Բազարային տնտեսություն. փողոցային առեւտրից մինչեւ սուպերմարկետ

19.02.2014 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Վերջերս Մարքեթինգի հայկական ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Փողոցային առեւտուր, թե սուպերմարկետ» վերնագրով գիտական հետազոտության ներկայացումը, որի հեղինակը Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հայցորդ Խորեն Գրիգորյանն է:

Ելնելով թեմայի արդիականությունից` Banks.am-ը հետազոտության մանրամասների եւ արդյունքների մասին զրուցել է հեղինակի հետ:

- Ձեր հետազոտության առանցքային հասկացություններից մեկը «բազարային տնտեսությամբ պետություններն» են: Ասացեք, խնդրեմ,  ի՞նչ պետք է հասկանալ բազարային տնտեսություն ասելիս:   

- Նախ ասեմ, որ բազարային տնտեսության մասին առաջին անգամ բարձրաձայնել է ամերիկացի սոցիոլոգ եւ մարդաբան (անտրոպոլոգ) Կլիֆորդ Գիրցը` անդրադառնալով արեւելյան երկրների շուկաներին: Ըստ նրա բնորոշման` այս տնտեսություններում պետք է առաջնորդվել ոչ այնքան տնտեսագիտական, որքան սոցիալ-մարդաբանական օրենքներով: «Բազարային» տնտեսություններում առեւտրա-տնտեսական գործընթացները մեծապես ուղղորդվում են անհատներով, համայնքներով, պայմանավորվածություններով եւ ավանդույթներով: Բազարներ կարելի է անվանել ոչ միայն այն բոլոր շուկաները, որոնք այդ «տիտղոսի» կրողն են, այլեւ բոլոր այն վաճառատեղիները, որոնք գտնվում են մշակութային նույն հարթության վրա, լինեն դրանք բրենդային խանութներ, թե բացօթյա շուկաներ:

- Արդյո՞ք  Հայաստանի տնտեսությունը կարելի է որակել որպես «բազարային» :

- Հայաստանը բազարային տնտեսություն ունեցող երկիր որակելու համար պետք է պատմական ակնարկ անել: Քանի որ դարերի ընթացքում Հայաստանը գտնվել է մեկ պարսկական, մեկ թուրքական տիրապետության տակ, մի շարք մշակութային, տնտեսական եւ սոցիալական առանձնահատկություններով մենք առավել մոտ ենք արեւելյան ժողովուրդներին:

Խորհրդային միության փլուզումից հետո ՀՀ տնտեսության կարեւոր բնութագրիչներից մեկը դարձավ հասարակության առեւտրականացումը: Ելնելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից, որոնք բնորոշ են հեղափոխություն կամ պատերազմ ապրած հասարակությանը` տեղի ունեցան մի շարք փոփոխություններ, այդ թվում` որոշ տնտեսական գործառույթների պրիմիտիվացում: Ու եթե Երեւանում այս ընդհանուր փոփոխությունները միանգամից նկատելի չէին, ապա մարզային քաղաքներում առաջին իսկ օրվանից աշխատանքի շուկայի բացակայության պայմաններում առեւտուրը վերածվեց «ապրելու միակ միջոցի»:

Պետք է նշել, որ առեւտրականացման պրոցեսը բնորոշ էր բոլոր հետխորհրդային պետություններին, սակայն եթե մնացյալ երկրներում այն տեւեց որոշակի ժամանակ ու հասարակությունը նորից վերադարձավ իր նախկին գործառույթներին, ապա հետխորհրդային Հայաստանում այս գործընթացները շարունակվում են մինչ այսօր:

- Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի գնագոյացումը այսպես կոչված «բազարներում»:

- Բազարներում որպես գնագոյացման հիմնական ցուցիչ համայնքային ու ավանդական նորմերն են, եւ ոչ մրցակցությունը կամ տնտեսական շահը: Այսպես. եթե x ապրանքի ներկրողը կամ վաճառողը ցանկանում է տվյալ ապրանքը վաճառել 150 դրամով, նա կպայմանավորվի իր կողքին կանգնած վաճառողի հետ ու նրանք կսահմանեն միասնական գին` 150 դրամ: Այս պարագայում հաշվի չի առնվում, որ միգուցե 100 կամ 135 դրամ գինը ավելի շահութաբեր կլինի կամ կստեղծի մրցակցային դաշտ, ինչն էլ տնտեսական զարգացման հիմքն է: Կարեւորը համայնքային պատկերացումներն են, իրարից չնեղանալը, «մի կետի վրա կանգնելը»:

- Երեւանում վերջին մի քանի տարիների ընթացքում աճում է թե սուպերմարկետների թիվը, թե դրանցից կատարվող գնումների ծավալը: Արդյո՞ք  սուպերմարկետը պետք է դիտարկել որպես փողոցային առեւտրի պարզապես էվոլյուցիոն դրսեւորում, թե՞ սա կարող ենք բնորոշել որպես «սուպերմարկետիզացիա»:

- Սուպերմարկետների թվով, դրանցից կատարվող գնումների ծավալով կամ ապրանքների տեսականիով չի պայմանավորված փողոցային առեւտուրը, այլ այն մշակույթով, որը բնութագրական է այդ գեղեցիկ խանութների սեփականատերերին եւ անձնակազմին: Արտաքին տեսքի եւ ինտերիերի փոփոխությունը փողոցային առեւտրի նորմերը մեծ հաշվով չեն փոխել, քանի որ չի փոխվում սուպերմարկետի աշխատողը, դասընթացներ կամ կուրսեր չի անցնում հաճախորդի հետ շփման եւ այլ հարցերում: Այսինքն` տեսականորեն նա նույն բազարային հասարակությունը ներկայացնող համայնքից է, պարզապես նրա բազարի անունը սուպերմարկետ է: Սա նշանակում է, որ մշակութային առումով մեզանում մեծամասամբ պահպանվել է «Գեղամի խանութների» մոդելը:

Կարծում եմ` մեր երկրում իրական «սուպերմարկետիզացիա» անհնար է ակնկալել: Բնական է` որոշակի զարգացումներ տեղի են ունենում, որոնք առավելապես պայմանավորված են արտաքին գործոններով եւ նորամուծություններով, սակայն ներսում մեզ այդքան քաջածանոթ սուպերմարկետները նույն 19-րդ դարի ավանդական Հավլաբարի եւ Ղանթարի բազարներն են՝ համայնքային մտածողությամբ, կարծրատիպերով եւ վախերով:

Խորեն Գրիգորյանի հետ զրուցել է Շուշան Մարգարյանը:

Դիտում՝ 4007
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai