«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ռուսական Forbes հանդեսին հարցազրույց է տվել: Ներկայացնում ենք հարցազրույցի առավել հետաքրքիր հատվածները: Ծնողների մասինՀայրս իր ամբողջ կյանքը նվիրել է երեխաների դաստիարակությանը: Նա մանկավարժ էր եւ դպրոցի տնօրենի պաշտոնում ավելի քան 50 տարի մաթեմատիկա է դասավանդել: Մայրս անգլերեն էր դասավանդում: Ինտելիգենտ ու շատ աշխատասեր ընտանիք էր, ես նրանցից շատ բան եմ սովորել: Ծնողներս ինձ համար հատուկ միջավայր էին ստեղծել, վաղ տարիքից սովորեցնում էին, որ կյանքում գլխավորը ազնիվ մարդ լինելն է եւ խոսքին տեր կանգնելը: Երեխաների մասինԵս երկու որդի ունեմ՝ 16 ու 22 տարեկան, եւ 22-ամյա դուստր: Կրտսեր որդիս ինստիտուտում է սովորում, իսկ ավագ որդիս զբաղվում է ընկերության կոմերցիոն անշարժ գույքի կառավարման հարցերով: Դուստրս կամաց-կամաց ներգրավվում է ընտանեկան բիզնեսում: Ինձ համար բնական էր, որ իմ երեխաները պետք է բիզնեսով զբաղվեին: Նրանք գիտեին դա, ու, ամենակարեւորը, ցանկանում էին դա անել: Այլ կերպ չէր էլ կարող լինել՝ նրանցից եւ ոչ մեկը նույնիսկ վերացականորեն չէր պատկերացնում իր ապագան որեւէ այլ վայրում: Նրանք ի սկզբանե հասկանում էին, թե ինչով պետք է զբաղվեն: Ես կասեի, որ շատ բաներ նրանց մոտ արդեն հաջողությամբ է ստացվում: Որդուս առաջին նախագիծը Միտիշչիում առեւտրի կենտրոնն էր (մոտ 200 հազ. քմ, $200 մլն ներդրում): Դա բացարձակապես իր նախագիծն է՝ սկսած նախագծման պահից ու տարածքի ձեռքբերումից մինչեւ օպերատիվ կառավարում: Հետագայում կտեսնենք, թե ինչպես նա ամեն ինչ կյանքի կկոչի: Դուստրս ղեկավարում է մեդիա բիզնեսը, ինչպես նաեւ զվարճանքների ոլորտի ուղղությունը: Նրա ղեկավարմամբ «Սինեմա սթար»-ը վերջին տարիներին դարձել է Ռուսաստանի կինովարձույթի ոլորտի առաջատար: Իսկ կինոթատրոններն իրենց հերթին բարձր հաճախելիություն են ապահովում մեր առեւտրի եւ զվարճանքի կենտրոններ: Կարծում եմ՝ ես նրանց ճիշտ եմ դաստիարակել. փոքրուց համապատասխան միջավայր է ստեղծվել: Երես չեմ տվել: Բացի այդ, գեների գործոնն էլ կա: Իմ երեխաները ամեն ինչով ինձ են նման: Ես երբեք չեմ սիրել գիշերային կյանքը, իսկ աշխատանքը, հակառակը, ինձ ոգեշնչել է: Ես նայում եմ իրենց հիմա, եւ նրանք էլ են այդպիսին: Ռուսաստանում հայկական սփյուռքի մասին Մենք օգնում ենք միմյանց եւ աջակցում անհրաժեշտության դեպքում, սակայն գլխավորը, երբեք չենք խանգարում: Ես հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ իմ ընտանիքով, երեխաներով եւ իմ ստեղծած բիզնեսով: Մենք փոքր, սակայն հպարտ եւ իմաստուն ազգ ենք: Երբեւէ որեւէ մեկի վրա չենք հարձակվել, այլ ընդհակառակը, միշտ փորձել ենք եւ փորձում ենք գոյատեւել՝ միաժամանակ պահպանելով սեփական յուրօրինակությունն ու եզակիությունը: Ժամանակները, իհարկե, փոխվել են, խոսքը հենց ֆիզիկական գոյատեւման մասին չէ, սակայն իրավիճակները տարբեր են լինում: Մեր համախմբվածությունը թույլ է տալիս շատ բան անել ինչպես բիզնեսում, այնպես էլ կյանքում: Ամեն ինչի հիմքում վստահությունն է, այդ պատճառով մեզ երբեւէ ոչ ոք չի խաբել, մենք՝ եւս: Ոչ մի դատ երբեք չի եղել: Այս տարիների ընթացքում գոյատեւած գործարարները հասկանում են, թե բիզնեսում որքան կարեւոր է խոսքը: Մյուսները պարզապես չէին գոյատեւի: Tweet Դիտում՝ 7614