Տարբեր ոլորտներում եւ աշխարհի տարբեր անկյուններում գործող նախագծերի կառավարման մասնագետներն այսօր անդամակցում են Նախագծերի կառավարման ինստիտուտ (Project Management Institute - PMI) հեղինակավոր կազմակերպությանը: Այդ կառույցի կողմից մշակված միջազգային ստանդարտները եւ մասնագետների հավատարմագրման համակարգն ու որակավորումներն ընդունված են նախագծերի կառավարման մասնագիտական հանրության կողմից եւ հանդիսանում են նախապայման նախագծերի կառավարչի պաշտոնին հավակնելու համար: 2013 թվականից սկսած Հայաստանում գործող մասնագետները, ինչպես նաեւ նախագծերի կառավարման ոլորտ մուտք գործել ցանկացողները հնարավորություն ունեն անցնելու նախապատրաստական դասընթացներ «Այ Էյ Բի Սենթր»-ում: Ներկայումս կենտրոնն առաջարկում է PMI-ի հետեւյալ երկու որակավորումներ՝ Project Management Professional – PMP (Նախագծի կառավարման մասնագետ) եւ Certified Associate in Project Management – CAPM (Նախագծի կառավարման թղթակից անդամ): Այսօր աշխարհով մեկ գործում են ավելի քան 470 000 արտոնագրված PMP եւ 17 000 CAPM մասնագետներ: Վերոնշյալ միջազգային որակավորումները ստանալու համար հայցորդը, նախ եւ առաջ, պետք է բավարարի կրթության հետ կապված որոշ պահանջներին, ունենա անհրաժեշտ փորձ նախագծերի կառավարման բնագավառում եւ հանձնի համապատասխան քննություն: Նշված գործընթացում հայաստանյան մասնագետների ներգրավվածությունը պարզելու նպատակով Banks.am-ը դիմել է «Այ Էյ Բի Սենթր» (IAB Centre) մասնագիտացված ուսումնական կենտրոնի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանին: «Այ Էյ Բի Սենթր»-ը, ի թիվս այլ մասնագիտական որակավորումների, առաջարկում է նաեւ Նախագծերի կառավարման ինստիտուտի PMP եւ CAPM որակավորումներին նախապատրաստող եռաստիճան ուսումնական ծրագիր: - Որո՞նք են ձեր կենտրոնի կողմից առաջարկվող նախագծերի կառավարման ուսումնական ծրագրի հիմնական ուղղությունները, մասնագիտական գիտելիքների ի՞նչ մակարդակ են դրանք ապահովում: - «Այ Էյ Բի Սենթր»-ը միակն էր Հայաստանում, որը մշակեց նախագծերի կառավարման եռաստիճան ուսումնական հատուկ ծրագիր, որի նպատակն է հայաստանյան աշխատաշուկայի՝ PMP/CAPM որակավորված մասնագետների համալրումը:Նախագծերի կառավարման եռաստիճան ուսումնական ծրագիրը բաղկացած է հետեւյալ հիմնական փուլերից՝ սկսնակ (Basic), խորացած (Advanced) եւ PMP/CAPM սերտիֆիկացմանը նախապատրաստող դասընթաց: Դասընթացների շրջանակներում մասնակիցները ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ թիմային եւ անհատական նախագծերի կառավարման վերաբերյալ, բացահայտում են հաջողված նախագծերի կառավարման կարեւորագույն գաղտնիքները, զարգացնում են մասնագիտական հմտություններ, որոնք հանգեցնում են աշխատանքի արտադրողականության ցուցանիշի բարձրացմանը: Այսպիսով, առաջարկվող ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կարողանում են պլանավորել, վերլուծել, իրականացնել, վերահսկել եւ, ի վերջո, ավարտին հասցնել տարաբնույթ հաջողված նախագծեր՝ ծախսելով հնարավորինս քիչ ժամանակ եւ միջոց: Նշեմ նաեւ, որ բոլոր փուլերի դասընթացներն ամբողջությամբ հիմնված են միջազգային ստանդարտների եւ Նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI) մեթոդաբանության հիման վրա:Կենտրոնի կողմից մշակվել է նախագծերի կառավարման ոլորտին վերաբերող գիտելիքների ստուգման հատուկ թեստ, որի նպատակն է հայցորդների ճիշտ ներգրավվումն եռաստիճան ուսումնական ծրագրի համապատասխան մակարդակում:Սկզբնական (Basic) մակարդակում ներգրավվելու համար անգլերենի իմացությունը պարտադիր նախապայման չէ, իսկ մնացած փուլերի մասով դասընթացներն ընթանում են անգլերենով: - Մանրամասնեք, խնդրում եմ, ի՞նչ նախապայմաններ են ներկայացվում հայցորդին PMP աստիճանը ստանալու համար՝ կրթության եւ մասնագիտական փորձի առումով: - Նախ տեղեկացնեմ, որ PMP որակավորումը նախատեսված է նախագծերի փորձառու կառավարիչների համար, ովքեր ղեկավարում են նախագծային թիմերի աշխատանքները: Քննությանը դիմելու համար հայցորդը պետք է ունենա բարձրագույն կրթություն՝ առնվազն բակալավրի աստիճան, եւ 36 ամիս (4500 ժամ) աշխատանքային փորձ նախագծերի կառավարման ոլորտում, ինչպես նաեւ ներկայացնի նախագծերի կառավարման 35 ժամ տեւողությամբ դասընթացի հավաստագիր: Այն դեպքում, երբ աշխատանքային փորձը չի բավարարում, հայցորդը կարող է ընտրել CAPM քննությունը: Նշեմ, որ այս որակավորումը նախատեսված է նախագծերի կառավարման թիմի նոր անդամների եւ նախագծերի սկսնակ կառավարիչների համար: Այլ կերպ ասած՝ CAPM քննությունը բոլոր նրանց համար է, ովքեր նոր են մուտք գործել նախագծերի կառավարման ոլորտ եւ նպատակ ունեն էլ ավելի զարգացնելու իրենց հմտությունները:CAPM քննությանը դիմելու համար հայցորդը պետք է ունենա ընդամենը միջնակարգ կրթություն եւ 1500 ժամ աշխատանքային փորձ նախագծային թիմում, կամ միջնակարգ կրթություն եւ ներկայացնի նախագծերի կառավարման 23 ժամ տեւողությամբ դասընթացի հավաստագիր: Ասեմ նաեւ, որ PMP կամ CAPM քննությանը գրանցվելու համար պահանջվող հավաստագրերը տրամադրվում են «Այ Էյ Բի Սենթր»-ի կողմից համապատասխան դասընթացն ավարտելուց անմիջապես հետո: - Ի՞նչ ընթացակարգ է գործում PMP եւ CAMP քննությունների համար:- Կենտրոնում նախապատրաստվելուց հետո ուսանողները կարող են հանձնել համակարգչային քննություն, որը Հայաստանում անցկացվում է PMI-ի կողմից լիազորված Prometric - Trusted Test Development and Delivery Provider հատուկ համակարգի միջոցով, որն ունի քննական կենտրոն նաեւ Երեւանում: Քննության ընդհանուր տեւողությունը 4 ժամ է, այն բաղկացած է 200 հարցից, որոնք ստուգում են տեսական գիտելիքները եւ իրավիճակային վերլուծությունը: Ինչպես եւ PMP քննության դեպքում, CAPM քննությունը կարելի է հանձնել տարվա ընթացքում ցանկացած օր՝ նախապես գրանցվելու դեպքում: Այն բաղկացած է 150 հարցից եւ տեւում է 3 ժամ: Մեր կենտրոնը տրամադրում է քննությունների ընթացակարգի վերաբերյալ ցանկացած անհրաժեշտ տեղեկատվություն: - Որքանո՞վ է կարեւորում PMP մասնագետների դերը ֆինանսական դաշտում եւ ինչպիսի՞ն է նման մասնագետների պահանջարկը հայաստանյան շուկայում: - Ֆինանսական ոլորտի ցանկացած կազմակերպություն նախաձեռնում եւ իրականացնում է բազմաբնույթ փոքր եւ խոշոր նախագծեր: Արտասահմանյան ֆինանսական կազմակերպություններն ունեն անգամ նախագծերի կառավարման հատուկ բաժիններ, որոնք պատասխանատու են կազմակերպության ծրագրերի արդյունավետ իրականացման համար:Ավելին, PMP/CAPM որակավորված մասնագետները պահանջված են ոչ միայն ֆինանսական, այլեւ արտադրական, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, պետական կառավարման, առողջապահական, ավտոարդյունաբերական, դեղագործական եւ տնտեսության այլ հատվածներում:Առանձին նախագծերի, նրանց համախմբող ծրագրերի արդյունավետ կառավարման համար ստեղծվում են անգամ հատուկ կառուցվածքային միավորներ, այսպես կոչված, Նախագծերի կառավարման գրասենյակներ (Project Management Office):«Այ Էյ Բի Սենթր»-ի առաջին PMP/CAPM սերտիֆիկացիոն ծրագրին մասնակցություն ունեցան վերը նշված գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող հայաստանյան առաջատար ընկերությունների նախագծերի կառավարման ղեկավարներ եւ մասնագետներ: Բնական է, որ յուրաքանչյուր գործատու կցանկանա համագործակցել որակավորված աշխատակցի հետ՝ դրանով իսկ ապահովելով բիզնեսի առաջխաղացումը: Նշեմ նաեւ, որ շատ դեպքերում միջազգային մրցույթներում մասնակցելու նախապայման է հանդիսանում անձնակազմում հենց PMP որակավորված մասնագետներ ունենալը: Սա արդեն իսկ վկայում է նրանց բարձր մասնագիտական մակարդակի, անհրաժեշտ հմտությունների եւ նախագծերի հաջող կառավարման ունակությունների մասին:Վստահորեն կարող եմ ասել, որ հայաստանյան աշխատաշուկայում արդեն իսկ ձեւավորվում է նախագծերի կառավարման մշակույթը, ինչը միայն դրական կանդրադառնա կազմակերպությունների արդյունավետության ցուցանիշների վրա:Առ այսօր Հայաստանում որակավորվել են ընդամենը 5 CAPM եւ 12 PMP մասնագետներ, ովքեր աշխատում են հայաստանյան առաջատար ընկերություններում եւ արտերկրում: Ավելի քան համոզված եմ, որ մեր կենտրոնի կողմից առաջարկվող եռաստիճան ծրագրի արդյունքում ոչ միայն կունենանք նախագծերի կառավարման հմուտ մասնագետներ, այլեւ PMP/CAPM որակավորված աշխատակիցներ: Արաքսյա Մարտիրոսյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը: Tweet Դիտում՝ 4654