«Ազգային արժույթի փոխարժեքի հետ կապված առկա է բացահայտ սպեկուլյացիա եւ խուճապ»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ օգոստոսի 25-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ: Ինչպես հայտնում է «Գրուզիա-Օնլայնը», Վրաստանի վարչապետը կոչ է արել գործարարներին ու բնակիչներին լրատվամիջոցների ու փորձագետների կողմից ստեղծված խուճապին չմատնվել եւ հաշվի առնել միայն կառավարության եւ Ազգային բանկի տարածած տեղեկությունները: Իրակլի Ղարիբաշվիլին խնդրել է էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարներին պարզաբանումներ տալ լարիի փոխարժեքի փոփոխությունների հետ կապված, որից հետո ներկայացրել է սեփական եզրահանգումը: «Ես խոսել եմ գործընկերների հետ: Նաեւ գիտեմ, որ դուք շփումներ եք ունեցել բանկերի եւ Ազգային բանկի ներկայացուցիչների հետ: Կարելի է եզրակացնել, որ մենք ականատես ենք բացահայտ սպեկուլյացիայի ու իրարանցման: Դա հուզական-հոգեբանական գործոն է: Ուզում եմ կոչ անել բնակչությանը՝ չտրվել հուզական իրարանցմանը: Ինչպես նշել է Գեորգի Կվիրիկաշվիլին (փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար), մեծ հավանականություն կա, որ խուճապի մատնվելով, քաղաքացիներն ավելի շատ բան կկորցնեն, քան կշահեն: Կարեւորը հավասարակշռության պահպանումն է: Մեր տնտեսության կամ մակրոտնտեսության մեջ որեւ արտասովոր բան չի կատարվում: Ընդհակառակը՝ մենք հաղթահարել ենք այդ փուլը»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: Նրա խոսքով՝ երկրից դուրս է բերվել առնվազն $330 մլն, վերացվել է նաեւ արտահանման ու ներկրման միջեւ առկա անհամապատասխանությունը, եւ այս փուլում որեւէ հիմնարար խնդիր առկա չէ: Tweet Դիտում՝ 9482