ԵՄ-ն պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը

04.09.2026 | 12:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Վասիլիս Մարագոս #Հայաստան #Թուրքիա #գործարարներ #համաժողով

Եվրոպական միությունը (ԵՄ) պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, գործարար կապերի ձեւավորմանը, ինչպես նաեւ տրանսպորտային եւ էներգետիկ հաղորդակցությունների զարգացմանը։


Այս մասին նախօրեին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը` Երեւանում մեկնարկած Հայաստանի եւ Թուրքիայի գործարարների երկօրյա համաժողովի ընթացքում:

Նրա խոսքով՝ հայ եւ թուրք գործարարների՝ Երեւանում նույն հարթակում հանդիպելը կարեւոր ազդակ է ոչ միայն երկու երկրների, այլեւ Բրյուսելի համար։

Վասիլիս Մարագոսը շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղության եւ հարաբերությունների կարգավորումը կարող է բերել նոր ներդրումների, կայունության եւ տնտեսական հնարավորությունների։


ԵՄ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է նաեւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերջին զարգացումները՝ առանձնացնելով մասնավոր հատվածին եւ տարածաշրջանային կապակցվածությանը տրամադրվող աջակցությունը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստվում է աջակցել Հայաստանի եւ եվրոպական մասնավոր հատվածների ներդրումային ծրագրերին։ ԵՄ պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ միայն նախորդ տարի ԵՄ-ն Հայաստանի մասնավոր հատվածին տրամադրել է ավելի քան 200 միլիոն եվրոյի աջակցություն, ինչի արդյունքում, ըստ նրա, ստեղծվել է ավելի քան 20 հազար աշխատատեղ։

Կապակցվածության ոլորտում ԵՄ-ն նախատեսում է աջակցել Հայաստանի երեք նոր սահմանային անցակետերի կառուցմանը կամ արդիականացմանը։

Մասնավորապես շեշտադրվեց Մարգարայի անցակետի արդիականացման հնարավորությունը, Ախուրիկի անցակետի վերականգնումը, ինչպես նաեւ Երասխի ուղղությունը։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ տարածաշրջանային կապակցվածությունը միայն ճանապարհների եւ սահմանային ենթակառուցվածքների հարց չէ։ Հեռանկարային ուղղությունների թվում են նաեւ էներգետիկան, էլեկտրաէներգիայի փոխանակումը, վերականգնվող էներգիան, էլեկտրացանցերի արդիականացումն ու էներգիայի կուտակման համակարգերը։

Վասիլիս Մարագոսն անդրադարձավ նաեւ ԵՄ շուկա հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններին՝ նշելով, որ ԵՄ անդամ պետությունները առանց փոփոխությունների հաստատել են հայկական արտադրանքի արտոնյալ արտահանմանն ուղղված Եվրոպական հանձնաժողովի առաջարկը։ Նրա խոսքով՝ առաջիկայում ակնկալվում է նաեւ Եվրոպական խորհրդարանի հաստատումը։


Սեպտեմբերի 3-ին Երեւանում մեկնարկել է Հայաստանի եւ Թուրքիայի գործարարների երկօրյա համաժողովը, որի նպատակն է մեկ հարթակում համախմբել երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկկողմ տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության ուղղություններ եւ ձեւաչափեր, խթանելու նոր գործարար կապերի ու գործընկերությունների ձեւավորումը։ 

Կողմերը քննարկել են նաեւ այնպիսի ոլորտներում գործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տրանսպորտը, արտադրությունը եւ էներգետիկան։

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ)՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։ Միջոցառումն իրականացվում է Եվրասիա հիմնադրամի, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) եւ Հրանտ Դինք հիմնադրամի համագործակցությամբ։ 

Համաժողովի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 4-ին, միջոցառումները կշարունակվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ LOGOS EXPO կենտրոնի կողմից  կազմակերպված Armenia Expo 2026-ի շրջանակում։
Դիտում՝ 788

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW