Բելգիա-Հայաստան Առեւտրի պալատ. գլոբալ նպատակի իրագործման ուղիները

04.03.2014 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Բելգիա-Հայաստան Առեւտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի (Բրյուսել) եւ հայաստանյան ներկայացուցիչ Ֆելիքս Փայտյանի հարցազրույցը Banks.am-ին:

- Բելգիա-Հայաստան Առեւտրի պալատի գլխավոր նպատակներից է աջակցել բելգիական ընկերություններին Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում: Մինչ օրս ի՞նչ արդյունքներ են արձանագրվել այս ուղղությամբ:  

Վալերի Սաֆարյան. - Խոսքը միայն Հայաստանում բելգիական ընկերությունների ներդրումների մասին չէ: Հայկական ընկերությունները նույնպես հնարավորություն կստանան ներդրումներ կատարելու Բելգիայում: Նպատակը գլոբալ է՝ զարգացնել Բելգիա-Հայաստան առեւտրային կապերը, համոզել բելգիական ընկերություններին Հայաստանում մասնաճյուղ ստեղծել, որն էլ գործունեություն կծավալի ԱՊՀ երկրների ողջ տարածքում եւ կկառավարվի հայաստանյան մասնաճյուղի կողմից: Պարտադիր չէ այստեղ մեծ ներդրումներ անել, կարեւորը, որ Հայաստանը դիտարկեն որպես մի երկիր, որը կարող է նրանց կապել ԱՊՀ մյուս երկրների հետ:

Վերջերս գինիների եւ գարեջրի ապակյա տարաների խցաններ արտադրող բելգիական մի ընկերություն որոշեց Հայաստանում փոքր գործարան բացել, որը կաշխատի ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի շուկայի համար:

Մեկ այլ օրինակ՝ ջրային ռեսուրսների ոլորտում գործող բելգիական ինժեներական ընկերություններից մեկը Հայաստանում հայտարարված տենդերում հաղթող էր ճանաչվել: Ընկերության գործադիր տնօրենը Հայաստանում որոշ ժամանակ աշխատելուց հետո որոշում կայացրեց՝ ստեղծել տեղական ինժեներներից բաղկացած խումբ, որը կաշխատի այս ընկերության համար եւ Հայաստանից կկառավարի ընկերության գործունեությունը տարածաշրջանում: Սա նրանց առաջին նման փորձն էր ԱՊՀ երկրներում:

Բելգիայում հատկապես զարգացած են դեղագործությունը եւ տեխնոլոգիաներ, որոնք նաեւ Հայաստանի զարգացող հատվածներն են: Ի դեպ, նշեմ, որ երեք տարի առաջ բելգիական IBA ընկերությունն օնկոլոգիական տեխնոլոգիաներ վաճառեց հայկական կողմին, ինչի շնորհիվ Հայաստանում ստեղծվելու է օնկոլոգիայի տարածաշրջանային կենտրոն:

Այս տարիների ընթացքում բելգիական բիզնես հանրությունն ավելի շատ է տեղեկանում Հայաստանի մասին: Նախկինում Հայաստանի տնտեսության իմիջն ընդհանրապես բացակայում էր Բելգիայում:

-Ձեր կառույցի օգնությամբ Հայաստանում ներդրումներ կատարած բելգիական ընկերությունների թվաքանակի մասին տվյալներ կա՞ն:

Վալերի Սաֆարյան. – Այդ տվյալները կոնֆիդենցիալ են, սակայն ընդհանուր պատկերացում կազմելու համար պետք է ասել, որ Բելգիա-Հայաստան տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 200 մլն եվրո: Բայց դա միայն սկիզբն է: Այսօր ես Հայաստան եմ ժամանել Բրյուսելի օդանավակայաններից մեկի՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանին ուղղված պաշտոնական նամակ-հրավերով: Նրանք ցանկանում են համագործակցել, որի արդյունքում եվրոպական մի շարք ավիաուղիներ կսկսեն ուղիղ չվերթներ իրականացնել Բրյուսելի եւ Երեւանի միջեւ: Սա կարեւոր է, քանի որ ուղիղ չվերթների պարագայում ապրանքաշրջանառության ծավալները կմեծանան, կզարգանա նաեւ զբոսաշրջությունը:

Բելգիա-Հայաստան Առեւտրի պալատի պատվիրակություններն արդեն 6-7 անգամ եղել են Հայաստանում՝ յուրաքանչյուր անգամ գործարարների մի նոր խմբի հետ: Այս ընթացքում ավելի քան 120 բելգիացի գործարար է ժամանել Հայաստան, որոնց 60-65%-ն արդեն իսկ առեւտրային հարաբերություններ են ունեցել Հայաստանի հետ:

Սակայն երկու երկրների բիզնես համագործակցությունը չի նշանակում նպաստել միայն ուղիղ ներդրումների աճին: Բելգիական ընկերությունները գալիս են Հայաստան, ուսումնասիրում ու պատկերացում կազմում շուկայի մասին, հասկանում, թե որքանով է համագործակցությունը հնարավոր, ապա այստեղ գտնում են ներկայացուցիչ, ով կարող է վաճառել արտադրանքը տարածաշրջանում: Սա եւս ներդրման տեսակ է: Բելգիական տեխնոլոգիան ներկրվում է Հայաստան եւ այստեղ մի փոքր տրանսֆորմացիայի ենթարկվելուց հետո ներմուծվում է ԱՊՀ մյուս երկրներ:

Առաջիկա ամիսներին պատրաստվում ենք վերադառնալ բելգիացի բիզնեսմենների նոր խմբերի հետ, ինչպես որ արել ենք նախկինում:

Ֆելիքս Փայտյան. - Բելգիա-Հայաստան Առեւտրի պալատը պատրաստվում է ներկայացուցչություն բացել Երեւանում: Այդպես մենք կկարողանանք մշտապես լինել այն գործընկերների կողքին, որոնք արդեն իսկ ներդրումներ են կատարել Հայաստանում: Սա նոր մակարդակի կբարձրացնի Հայաստան-Բելգիա հարաբերությունները:

- Իսկ կա՞ն հայկական ընկերություններ, որոնք այս ընթացքում բելգիական շուկա մուտք գործելու հետաքրքրություն են ցուցաբերել:

Վալերի Սաֆարյան. - Հայաստանի եւ Բելգիայի միջեւ տնտեսական համագործակցության ամենախոշոր ոլորտներից է ադամանդագործությունը: Այս բնագավառի մի շարք հայկական ընկերություններ աշխատում են բելգիացի գործընկերների հետ: Հայաստանի եւ ԵՄ երկրների առեւտրային հարաբերություններում Բելգիան ադամանդների ներմուծմամբ երկար ժամանակ զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Այսօր ես այստեղ եմ բելգիական շինարարական ընկերության ներկայացուցչի հետ, ում անունը դեռեւս թող գաղտնիք մնա. նրանք շատ շուտով պաշտոնապես կհայտնեն իրենց մասին: Ասեմ միայն, որ կա հայկական խոշոր շինարարական ընկերության հետ համագործակցության եզրեր գտնելու ցանկություն, որի արդյունքում հայկական կողմը ներդրումներ կկատարի բելգիական անշարժ գույքի շուկայում: Ի դեպ, այդ շուկան բավական կայուն է, եւ եթե համեմատենք Փարիզի եւ Լոնդոնի հետ, ապա Բրյուսելում գները մոտ 50%-ով ցածր են: Բայց այս քաղաքն առաջիկա մի քանի տարիներին շատ արագ աճ է գրանցելու, իսկ անշարժ գույքի ճգնաժամ Բելգիայում չի սպասվում:

Համագործակցում ենք նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ եւ յուրաքանչյուր տարի Հայաստանից մի խումբ ուսանողների ընդունում Բելգիայում, որտեղ նրանք մասնագիտական որակավորում են ստանում: Ի դեպ, Հայաստանում մեր կառույցի ներկայացուցիչ Ֆելիքս Փայտյանը նրանցից մեկն է եղել:

Փելիքս Փայտյան. - 2009 թ-ից համագործակցում եմ Բելգիա-Հայաստան Առեւտրի պալատի հետ: Գործուղվեցի Բրյուսել եւ այնտեղ անցա ստաժավորում: Հետագայում սկսեցինք ավելի ինտենսիվ համագործակցել: Տարին մեկ անգամ ներդրողների խմբի հետ Երեւան են ժամանում կառույցի ներկայացուցիչները եւ այստեղ փնտրում գործընկերներ: Արդեն իսկ առկա են բազմաթիվ համագործակցության օրինակներ տնտեսական, սպորտային, քաղաքական եւ այլ ոլորտներում:

- Ըստ Ձեզ, միանալով Մաքսային Միությանը (ՄՄ)՝ Հայաստանը կշարունակի՞ հրապուրիչ մնալ եվրոպացի ներդրողների համար:  

Վալերի Սաֆարյան. - Իհարկե, որպես եվրոպացի բոլորս էինք զարմացած Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու անակնկալ որոշումից, քանի որ տարիներ շարունակ կարծել ենք, որ Հայաստանը պետք է նախաստորագրի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերը: Բայց նաեւ հասկանում ենք, թե ինչու է այս որոշումը կայացվել եւ ինչու է Հայաստանն այսօր մեծ ջանքեր գործադրում ՄՄ-ին միանալու համար:

Կարծում եմ, բիզնեսի տեսակետից Հայաստանը շատ ավելին կարող է տալ ՄՄ-ին, քան այլ երկրներին: Լինելով ՄՄ անդամ՝ նա հնարավորություն կստանա հրապուրել բելառուսական, ռուսական եւ ղազախական ավելի շատ ներդրողների: Որպես լիբերալ երկիր, Հայաստանը պետք է ազդի մյուսների վրա ավելի ազատ տնտեսություն ստեղծելու, տարբերությունները հարգելու եւ մենաշնորհների դեմ պայքարելու առումով: Չենք կարող ասել, որ ՄՄ-ի կազմի մեջ մտնող այս երկրները լավագույնն են ներդրումների առումով, բայց հուսանք, որ Հայաստանն ուժեղ դիրք կզբաղեցնի ՄՄ-ում:

Եթե Հայաստանը նախաստորագրեր Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, չեմ կարծում, որ բոլոր եվրոպական ներդրողները շտապ գալու էին այստեղ: Եվրոպայում ճգնաժամ է, ուստի, երբ այնպիսի ուժեղ գործընկեր, ինչպիսին Ռուսաստանն է, առաջարկում է քո տնտեսության մեջ միլիոնավոր դոլարներ ներդնել, հասկանում ես Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու ցանկությունը: Եվրոպան կարճաժամկետ կտրվածքում նման բան չէր կարողանալու առաջարկել Հայաստանին:

Միաժամանակ, լիահույս եմ, որ կարճ ժամանակահատվածում Հայաստանը եւ ԵՄ-ն կգտնեն համագործակցության նոր ձեւ: Հույս ունենք, որ Ռուսաստանը եւս կհասկանա, որ այլ ելք չունի, քան թույլ տալ Հայաստանին աշխատել նաեւ ԵՄ-ի հետ:

-Պարոն Սաֆարյան, Դուք նախկինում նշել եք, որ հավատում եք, թե Հայաստանը կարող է Ադրբեջանի ու Վրաստանի հետ ստեղծել տնտեսական միություն: Ինչո՞վ է պայմանավորված նման լավատեսությունն աշխարհաքաղաքական եւ տնտեսական առկա իրողությունների համատեքստում:
 
Վալերի Սաֆարյան. - Հետազոտական թեզիս թեման էր «Հարավային Կովկասի առեւտրային միություն. Խաղաղության լուծմանը միտված ուտոպիա»: Այսօր ոչ ոք սա իրատեսական չի համարում, քանի որ Հարավային Կովկասի երեք երկրներում էլ մարդիկ անցյալում տեղի ունեցածով են ապրում եւ չեն մտածում, թե ինչ կարող է կատարվել ապագայում:

Երեք երկրների կառավարությունները պետք է հասկանան, թե ինչի կարող են հասնել համախմբված լինելու պարագայում: Այս առեւտրային միությունը կարող է դառնալ նույնքան հաջողակ, որքան դարձել է Բենելյուքսի տնտեսական միությունը, որի կազմում են Բելգիան, Նիդեռլանդները եւ Լյուքսեմբուրգը: Ի դեպ, սա առաջին տնտեսական միությունն էր եւ ԵՄ-ի հիմքը:

Եթե այս երեք երկրները ստեղծեն նմանատիպ միություն, Հայաստանը Ադրբեջան կարտահանի էլեկտրաէներգիա, իսկ այնտեղից կներկրի գազ եւ նավթ: Այս երկրների միջեւ դեռ գոյություն ունի երկաթուղի, որի աշխատանքը դադարեցվել է 1990 ականներին: Այնպես որ, խոշոր ներդրումներ հարկավոր չեն հարաբերություններ ձեւավորելու համար: Եվրոպան եւ մյուս կարեւոր խաղացողներն այսօր այս մոդելի իրականացման համար գործիքներ չեն տրամադրում, ինչն իրականում պետք է լիներ թե ԵՄ-ի, թե Ռուսաստանի հիմնական նպատակը:

- Մոտակա ի՞նչ ծրագրեր ունեք:

Վալերի Սաֆարյան. - Այժմ սերտ համագործակցում ենք Բելգիայում Հայաստանի դեսպանատան հետ՝ փորձելով կազմակերպել Բելգիայի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան, ով նախորդ տարի ժամանել էր Վրաստան: Եթե հաջողվի, սա մեծ իրադարձություն կլինի, քանի որ, երբ նախարարը պաշտոնական այցով ժամանում է որեւէ երկիր, պատվիրակության կազմում նրան են ուղեկցում բազմաթիվ գործարարներ, մեծ ընկերությունների ներկայացուցիչներ:

Ֆելիքս Փայտյան. - Բելգիայի արտգործնախարարը ներկա էր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանի՝ Բելգիայի Լիեժ քաղաքում հունվարի 11-ին կայացած ընտրական մենամարտին: Մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ շատ կցանկանար այցելել Հայաստան: Եվ եթե մենք Հայաստանում կազմակերպենք IBF վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտը, նա այդ առիթով կժամանի Հայաստան: Այժմ եկել ենք հանդիպելու Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ, որպեսզի ստանանք աջակցություն՝ Երեւանում կազմակերպելու այդ մենամարտը:

Վալերի Սաֆարյանի եւ Ֆելիքս Փայտյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Դիտում՝ 10285
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai