2014թ. օնլայն բանկային ծառայություններից օգտվել է ՀՀ բնակչության 2%-ը՝ 2013թ. 1.3%-ի համեմատ: Համապատասխան ցուցանիշները ներկայացվել են այսօր Երեւանում՝ Ամերիաբանկի նախաձեռնած «Հիմնավորվա՞ծ է արդյոք հեռահար բանկային ծառայությունների տարածումը Հայաստանում» թեմայով քննարկման շրջանակում: Ամերիաբանկի տնօրինության անդամ, մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում գործարկվել են բոլոր այն հեռահար կառավարման համակարգերը, որոնք առկա են աշխարհում:«Խոսքն ինտերնետ, մոբայլ բանկային ծառայություններին է վերաբերում: Ըստ էության, ամեն ինչ առկա է, հարցն այն է, թե որքանով են այդ ծառայությունները տարածված հաճախորդների շրջանում: Օրինակ, մարզերում այդ ծառայություններն ավելի քիչ են տարածված, ինչը կապված է բնակչության բարեկեցության հետ: Ստացվում է մի ամբողջ խավի համար այն դեռ անհասանալի ծառայություն է: Իսկ Երեւանում հեռահար բանկային ծառայությունները գնալով տարածվում են»,- նշել է նա: ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանն էլ նկատել է, որ հաճախորդների նոր սերունդը եւս կարող է ստիպել բանկին ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառել: «Այս մոդելը միայն նրա համար չէ, որ որքան հնարավոր է շատ հաճախորդներ հավաքագրվեն: Ֆինանսական ծառայությունների մեջ կան կոնկրետ նոր ուղղություններ, որոնք թույլ են տալիս այդ եղանակով շատ ավելի մեծացնել իրենց եկամուտը: Պետք է հասկանալ՝ արդյոք Հայաստանում եւ Հայաստանից դուրս հաճախորդները կուզենան օգտվել այդ ծառայություններից»,- ընդգծել է Վախթանգ Աբրահամյանը: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Միհրան Մուրադյանի համոզմամբ՝ բանկային գործունեության ապագան կապված է լինելու թվային տեխնոլոգիաների օգտագործման հետ: «Սինգապուրում, օրինակ, արդեն կան բանկային մասնաճյուղեր, որտեղ մարդկային ռեսուրս ընդհանրապես չի օգտագործվում՝ ամեն ինչ թվային է: Մեր բանկի ռազմավարական ուղղություններից մեկը թվային տեխնոլոգիաների ներդրումն է մեր հաճախորդների համար»,- նշել է նա: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հասարակ մարդու համար բավական բարդ է ինտերնետ բանկինգից օգտվելը՝ կապված, օրինակ, կայքերի ինտերֆեյսի հետ: «Սա ռիսկ է, որի պատճառն այն է, որ, ըստ իս, բանկերն օնլայն բանկինգին վերաբերում են լրիվ այլ ձեւով, քան պետք է: Որոշ դեպքերում բանկերը ծառայությանը չեն նայում հաճախորդի աչքերով: Հայաստանում օնլայն բանկինգից օգտվողների թիվը շատ փոքր է, հետեւաբար՝ չկա շուկա «հարձակվելու համար»: Մենք դեռ հետաքրքիր չենք լուրջ ցանցային հանցագործների համար: Սակայն շուկայի զորգացմանը զուգահեռ՝ հանցագործներն այստեղ կաճեն, եւ դա կլինի շատ ավելի շուտ, քան մենք պատկերացնում ենք: Հայաստանում բանկերի դեմ ֆիշինգային հարձակման երկու դեպք գիտեմ: Այդ հարձակումներից մեկը հենց Հայաստանից է իրականացվել»,- նշել է Սամվել Մարտիրոսյանը: «Յուքոմ» ընկերության ՏՏ տնօրեն Գուրգեն Ներսիսյանի խոսքով էլ՝ նման ծառայությունները Հայաստանում կզարգանան միայն այն դեպքում, եթե տեղական շուկան դիտարկվի լոկալ մեթոդներով եւ ոչ թե միջազգային փորձից ելնելով: ՎՕԼՕ ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը նկատել է, որ բանկերի հաճախորդը կարող է բնակվել ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: «Նա ականատես է, թե ինչ զարգացումներ են նկատվում աշխարհում եւ նույնը ցանկանում է տեսնել Հայաստանում: Լինելով կրեատիվ ազգ՝ կարծում եմ, մենք կարող ենք քայլ առաջ լինել եւ արդյունքում կիսել մեր փորձը ուրիշների հետ, այլ ոչ թե լոկալիզացվենք ներքին խնդիրներով»,- ասել է Արմեն Քոչարյանը: Tweet Դիտում՝ 6029