«Հայաստանի եւ Թուրքիայի արդյունաբերությունները կարող են լրացնել միմյանց»

04.09.2026 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԳՄ #Հայաստան #Թուրքիա #Վան #գործարարներ #համաժողով

Վանի առեւտրաարդյունաբերական պալատը պատրաստ է իր ծառայողական շենքում տարածք տրամադրել այնպիսի ներկայացուցչության ստեղծման համար, որը տեղում կհամակարգի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման արդյունքում ձեւավորվող տնտեսական կապերն ու առեւտրային հարցերը։


Այս մասին նախօրեին հայտարարել է Վանի առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանը՝ ելույթ ունենալով Երեւանում մեկնարկած Հայաստանի եւ Թուրքիայի գործարարների երկօրյա համաժողովի ընթացքում:

«Կարգավորման գործընթացի արդյունքում առաջացող տնտեսական հարաբերությունները, համակարգումը եւ առեւտրային հարցերը տեղում կառավարելու համար մենք Վանում համապատասխան ներկայացուցչության ստեղծումը դիտարկում ենք որպես ռազմավարական անհրաժեշտություն»,- նշել է Նեջդեթ Թաքվանը։

Նա ընդգծել է, որ Վանի պատվիրակությունը Հայաստան է ժամանել ոչ թե Թուրքիայի ազգային քաղաքականությունը ներկայացնելու, այլ Վանի եւ տեղի գործարարների տնտեսական շահերն ու հնարավորությունները ներկայացնելու նպատակով։ 

Թաքվանի խոսքով՝ սահմանի բացումը կարող է արմատապես փոխել երկու երկրների սահմանամերձ շրջանների տնտեսական հարաբերությունների տրամաբանությունը։ Նրա ներկայացմամբ՝ սահմանային անցակետերը բացելու դեպքում Վան-Երեւան ավտոճանապարհային հեռավորությունը կարող է կազմել մոտ 290 կիլոմետր, իսկ ճանապարհը հնարավոր կլինի անցնել շուրջ 3-4 ժամում։ Նեջդեթ Թաքվանի խոսքով՝ այդ դեպքում Վրաստանի կամ Իրանի տարածքով իրականացվող երկարատեւ շրջանցիկ փոխադրումները եւ դրանց հետ կապված լրացուցիչ ծախսերը կարող են վերանալ։


Վանի պալատի նախագահը Հայաստան-Թուրքիա տնտեսական համագործակցության կարեւոր ուղղություն համարեց երկու երկրների արտադրական կարողությունների փոխլրացումը։ Նրա խոսքով՝ Վանի կազմակերպված արդյունաբերական գոտու արտադրանքը՝ շինանյութերը, շինարարական քիմիական նյութերը, պլաստմասսան, փաթեթավորման նյութերը, կահույքն ու վերամշակող արդյունաբերության արտադրանքը, կարող են պահանջարկ ունենալ Հայաստանում։ 

Միաժամանակ նա ընդգծեց Հայաստանի մրցակցային հնարավորությունները, մասնավորապես, մետալուրգիայի եւ տեքստիլի ոլորտներում։ «Սա մրցակցություն չէ։ Իրականում սա նշանակում է, որ երկու հարեւան երկրների արդյունաբերությունները կարող են լրացնել միմյանց»,- ասել է Նեջդեթ Թաքվանը։ 

Նա հայ եւ թուրք գործարարներին առաջարկեց դիտարկել ոչ միայն առեւտրի, այլեւ համատեղ արտադրությունների եւ գործընկերությունների ստեղծման հնարավորությունը։ 


Սեպտեմբերի 3-ին Երեւանում մեկնարկել է Հայաստանի եւ Թուրքիայի գործարարների երկօրյա համաժողովը, որի նպատակն է մեկ հարթակում համախմբել երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկկողմ տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության ուղղություններ եւ ձեւաչափեր, խթանելու նոր գործարար կապերի ու գործընկերությունների ձեւավորումը։ 

Կողմերը քննարկել են նաեւ այնպիսի ոլորտներում գործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տրանսպորտը, արտադրությունը եւ էներգետիկան։

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ)՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։ Միջոցառումն իրականացվում է Եվրասիա հիմնադրամի, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) եւ Հրանտ Դինք հիմնադրամի համագործակցությամբ։ 

Համաժողովի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 4-ին, միջոցառումները կշարունակվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ LOGOS EXPO կենտրոնի կողմից  կազմակերպված Armenia Expo 2026-ի շրջանակում։
Դիտում՝ 1645

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW