդրամ Ջունիորը, որն իր նվերներով երեխաների համար կարեւոր օրը վերածել է տոնի։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 7332