ՀԱԳՄ նախագահ. Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է էապես փոխել իրավիճակը

04.09.2026 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԳՄ #Արսեն Ղազարյան #Հայաստան #Թուրքիա #գործարարներ #համաժողով

Հայաստանի եւ Թուրքիայի գործարարների միջեւ կապերը չեն ընդհատվել անգամ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության եւ հայ-թուրքական սահմանի փակ լինելու պայմաններում:


Այս մասին նախօրեին հայտարարել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը՝ Երեւանում մեկնարկած Հայաստանի եւ Թուրքիայի գործարարների երկօրյա համաժողովի բացմանը:

Նրա խոսքով՝ 1993 թվականից ի վեր թուրքական ապրանքներն ու ծառայությունները շարունակել են մուտք գործել Հայաստան, մինչդեռ հայկական արտադրանքի արտահանումը Թուրքիա եղել է խիստ սահմանափակ եւ այդ ապրանքաշրջանառությունը հիմնականում իրականացվել է երրորդ երկրների միջոցով։ 

«Մեր հարաբերությունները՝ որպես գործարարներ, 1993 թվականից սկսած նորմալ են»,- ասել է Արսեն Ղազարյանը՝ ընդգծելով, որ գործարար համագործակցությունը պահպանվել է նույնիսկ պետական աջակցության եւ պաշտպանության բացակայության պայմաններում։

ՀԱԳՄ նախագահի գնահատմամբ՝ սահմանի բացումը կարող է էապես փոխել իրավիճակը՝ կրճատելով ճանապարհային ծախսերը, խթանելով սահմանամերձ շրջանների առեւտուրը, ստեղծելով համատեղ ներդրումային ծրագրերի նոր հնարավորություններ։ 

«Սահմանի բացման դեպքում ճանապարհային ծախսը գրեթե ոչինչ է դառնում։ Իրար հետ ծրագրեր իրականացնելը դառնում է անհրաժեշտություն։ Միշտ կգտնվեն ապրանքներ, արտադրություններ եւ ծառայություններ, որոնք մի երկրում ավելի զարգացած են, մյուսում՝ ավելի քիչ, եւ դրանք պետք է լրացնեն միմյանց»,- նշել է բանախոսը։ 

Արսեն Ղազարյանը հատկապես կարեւորել է Վանի եւ Իգդիրի գործարարների մասնակցությունը համաժողովին։ Նրա խոսքով՝ բաց սահմանի պայմաններում այդ շրջաններից Երեւան կամ Գյումրի հասնելը շատ ավելի արագ եւ դյուրին կլիներ։

ՀԱԳՄ նախագահը թուրք գործարարներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել երկկողմ ձեւաչափով (B2B) հանդիպումներին, ուսումնասիրել փոխադարձ ներդրումային հնարավորություններն ու տեղական գործընկերներ գտնել։ 

«Դուք շատ ժամանակին եք եկել Հայաստան, որովհետեւ պետք է օգտվել առիթից, նոր հարաբերություններ ստեղծելու նախադեպ ձեւավորել, գործընկերներ ունենալ եւ շուկայում աշխատել»,- նշել է նա։ 

Սեպտեմբերի 3-ին Երեւանում մեկնարկել է Հայաստանի եւ Թուրքիայի գործարարների երկօրյա համաժողովը, որի նպատակն է մեկ հարթակում համախմբել երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկկողմ տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության ուղղություններ եւ ձեւաչափեր, խթանելու նոր գործարար կապերի ու գործընկերությունների ձեւավորումը։ 

Կողմերը քննարկել են նաեւ այնպիսի ոլորտներում գործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տրանսպորտը, արտադրությունը եւ էներգետիկան։

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ)՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։ Միջոցառումն իրականացվում է Եվրասիա հիմնադրամի, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) եւ Հրանտ Դինք հիմնադրամի համագործակցությամբ։ 

Համաժողովի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 4-ին, միջոցառումները կշարունակվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ LOGOS EXPO կենտրոնի կողմից  կազմակերպված Armenia Expo 2026-ի շրջանակում։ 
Դիտում՝ 182

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW