Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում հեռարձակման թվայնացման գործընթացը մտել է ավարտական փուլ: Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր հայտնել է, որ ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման առումով ծրագիրն իրականացվել է 91%-ով, իսկ հեռարձակման ենթակառուցվածքների նախապատրաստման եւ համապատասխանեցման առոմով՝ 80%-ով: Նախարարությունում կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ նա ասել է, որ 2014թ. հունվարի 14-ից մեկնարկած աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի եւ կավարտվեն սահմանված ժամկետում՝ 2015թ. հուլիսի 10-ին:«Նախատեսված է գործող 64 հեռուստակայանների ամբողջական վերազինում, 150 նոր աշտարակների կառուցում: Բոլոր սարքավորումներն արդեն առաքվել են»,- ասել է նախարարը:Գագիկ Բեգլարյանի խոսքերով, արդեն մեկնարկել է թվային հեռարձակման մեկնարկային փուլը: Թվայնացումից հետո Երեւանում եւ մերձակա բնակավայրերում թվային 18, իսկ մարզերում՝ 9 հեռուստաալիք է հեռարձակվելու, իսկ բնակչության անապահով շերտերին ապակոդավորող սարքերի տրամադրման ծախսերը հոգալու է պետությունը: «Հայեցակարգով 150 հազար ապակոդավորող սարք է նախատեսված անվճար տրամադրել բնակչությանը, դա կկատարվի ըստ դիմումների, մեր նախատական հաշվարկներով, 100 հազարից պակաս դիմում է լինելու»,- ասել է նա:Թվային հեռարձակման անցնելուց հետո անալոգային հեռարձակումը մոտ 6 ամիս կիրականացվի զուգահեռաբար:Քննարկման ընթացքում տեղի է ունեցել փորձնական թվային ազդանշանի հեռարձակում, որը ներկայացնելիս ՏԿՆ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Գրիգոր Ամալյանը նկատել է, որ թվային հեռարձակման դեպքում հեռուստադիտողին ստուդիայից դուրս եկող ազդանշանն առանց որակական փոփոխությունների է հասնում:«Տեխնիկան հայերեն տառատեսակները չի հասկանում, մենք որոշ ժամանակ ստիպված կլինենք հաղորդումների անունները լատինատառ գրել: Հետագայում՝ հավանաբար օրենսդրական կարգավորման միջոցով, կլուծենք նաեւ այս հարցը, եւ Հայաստան կներկվեն միայն հայերեն տառերը կարդացող հեռուսատացույցեր»,- ասել է Գրիգոր Ամալյանը: Ծրագրի ամբողջական արժեքը 6 մլրդ 922 մլն դրամ է: Tweet Դիտում՝ 3132